Ի տարբերություն Հայաստանի` Մերձավանում ամեն ինչ «հրաշալի» է

22/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ապրում է 950 տնտեսություն՝ մոտ 3500 բնակչով: Մերձավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանը վստահեցնում է, որ համայնքում գործազրկության խնդիր չկա, քանի որ, բացի այն, որ զարգացած է խաղողագործությունը` գործում են նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Խաղողագործության» եւ «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության» ինստիտուտները, մակարոնի արտադրամաս, քարի հանքեր, ինչպես նաեւ՝ կրթական հաստատություններ: Մերձավանում 67 ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ եւ համարվում է սոցիալապես անապահով: Որքան էլ զարմանալի է, բայց Լ. Գրիգորյանը հավատացնում է, որ գյուղից արտագաղթ չկա: «Սեզոնային աշխատանքի մեկնողներ կան, այսինքն` խոպանչիներ, բայց ընտանիքներով դրսում մշտական բնակություն հաստատելու դեպքեր մեզ մոտ շատ քիչ են գրանցվում»,- ասում է նա: Մեր թերթի էջերում պարբերաբար ներկայացնում ենք Մերձավանի անապահով ընտանիքներին, որոնցից շատերն իրենց ծանր կենսապայմանները կապում են գործազրկության հետ: «Մերձավան համայնքում աշխատատեղերի խնդիր չկա, պարզապես մարդիկ կան, ովքեր աշխատելու ցանկություն չունեն: Խաղողի դաշտեր կան, որտեղ 35-40 հոգի մեր գյուղից աշխատում են: Այգիներ ունենք, կարի արտադրամաս, դպրոցը, մանկապարտեզը, գրադարանը, Մշակույթի տունը, խանութներ եւ այլն: Այսինքն` աշխատող մարդիկ գտնում են աշխատանք, եւ ես չեմ կիսում այն կարծիքը, որ մարդիկ դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից»,- նշում է համայնքի ղեկավարը` նաեւ հերքելով գյուղացիների այն տեղեկությունն, ըստ որի` Մերձավանում գտնվող գիտահետազոտական ինստիտուտը վաճառվել է նույն գյուղի բնակիչ մի մեծահարուստի: Ըստ գյուղացիների` մասնավոր անձը նախկին ինստիտուտի տարածքը մաս-մաս վաճառում եւ բնակելի տարածքի է վերածում: Այլ կերպ ասած` վագոն-տնակներում ապրող մարդիկ դժգոհում են, որ ինստիտուտի նախկին շենքը վաճառելու փոխարեն գյուղապետարանն այն չի տրամադերլ անօթեւաններին: «Մեր գյուղում երկու ինստիտուտ կա, որոնք գործող են եւ պատկանում են Գյուղնախարարությանը: Սխալ տեղեկություն է»,- ասաց նա: Ի դեպ, Լ. Գրիգորյանը կարծում է, որ աղքատության մեջ հայտնվում են հիմնականում այն ընտանիքները, որոնք կազմակերպված չեն. «Որովհետեւ էն մարդիկ, ովքեր ձեզ դիմել են` ես շատ եմ օգնել իրենց ու օգնում եմ ինչով կարողանում եմ: Որեւէ հարցով եթե դիմում են` հնարավորության սահմաններում փորձում եմ ինչ-որ բան անել: Վագոն-տնակներում ապրող ընտանիքներ կան, որոնք տուն ունեցել են, բայց վաճառել են ու հայտնվել այդ վիճակում: Մի ընտանիք կա, որը ձեզ դիմել է, բայց նրանք տուն են ունեցել` վաճառել են, հետո հող ենք տվել, նորից վաճառել են: Եթե իրենք սովոր են էդ պայմաններում ապրել` ո՞վ է մեղավոր: Մի տեսակ կա, որը միշտ դժգոհում, բողոքում է: Ասել էին, որ դպրոցում խողովակաշար չկա, բայց դուք գնացեք, տեսեք՝ կա՞, թե՞ չէ: Ինչքան էլ անում ես` միեւնույն է` դժգոհ են»: Մենք այցելեցինք դպրոց եւ համոզվեցինք, որ խմելու ջրի խողովակաշար կա, սակայն, թե ինչո՞ւ է դպրոցում դույլ գնելու համար գումար հավաքվել, եւ ինչո՞ւ են երեխաները հարակից ծորակից ջուր կրել` այդպես էլ մնաց անհասկանալի: Գյուղապետ Լ. Գրիգորյանն ասում է, որ Մերձավանի դպրոցում դրամահավաք չի կատարվում: Մենք մեջբերեցինք 1-ին դասարանում սովորող աշակերտի մայր Գայանե Հովհաննիսյանի տրամադրած տեղեկությունն, ըստ որի՝ դասարանի վարագույրի, դույլի, թղթապանակի, «ավել-սավոկի» համար ընդհանուր առմամբ 3000 դրամ է պահանջվել: «Դա դրամահավաքություն չի: Ծնողկոմիտեն որոշել է եւ դասարանի համար վարագույր է գնել, բայց ավել-սավոկը բացառվում է, դպրոցն ունի այդ տնտեսական պարագաները»,- նշեց գյուղապետը: Ի դեպ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` հանրակրթական դպրոցներում դրամահավաքն արգելող խիստ հայտարարություններից հետո այդ երեւույթը ոչ թե կանխվել է, այլ ընդամենը փոխվել է դրամահավաքի մեխանիզմը: Եթե նախկինում դրամահավաքի կազմակերպիչները ուսուցիչներն էին, ապա այսօր` ծնողկոմիտեն: 3 անձից բաղկացած ծնողկոմիտեն որոշում է կայացնում, որ ենթադրենք` 23 աշակերտից բաղկացած դասարանում պետք է յուրաքանչյուրը 3000 դրամ վճարի: Բնականաբար, չքավոր ընտանիքները ենթարկվում են ծնողկոմիտեի որոշմանը` փորձելով իրենց երեխաներին հոգեբանական վատ վիճակի մեջ չգցել: Այսինքն` դրամահավաքը շարունակվում է, պարզապես կազմակերպիչներն են փոխվել:

Հ.Գ. Լյովա Գրիգորյանը գյուղապետի պաշտոնում է 1996թ.-ից: Այս ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Մերձավանում եղել է ընդամենը մեկ թեկնածու` Լյովա Գրիգորյանը, ով շատ կուզենար մրցակից ունենալ, բայց այդպես էլ չի ունենում: