2012 թվականին Երեւանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսինքն` մենք աշխարհին կներկայանանք որպես գրքասեր, գիրք արտադրող, կարդացող ու արժեւորող քաղաքացիներ: Կբացենք մեր սրտի, մտքի ու գրպանի դռները գրքի առջեւ ու հպարտությամբ կշեշտենք, որ արժանի ենք ամբողջ տարի այդ իրապես նշանակալի տիտղոսը կրել: Այդ տիտղոսի ընդունմանն ընդառաջ մեր կառավարությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում, որտեղ խոսվում է ընթերցասեր հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին: Կարելի է ասել, որ գիրքը մեր իմիջը, նույնիսկ` ազգային արժեքի կարգավիճակ ունեցող արտադրանք դառնալու շանս է ձեռք բերում: Ինչպես` կոնյակը, որի գովազդը, ինչպես հայտնի է` չի արգելվում օրենքով: Եվ կարծես թե լավ ժամանակ է գիրքը «բրենդ» դարձնելու, գովազդելու ու շրջանառության մեջ դնելու համար` որպես ազգային հպարտության աղբյուրներից մեկը: Այսինքն` որոշակի արտոնություններ տալ գիրք արտադրող ձեռնարկություններին: Ինչպես հայտնի է, մեզանում գիրք տպագրելը շահավետ գործ չէ, քանի որ տպագրական ծախսերին գումարվում են հարկերը, ինչն էլ` հաշվի առնելով փոքր տպաքանակները, մեծացնում է գրքի ինքնարժեքը եւ շատ դեպքերում դիտարկվում է՝ որպես պարզապես բարեգործություն, այլ ոչ թե` բիզնեսի ճյուղ: Ընդ որում` դա այն բիզնեսի ճյուղերից է, որը կարող է մեծապես լրացնել պետբյուջեն, եթե որոշ ժամանակով «բեռնաթափվի» հարկերի բեռից ու ինքն իր համար սպառման շուկաներ որոնի:
Մեր հանրապետությունում ավելացված արժեքի հարկից ազատված են մանկական գրքերը (եւ հենց դրանք են գերիշխում մեր գրքի շուկայում), ուսումնական, օժանդակ ու գիտական ձեռնարկները, որոնք իրենց սպառողին (դպրոցականներին, ուսանողներին ու գիտական աշխատողներին) գտնում են, քանի որ պարտադիր են: Իսկ գեղարվեստական գրականությունը գտնվում է ընդհատակում (նաեւ` ինտերնետում, որը նույնպես ընդհատակյա ձեւաչափ է), քանի որ տպագրական ծախսերն անհնարին են դարձնում ֆինանսական ռիսկի գնալ եւ վեպեր, նովելներ ու պոեմներ տպագրել: Գեղարվեստական գրականության շուկան լիարժեք ուսումնասիրված ու հագեցած չէ ապրանքով ճիշտ այնպես, ինչպես թերեւս` ցանկացած այլ ոլորտ, որն առնչվում է հանրային շահերի հետ: Օրինակ, հեռուստատեսությունը, քաղաքային ճարտարապետությունը, դպրոցը:
Սակայն մենք միշտ էլ գրքի հանդեպ առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերել` պատեհ ու անպատեհ հիշատակելով (որպեսզի հանկարծ չմոռանանք), որ մենք դարավոր լեզու, վիթխարի մշակույթ ու հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ ենք: Եվ արդեն երկար ժամանակ է՝ մենք գիրք չենք տպագրում, իսկ տպագրվածն էլ պետպատվերի շրջանակներում է ու թույլ չի տալիս համայնական պատկեր ստեղծել մեր այսօրվա տեսակի, մտքերի ու սպասելիքների մասին: Անհնարին է դարձնում ընկալել մեր լեզուն՝ որպես «կենդանի» գործիք, որը կիրառելով՝ կարելի է մարդկանց դրդել մտածելու, երեւակայությունը խթանել ու վերջիվերջո` գիրքը անհրաժեշտություն դարձնել (ինչպես, ասենք, պանիր կամ կոշիկ գնելը):
Հայաստանցի հրատարակիչներն, արդեն տեւական ժամանակ է, փորձում են ուշադրություն դարձնել տպագրման խնդիրներին: Անցյալ տարի, օրինակ «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ներկայացրել են իրենց մտահոգությունները գրքի տպագրման խնդիրների վերաբերյալ ու առաջարկել են որոշ ժամանակով տպագրությունն ազատել ավելացված արժեքի հարկից ու ազատ մրցակցային դաշտ ստեղծել: Վարչապետը խոստացել է հայ հրատարակիչների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծել ու հրահանգել է ՀՀ Ֆինանսների նախարարությանն, ուսումնասիրել հնարավոր տարբերակները` գրքի ինքնարժեքն իջեցնելու եւ հետեւաբար` հանրության սպասելիքներն արդարացնելու համար: Փետրվարի 2-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր եզրակացությունն է արել` «Հրատարակիչների ազգային ասոցիացիային» պատասխանելով, որ հնարավոր չէ գրքի ստեղծման ճանապարհը (թղթի ներմուծումը, տպագրական աշխատանքների իրականացումն ու հրատարակվող գրքերի իրացումը) ազատել արժեքի ավելացված հարկից: Որպես հիմնավորում` Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշում է, որ եթե խոսքը գեղարվեստական գրականության իրացման մասին է (դա այդպես է, քանի որ մանկական ու գիտական գրականությունն արտոնյալ վիճակում են), ապա «դա կնշանակի, որ նմանատիպ արտոնություն պետք է կիրառվի նաեւ այն ապրանքների նկատմամբ, որոնք նույնպես տեղեկատվություն են փոխանցում սպառողներին (օրինակ` գեղարվեստական ֆիլմերը եւ այլն), ինչը, կարծում ենք, նպատակահարմար չէ»: Ստացվում է, որ տեղեկատվություն տարածելը նպատակահարմար չէ հանրության համար: Եվ մեր կառավարությունը հենց մեր մասին է հոգ տանում:
«Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» նախագահ Մկրտիչ Կարապետյանը` խոսելով մերժում-նամակի մասին, նշում է, որ իրենք կրկին նամակ են գրելու ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին` խնդիրն ավելի մանրամասն ներկայացնելու համար: «Կարծում եմ, կառավարությունում լավ չեն հասկացել իրավիճակը: Աշխարհում շատ են այն երկրները, որոնք գիրքն ազատել են ավելացված արժեքի հարկից, կամ էլ` այն հասցրել են չնչին տոկոսի: 50-ից ավելի պետություններ այդ ճանապարհով են գնացել: Եվ, վերջիվերջո, եթե այդ հարկը կա, ապա այն պիտի ողջ հրատարակչական դաշտում գործի»,- ասում է նա` ավելացնելով, որ այդ խնդիրը պետք է լուծվի ՀՀ մշակույթի նախարարության հետ, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ 2012 թվականին դառնալ գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Գիրքը վտանգավոր զենք է
ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր նամակում հիշատակում է այն պետությունները, որոնք նախատիպ են դարձել գրքի ստեղծման եւ իրացման պրոցեսին արտոնություններ չտրամադրելու համար: Որպես աղբյուր՝ օգտագործվել է (ուշադրություն դարձրեք այս ցանկին) Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ու Բելառուսի փորձը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ ստացվում է, որ մեր հայրենի կառավարությունը մեզ տեսնում է բռնապետական երկրների շարքում: Այդ երկրներում քողարկված (իսկ որոշ դեպքերում` ակնհայտորեն) գործում են ֆաշիստական ռեժիմներ: Իսկ թե ինչպե՞ս է ֆաշիստական ռեժիմը վերաբերվում գրքին, բոլորին է հայտնի: Գրքերն այրում են, արգելում են, կամ էլ պարզապես` չեն տպագրում: Գիրքը զենքի ուժ է ձեռք բերում: Նախարարության պատասխանի մեջ ասվում է, որ Թուրքմենստանում ու Ադրբեջանում «գրքերի արտադրության ու տպագրական գործունեության համար ավելացված արժեքի հարկի գծով նախատեսված արտոնություններ չկան»: Եվ ի՞նչ: Արդյոք այլ երկրներ չկա՞ն, որոնց փորձի վրա կարելի է հիմնվել: Տպավորություն է ստեղծվում, որ մեր պաշտոնական այրերը պատասխանը հիմնավորելու համար շատ լուրջ որոնողական գործ են կատարել: Դժվար է մեր իրականության մեջ գտնել որեւէ այլ երկիր (բացի հիշատակվածներից), որը գրքի տպագրումը համարի ոչ նպատակահարմար գործունեություն: Բուրկինա Ֆասոյում ու Չադում գրքեր նույնպես քիչ են տպագրվում, բայց այդ երկրներն, ի տարբերություն մեզ` դարավոր մշակույթ ունեցող պետություններ համարվելու ու գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու հավակնություններ չունեն: Իսկ մենք ունենք:
Հասկանալի է, որ մեր պետությունը պարտավոր է «առաջնորդվել արտոնությունների առավելագույն կրճատմամբ, առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին ձեռնարկությունների համար, որեւէ բնույթի հարկային արտոնությունների բացառմամբ», սակայն իրականում գրքի արտադրանքի սահմանափակումը ոչ մի կերպ չի բխում պետական շահերից՝ թեկուզեւ միայն այն պատճառով, որ զրոյական վիճակում գտնվող արտադրությունը չի հարստացնի բյուջեն նույնիսկ այն դեպքում, երբ զրոյին 20% ավելացնես: Զրոն զրո էլ կմնա: Եվ բարոյա-հոգեբանական մթնոլորտի վրա ազդելուց բացի, ոչինչ մեզ չի տա: Բոլոր ֆաշիստական պետություններն ամրապնդվում են հենց այդ ճանապարհով, քանի որ ամեն ինչ անում են խավարամիտ հասարակություն ունենալու համար` շատ լավ հասկանալով, որ գիրքը լուսավորչական դեր ունի:
«Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» անդամ, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշատակում է մի ուշագրավ փաստ. անցյալ տարի Աբու Դաբիում տեղի է ունեցել արաբական գրականության ստուգատես-տոնավաճառ, որտեղ, ըստ գրքերի տպագրման ու վաճառքի վիճակագրության` պարզ է դարձել, որ ամենաառաջադեմը Եգիպտոսն ու Թունիսն են: «Հենց այդ պետություններն են միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել գրականության մեջ: Թունիսցիներն ու եգիպտացիներն ուղղակի ապշեցրին բոլորին իրենց արդյունքներով»: Միգուցե հենց գրքի հանդեպ ստեղծված ուշադրությունն էլ դրդեց մարդկանց պետությունից վերափոխումներ պահանջել: Ու պատրաստ լինել հեղափոխությանը: Բնական է, որ հարցեր են ծնվում միայն այս մարդկանց ոգում, որոնք իրենց էությամբ գրագետ ու ինֆորմացված են: Երբ հարց կա, անպայման պատասխաններ են որոնվում: Իսկ երբ հարց չկա, կյանքի ընթացքն անբեկանելի է թվում: Եվ նշանակություն չունի, թե կյանքն ինչպես ես ընկալում (դրա՞խտ, թե՞ բանտ), կարեւորն այն է, որ դու քո կյանքի արտացոլումը գտնում ես գրականության մեջ` արժեւորելով եւ՛ բառը, եւ՛ այդ բառն ասող հեղինակին: Այլ ոչ թե հիմնվում ես բռնապետական ռեժիմների փորձի վրա: Օրինակ՝ Ադրբեջանի:
Հ.Գ. Ի դեպ` վերջերս շատ է հիշատակվում էստրադային երգեր գրող կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանի անունը, ով ասուլիսներից մեկում հանդգնություն է ունեցել ասել, որ արեւելյան (այդ թվում նաեւ` ադրբեջանական) երաժշտության ելեւէջները սիրված են հայերի կողմից: Դրանից հետո այդ իրապես շնորհալի երիտասարդ կոմպոզիտորը «պերսոնա նոն գրատա» դարձավ հեռուստաեթերում ու պարսավանքի արժանացավ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Հաշվի առեք, որ Վ.Պետրոսյանն օգտագործել է «սիրել» բայը, իսկ սերն, ինչպես հայտնի է, օրենքի ուժ չունի: Իսկ ՀՀ Ֆինանսների նախարարությունը չի ասել, որ սիրում է ադրբեջանական օրենքները, այլ պարզապես դրանք հիմք է ընդունել: Փաստորեն, այդ հարեւան երկիրը մեր կառավարության համար անհերքելի հեղինակություն է (Թուրքմենստանի ու Ղազախստանի նման): Այս պահին այլ հեղինակություններ մենք չենք ճանաչում: