Հաշիվները բացում են

22/02/2011

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ նրա շրջապատը շվեյցարական բանկերում տասնյակ-միլիոնավոր դոլարներ ունեն: Այդ մասին երեկ հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Շտեֆան ֆոն Բելոուն: Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե պարզվի, որ այդ հաշիվներում եղած գումարները հանցագործ ճանապարհով են ձեռք բերվել, ապա դրանց ճակատագիրը կորոշեն «իրավասու դատական մարմինները»: Նշենք, որ նախկին եգիպտացի պաշտոնյաների եւ Մուբարաքի ազգականների հաշիվների մասին տեղեկությունը Շվեյցարիայի ԱԳՆ փոխանցել են այն բանկերը, որոնք նման դեպքերում լիազորված են որոշել այս կամ այն հաշվին եղած գումարների պատկանելությունը: Հիշեցնենք` փետրավարի 13-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիան մտադիր է սառեցնել իր երկրի բանկերում Մուբարաքի ունեցած բոլոր հաշիվները: Իսկ փետրվարի 15-ին Եգիպտոսը դիմել էր ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Եվրամիությանը` խնդրելով սառեցնել Մուբարաքի վարչակազմի նախկին պաշտոնյաների հաշիվները: