1000-ամյակին ընդառաջ

22/02/2011

Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել է «1915թ. իրադարձությունները» խորագրով մի զեկույց, որում հերթական անգամ փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ թուրքական «Star» պարբերականի, այդ զեկույցն Անկարան պատրաստել է՝ որպես հակաքայլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական Սփյուռքի կողմից իրականացվելիք միջոցառումների: «Star»-ի տեղեկացմամբ, թուրքերենով եւ անգլերենով գրված 7-էջանոց զեկույցն արդեն բաժանվել է մի շարք հասարակական կազմակերպությունների, այն ներկայացվելու է նաեւ միջազգային հարթակներում: Զեկույցում նշվում է, թե «Թուրքիան հաշտ է իր անցյալի հետ», իսկ 1915թ. իրադարձությունների առնչությամբ գործածվում է «ցավալի դեպքեր» արտահայտությունը: Զեկույցն ընդգծում է, որ հայերն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ընկալվել են որպես «արտոնյալ հպատակներ» եւ զբաղեցրել բարձր պաշտոններ: «29 հայ կրել է «փաշա» տիտղոսը, 22 հայ` գլխավորել այնպիսի նախարարություններ, ինչպիսիք են, օրինակ, արտաքին գործերի, ֆինանսների, առեւտրի նախարարությունները: Մեծ թվով հայեր գլխավորել են տարբեր նախարարություններում գործող վարչություններ: 33 հայ տեղ է զբաղեցրել օսմանյան խորհրդարանում: 18 հայ զբաղեցրել է դեսպանի, գլխավոր հյուպատոսի եւ հյուպատոսի պաշտոններ»,- նշվում է զեկույցում, որում անդրադարձ կա նաեւ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ապստամբություններին. նշվում է, որ հայերը, Առաջին աշխարհամարտի տարիներին համագործակցելով ռուսական բանակի հետ, «կոտորել են 523.955 թուրքի»: «Օսմանյան կառավարության կողմից տեղահանության մասին որոշումը նախապես ծրագրված չի եղել: Այն չի հետապնդել նաեւ քաղաքական նպատակներգ Բացի այդ, 1673 մարդ դատապարտվել է տեղահանության տարիներին հայերի նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու համար: Ընդ որում, նրանցից 67-ը դատապարտվել է մահապատժի»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած զեկույցում: