Արամ mp3 եւ Աննա Մարգարյան
«vitamin» ակումբի մասնակից Արամ mp3-ն երբեք չի թաքցրել իր սերն ու անչափ նուրբ վերաբերմունքը կնոջ` Աննան Մարգարյանի հանդեպ: Ավելին, իրենց հարսանյաց արարողության ժամանակ Արամը նույնիսկ երգեց կնոջ համար` հուզելով նրան այն աստիճան, որ Աննա չէր կարողանում թաքցնել արցունքները: Աննան եւ Արամն իրենց մեղրամիսն անց են կացրել մի շարք եվրոպական երկրներում: «Եվրոպական շրջագայություն կատարեցինք մեր մեղրամսի շրջանակներում: Իրականում, երբ զույգն ամուսնանում է, պետք է այնպես ապրի, որ միայն այդ առաջին մեկ ամիսը չկոչվի մեղրամիս, այլ ողջ համատեղ կյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ mp3-ն:
Անին` Թաիլանդում
Փետրվարի 11-ին Սուրբ Զորավոր եկեղեցում պսակադրված երգչուհի Անի Ամիրյանն ու պարող դերասան Ստեփան Ղամբարյանն այժմ Թաիլանդում են եւ վայելում են իրենց մեղրամիսը: Ամուսնությունից օրեր առաջ, մեզ հետ զրույցում, Անին հայտնել էր, որ մտադիր է փոխել ազգանունը: Եվ այսօր արդեն facebook-յան իր էջում Անին ներկայանում է Ղամբարյան-Ամիրյան ազգանվամբ: «Թաիլանդի ընտրությունը պայմանավորված է նոր ու հետաքրքիր մշակույթ ճանաչելով եւ հրաշալի ժամանակ անցկացնելով։ Միգուցե կա եւ ավելի խորհրդավոր պատճառ, որի մասին գիտեն միայն մեր նորապսակնե՞րը: Մենք անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին»,- մեզ հետ զրույցում նշել է Անիի եղբայրը` հաղորդավար Արտավազդ Ամիրյանը:
Մեղրամիսը` թատրոնում
Դերասանուհի Լիլի Էլբակյանը եւ ռեփեր, իսկ այժմ՝ նաեւ դերասան Համոն ամուսնությունից օրեր հետո հայտնվել էին բեմում: «Նախքան ամուսնությունը մենք արդեն նախօրոք նշանակված ներկայացումներ ունեինք, այնպես որ, ոչ մի մեղրամսի մասին խոսք չէր կարող լինել: Կարելի է ասել, որ մեր մեղրամիսն անցել է թատրոնում: Սակայն, հուսով ենք այս ամառ մեկնել որեւէ հրաշալի երկիր, իհարկե, եթե ամեն ինչ լավ լինի: Վայրն էական չէ, կարեւորը, որ այդ կարճ ժամանակահատվածը մեղրի պես քաղցր լինի»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլին:
Անթալիա` 5 ժամում
«Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյանը եւ Պետրոս Փաշինյանն ընդամենը 5 ժամ ժամանակ ունեին` դեպի Անթալիա ուղեւորությանը պատրաստվելու համար: «Հարսանիքի օրը մեր քավորն անակնկալ մատուցեց մեզ` դեպի Անթալիա ուղեւորության տոմսեր նվիրելով: Այդ մասին ոչ ոք չգիտեր: Մենք ուրախությունից շոկի մեջ էինք, հատկապես, երբ տեսանք տոմսերի վրա գրված չվերթի ժամը: Պատրաստվելու համար ունեինք ընդամենը 5 ժամ: 14 անմոռաց օր ենք անցկացրել Անթալիայում: Իսկ երբ վերադարձանք՝ մեզ գրեթե չէին ճանաչում. մեղմ ասած` «լավ» արեւայրուք էինք ընդունել»,- ասաց Վիկան: