Ձեռքդ հետ տար հիշողությանդ վրայից

19/02/2011

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հարցազրույց է տվել իր իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքէջին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին: «… Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` «Սիվիլիթասի» գրասենյակում: Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես, որպեսզի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չլինի: Հեռուստատեսությունը վերահսկվում է: Մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ քաղաքական պատճառներով»,- հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարարը: Սրանք շատ արդարացի գնահատականներ են Հայաստանի ներքաղաքական վիճակի, ժողովրդավարության ու մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման վերաբերյալ: Սակայն, երբ այդ մասին խոսում է մեկը, ով 2008թ. մարտի 1-ի երեկոյան նույնքան վերահսկվող Հանրային հեռուստատեսությամբ ժողովրդին կոչ էր անում ցրվել` փաստացի ուժ կիրառելու սպառնալիքով, ակնհայտ է դառնում, որ նա ընդամենը դժգոհ է, որ դուրս է մնացել ազատությունները սահմանափակողների շրջանակից: «Եթե այս ապօրինի արարքները շարունակվեն, նախագահը ստիպված կլինի հայտարարել հատուկ իրավիճակ` ապահովելու համար մեր հասարակության անվտանգությունը, որովհետեւ իրադարձությունները կարող են անկանխատեսելի լինել: Ամեն ինչ կախված է հավաքվածներից եւ նրանց քաղաքական ղեկավարից»,- 2008թ. մարտի 1-ի երեկոյան նախագահի նստավայրում կայացած մամլո ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի անունից հայտարարում էր Վարդան Օսկանյանը: «Հիմնական խնդիրը կապված է Լեւոն Տեր-Պետրոսյանի մերժողականության հետ: Ձեռքը մեկնված է, եւ դրա մերժումը դատապարտելի է,- ասել էր մարդու իրավունքների ներկայիս «պաշտպան» Վարդան Օսկանյանը` մանրամասնելով,- Ոստիկանական մեքենա է շուռ տրվել, քաղաքապետարանի ապակիներն են ջարդվել: Սա անթույլատրելի է, եւ իշխանությունները չեն կարող չարձագանքել»: Մեկնաբանությունները, հույս ունենք, կարդալ «Սիվիլիթասի» ոեւէ զեկույցում: