Ամեն ինչ տանում է նրան, որ տարեվերջին Հայաստանում արձանագրվելու է երկնիշ կամ երկնիշին մոտ գնաճ։ Անգամ Կենտրոնական բանկը չի հավատում, որ Հայաստանում գնաճը գոնե մոտ է լինելու թույլատրելի վերին սահմանին՝ 5.5%-ին։ «Գյուղատնտեսության ճյուղի հետագա միտումները դեռեւս անորոշ են, եւ տարեսկզբից միջազգային պարենային եւ հումքային շուկաների զարգացումները վկայում են մոտակա ամիսներին նախանշված գնաճային ռիսկերի դրսեւորման հավանականության կտրուկ ավելացման մասին, էականորեն մեծանում է գնաճի կանխատեսված արժեքներից աճի ուղղությամբ շեղման հավանականությունը»,- նշված է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ: Որպես գնաճը մեղմելու միջոց՝ ԿԲ-ն դիմել է հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու քայլին։ Սակայն, թե այդ քայլը որքանո՞վ արդյունավետ կլինի, դժվար է ասել։ Ի վերջո, շուկայում խնձոր կամ պանիր վաճառողները վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններին չեն հետեւում։