Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացած նիստում Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, որով վերջինս պահանջում է վերանայել իր պատժաչափի հաշվարկը: Ն.Փաշինյանը բողոքարկում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանի որոշումը, որի համաձայն՝ ընդդիմադիր գործչի վերջնական պատժաչափը կազմել է 3 տարի, 10 ամիս եւ 29 օր: Սակայն, ըստ հայցվոր կողմի, ճիշտ հաշվարկի դեպքում Ն.Փաշինյանի պատժաչափը պակաս պետք է լիներ 5 ամսով եւ կազմեր երեք տարի եւ 6 ամիս: Հիշեցնենք, որ նույն պահանջով Ն. Փաշինյանի հայցն անցած տարի նոյեմբերի 19-ին մերժել էր նաեւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Երեկ «Արթիկի» կալանավայրում, որտեղ ընթանում էր դատական նիստը, դահլիճում առաջին շարքերը զբաղեցրել են մոտ երկու տասնյակ Ոստիկանության սպաներ, այն դեպքում, երբ Ն.Փաշինյանի հարազատները մնացել են դրսում: Իսկ շենքից դուրս ինչ-որ անձինք, հավանաբար՝ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, նկարահանումներ են կատարել: Ն.Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի` դատարանին միջնորդելուց հետո միայն Ե.Դարբինյանը 5 րոպեով ընդմիջել է նիստը, որպեսզի դրսում հավաքվածները կարողանան ներս մտնել: Իսկ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցներին ոստիկանները քաշքշել եւ խոչընդոտել են նկարահանումներ կատարելիս: Երեկ նիստի ժամանակ մինչեւ Ե.Դարբինյանը կհրապարակեր իր մերժման վճիռը, Ն.Փաշինյանը ելույթ է ունեցել եւ հայտարարել, թե չի հավատում հայաստանյան արդարադատությանը, եւ չի ակնկալում, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ե.Դարբինյանն արդար վճիռ կկայացնի: Պաշտպան Ե.Վարոսյանի խոսքերով, իրենք պատրաստվում են բողոքարկել նաեւ այս վճիռը:
Ն.Փաշինյանը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով երկու օր առաջ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունը` իր գրագրությունը ժամանակին փոխանցելու առնչությամբ: Ն. Փաշինյանը հայտարարել է, թե այդ հաղորդագրությունը բացահայտ սուտ է: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, որ իրականությանը չեն համապատասխանում Փաշինյանի հայտարարությունները` կապված իր նամակների՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից չընդունվելու եւ ծրարները փաստաբանին կամ հասարակական դիտորդների խմբին հանձնելու հնարավորություն չունենալու մասին: Մինչդեռ նախօրեին քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը կարծիք էր հայտնել, որ Ն.Փաշինյանի նամակագրության եւ նրա իրավունքների խախտման վերաբերյալ դիմում-բողոքներ հղելու իրավունքները կոպտորեն խախտվում են: «Այցելության ժամանակ պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գտնվող եւ ծրարավորված հինգ նամակները վարչակազմը հրաժարվում է ստանալ ու առաքել, այդ թվում` նաեւ դիտորդական խմբի ղեկավարին հասցեագրված դիմումը»,- ասել էր դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը: