«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երեւանի Մամուլի ակումբը եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը երեկ տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է՝ «Հունվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Երեք տարուց ավելի տեւած, դատական բոլոր ատյաններով անցած ու վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության հերթական փուլում ընդունված նման վճիռը, մեր գնահատմամբ, իշխանական տարբեր օղակների կողմից հեռուստաընկերության դեմ 2007 թվականից նախաձեռնված ճնշումների շարունակությունն է եւ նոր սպառնալիքներ է ստեղծում խոսքի ու ԶԼՄ-ների ազատության համար: Մենք` ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում իրավասու ատյաններին` քայլեր ձեռնարկելու ոչնչով չարդարացված այս հետապնդումները վերացնելու համար: Գալիք ընտրություններից առաջ մեծապես կարեւորում ենք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների դադարեցումը` տեղեկատվական ոլորտում առողջ մթնոլորտ ապահովելու նկատառումներով»: