Պատրաստվեք երկնիշ գնաճի

19/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բյուջեով նախատեսված գնաճի վերին սահմանը՝ 5.5%-ը, գնալով ավելի անիրական է թվում։ Բացի հաստիքով լավատես, անգիր արածի պես մի քանի տերմինախեղդ նախադասություններ արտասանել սիրող մի շարք պաշտոնյաներից՝ գնաճը արդեն լրջորեն անհանգստացնում է բոլորին։

Իսկ այն, որ անհանգստությունը լուրջ հիմքեր ունի, հաստատում է հենց Կենտրոնական բանկը։ 10 օր առաջ ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու նպատակով։ Երեկ ԿԲ կայքում հրապարակվել է հունվարի 8-ի խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ շատ հետաքրքիր մտքեր կան։ Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.2 տոկոսային կետով` կազմելով 10.6%: Այսինքն՝ ունեցել ենք երկնիշ գնաճ։ ԿԲ խորհուրդը նաեւ նշել է, որ 2011 թ. սկզբին պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են էական գնաճային ճնշումները` արձանագրելով վերջին ամիսների ցուցանիշների համեմատ նոր բարձրակետեր, ինչը ներքին տնտեսությունում եւս ուժգնացնում է 2010 թ.-ից փոխանցված գնաճային ճնշումները:

«Խորհուրդը մտահոգված է արտաքին հատվածի եւ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների արդյունքում 2010 թ. փոխանցված ու 2011 թ. հունվարին արձանագրված բարձր գնաճով եւ դրա երկրորդային ազդեցությունների ու գնաճային սպասումների ավելացմամբ, ինչը հունվարի վերջին հանգեցրել է 12-ամսյա գնաճի երկնիշ ցուցանիշի ձեւավորմանը»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Խորհրդի անդամներն անդրադարձել են նաեւ գնաճի կանխատեսված արժեքներից շեղման ռիսկերին՝ առավելապես աճի ուղղությամբ։ Ըստ նրանց, քանի որ գյուղատնտեսության ճյուղի հետագա միտումները դեռեւս անորոշ են, եւ տարեսկզբից միջազգային պարենային եւ հումքային շուկաների զարգացումները վկայում են մոտակա ամիսներին նախանշված գնաճային ռիսկերի դրսեւորման հավանականության կտրուկ ավելացման մասին, էականորեն մեծանում է գնաճի կանխատեսված արժեքներից աճի ուղղությամբ շեղման հավանականությունը:

Այս վերջին մասը դատավճռի պես է հնչում։ Փաստորեն, եթե Կենտրոնական բանկն է ասում, որ գնաճը կանխատեսված արժեքներից հնարավոր է մեծ լինի, ուրեմն կարող եք համոզված լինել՝ հաստատ մեծ կլինի։

Իսկ ի՞նչ է անում Կենտրոնական բանկը, որպեսզի գնաճը վտանգավոր չափերի չհասնի։ Ճիշտ է՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն՝ թանկացնում է փողը։ «Այս իրավիճակում Խորհուրդը միակարծիք է, որ կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված եւ փաստացի ցուցանիշների միջեւ շեղման վերացման, գնաճի երկրորդային ազդեցությունների մեղմման եւ սպասումների խարսխման համար առաջնային անհրաժեշտություն է դրամավարկային պայմանների խստացումը եւ դրա զուգակցումը պարտադիր պահուստավորման մեխանիզմի վերջին փոփոխությունների հետ: 2011 թ. փետրվարի 8-ի նիստում Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%:»

Գների մակարդակի վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության մասին տարբեր կարծիքներ կան։ Ոմանք ընդունում են այդ միջոցի դերը, ոմանք էլ նշում են, որ Հայաստանում դա չի աշխատում։ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով հիմնականում քննադատում է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, առաջին տեսակետին է։ Նա գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով կարելի է ազդել գնաճի վրա։ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, տոկոսադրույքը պետք էր բարձրացնել դեռ անցյալ տարի։ Ըստ Բ. Ասատրյանի, իշխանությունների ապաշնորհությունը կայանում է հենց նրանում, որ ուշացրել են այդ քայլը։ Փոխարենը՝ ԿԲ-ն «պահուստներից 150 մլն դոլար է լցրել շուկա, բայց դա անելու բան չի»։

«Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահան Քերոբյանն էլ, օրինակ, այլ կարծիքի է։ Թերթերից մեկին տված հարցազրույցում, խոսելով գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով առաջարկի կրճատման մասին, նա ասել էր. «Քանի որ Հայաստանի բիզնեսը խիստ թերվարկավորված է, այսինքն`բանկերի մասնակցությունը տնտեսական աճի մեջ շատ սահմանափակ է, այս միջոցները կարող են տանել դեպի իրավիճակի վատթարացում: Զարգացած երկրներում նման միջոցառումներն արդյունավետ եւ օգտակար են, սակայն Հայաստանը դեռ չի հասել զարգացած երկրների արդյունաբերական մակարդակին, որպեսզի նման միջոցներով կարողանա կարգավորել գնաճը: Իրականում դա կարող է բերել հակառակ էֆեկտի. երբ բարձրանան վարկային տոկոսադրույքները, դա անմիջապես կանդրադառնա ապրանքների վերջնական գների վրա»:

Ավելին, Վ. Քերոբյանն իսկական ընդդիմադիր տնտեսագետին սազական մեկնաբանություն է ներկայացրել ՝ գնաճը պայմանավորելով մենաշնորհների առկայությամբ։ «Գնաճի դեմ պայքարելու հարցում պետությունը պետք է գնա այլ ճանապարհով` լուծելով երկու հիմնական խնդիր: Առաջին խնդիրը, բոլորս գիտենք, այն է, որ Հայաստանը բարձր կենտրոնացված շուկաներ ունեցող երկիր է, ինչի արդյունքում մի շարք ապրանքատեսակների գներ անհիմն բարձր են. պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ մենաշնորհային ապրանքների գնագոյացման վրա: Հենց մենաշնորհային ապրանքների գներն են չհիմնավորված գնագոյացմամբ ձեւավորվում եւ բավական բարձր են»։

«Սթարի» տնօրենը խոսել է նաեւ երկրորդ ուղղության՝ մատակարարման շղթայի օպտիմալացման մասին։ Մասնավորապես, նա առաջարկում է առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում վերացնել մատակարարման շղթայի ավելորդ օղակները։ «Այսօր ցանցերը բավական ուժեղ են եւ կարող են վաճառել մեծ ծավալի առաջին անհրաժեշտության ապրանքներ: Պետության օժանդակության եւ ցանցերի հզորացման հետ մեկտեղ՝ հնարավոր է հասնել այն բանին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման շղթայում միջանկյալ օղակներ չլինեն: Այսինքն` ցանցերն իրենք փակեն շղթան՝ ապրանքները միանգամից գնելով դրսի արտադրողներից: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի այդ ապրանքների գներն իջեցնել 10-15%-ի չափով, ինչը լուրջ ազդեցություն կարող է ունենալ գնաճի մեղմման վրա»։ Սա վիճելի տեսակետ է, քանի որ միջանկյալ օղակը մեկ անգամ, «միանվագ» գին է ավելացնում՝ իր շահույթի տեսքով, սակայն մշտական գնաճի վրա ազդեցություն չունի։ Եվ, բացի այդ, «միջանկյալ օղակներում» նույնպես աշխատում են մարդիկ, որոնց առանց աշխատանքի թողնելը ամենացանկալի ճանապարհը չէ։ Սակայն այս տեսակետն էլ հասկանալի է, քանի որ Վ. Քերոբյանն այստեղ ավելի շատ խոսում է որպես մասնավոր բիզնեսի կառավարիչ: Գնաճի հետեւանքների եւ գնաճը զսպելու մեխանիզմների հարցում կարծիքները տարբեր են, սակայն տնտեսագիտության մեջ գների հետ կապված կա մեկ` բոլորի կողմից ընդունված ճշմարտություն՝ գները բարձրանում են, սակայն երբեք չեն իջնում։