«Եթե տնօրենին չհեռացնեն, մենք ենք դուրս գալու»,- ասում են դպրոցի աշակերտները

19/02/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հինգշաբթի վաղ առավոտյան խմբագրություն զանգահարած Էջմիածնի մի խումբ բնակիչներ պատմեցին, որ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվն այնքան է վիրավորվել մեր թերթի վերջին հրապարակումից, որ բոլոր աշակերտներին դրդել են մեկ մարդու պես իջնել դպրոցի բակ՝ նախապես տրամադրելով իրենց կողմից պատրաստած ցուցապաստառները: Հիշեցնենք, որ այդ հոդվածում ներկայացրել էինք այդ դպրոցի տնօրինուհի Սուսաննա Նազարյանի «սխրանքներից» մի հատված ընդամենը: Դրամատիկ այս շոուն, ինչ խոսք, ծիծաղելի կլիներ, եթե դպրոցի տնօրենն ու իր «թայֆան» փաստացի պատանդ չվերցներ դպրոցում 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչուհի Բահար Եղիազարյանին` նրան թույլ չտալով դպրոցի շենքից դուրս գալ: Միայն Արմավիրի մարզի Ոստիկանության ներկայացուցիչների միջոցով է հնարավոր եղել Բ. Եղիազարյանին անվտանգ դուրս բերել դպրոցից: Դրանից հետո Վաղարշապատի քննչական բաժանմունքում 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը եւ նրա տատիկը` Բ. Եղիազարյանը բացատրագրեր են գրել կատարվածի վերաբերյալ: Նշենք, որ ներկայումս Վաղարշապատի քննչական բաժանմունքում տնօրինուհի Ս. Նազարյանի դեմ քրեական գործի հարուցման համար նյութեր են պատրաստվում:

Երեկ մեզ հաջողվեց հանդիպել դպրոցում ներկայումս սովորող մի քանի աշակերտների հետ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Վերջիններս նախ՝ մեզ հանձնեցին իրենց կողմից գրված նամակը, որտեղ պատմում էին, թե ինչպես էին բոլոր դասղեկները տնօրենի պահանջով աշակերտներին ստիպել ստորագրություն տալ, որ ոչ մի բառ տնօրենի դեմ չեն ասի: «Փոխարենը խոստացել են ապահովել գնահատականները: Ավարտականներին խոստացել են դնել մեր ուզած գնահատականները: Իսկ երեխաները, որոնք պլակատներով դուրս են եկել դպրոցի բակ, նույնիսկ չեն իմացել, թե այդ ամենն ինչի համար է, ընդամենը ուրախացել են, որ դաս չեն անում: Բայց մենք Ալբերտի կողքին ենք եւ կասենք, որ մեզ ստիպել են ստորագրել: Մեզ Մելոյանն ու Հակոբյանը համոզում էին, որ ասենք, թե Ալբերտը ծեծել է Նազարյանին, նույնիսկ Նազարյանը կոկորդիլոսի արցունքներով փորձել է երեխաների մեջ խղճահարություն արթնացնելով ստորագրել տա, որ Ալբերտը իրեն ծեծել է: Բայց ոչ ոք չհաստատեց այդ սուտը»,- ասվում է նամակում: Աշակերտների պատմելով՝ այդ ամբողջ շոուի հեղինակներից մեկն էլ տնօրինուհու՝ աշակերտական խորհրդի նախագահ-աղջիկն է, ում կողմից պատրաստվել են ցուցապաստառները: Ընդ որում՝ աշակերտները ծիծաղելով վերհիշեցին, թե հինգշաբթի օրը իրենց ուսուցչուհի Հակոբյանն ինչպես էր հրահանգում իջնել բակ եւ պաշտպանել տնօրենին, սակայն Ոստիկանության գալու պահին նույն ուսուցիչներն աշակերտներին լացակումած խնդրել էին դպրոցի շենք մտնել: «Էդ օրը տնօրենը լացելով մտավ կաբինետ, հետո տղերքից մեկը իրա հետեւից մտել էր, ասել էր՝ դե մի բան արեք, ինձ պահեք»,-պատմեցին աշակերտները, որոնցից մեկը ներկա է եղել Ալբերտին, ինչպես աշակերտն ասաց, մի քանի անգամ «չափալախելու» պահին: Ընդ որում՝ այս նույն աշակերտը ականատես էր եղել նաեւ, երբ տնօրենը բակում կանգնած աշակերտուհուն ասել էր, թե՝ «հեռախոսը կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան տեղը»: Տղայի պատմելով՝ աղջիկը թիկունքով էր կանգնած, եւ ինքը դժվարանում է մտաբերել նրա դեմքը: Ի դեպ, նշենք, որ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անպայման կմտաբերի, թե ով էր այդ աղջիկը: Ըստ տղայի՝ 7-8-րդ դասարանի աշակերտուհի էր, վարդագույն պայուսակ ուներ՝ վրան էլ աղջկա լուսանկար: Սակայն աշակերտների համար տնօրինուհու նման պահվածքը սովորական է դարձել: «Էդ տենց չի, է, որ աբսուրդ ա, տենց բան ասած չի լինի: Լյուբոյին էլ ասում ա՝ մի քիչ մեղմ, մի քիչ կոպիտ: Դուք ուղղակի չեք ճանաչում մեր տնօրենին»,- ասում էին Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները: Նրանց պատմելով, «խուժան», «այլանդակ», «լկտի», «տավար», «ոչխար» եւ մի շարք այլ արտահայտությունները դպրոցի տնօրինուհի, հայոց լեզվի մասնագետ Սուսաննա Նազարյանի կողմից ամենաշատ գործածվող բառերն են: Նրանց համար սովորական են նաեւ «նազարյանական» պատժամիջոցները: Աշակերտները հիշեցին, թե ինչպես մի անգամ դասարանի տղաներին շարք էր կանգնեցրել եւ բոլորին հերթով «խփելով գնում էր»: «Նենց չի, որ մի հատ էր խփում, մի քանի հատ խփում էր: Չգիտեր՝ ինչով պատժել: Մի անգամ էլ մեզ մի ամիս շարունակ չէր թողնում դասարանից դուրս գալ: Էդ ժամանակ տղաներից մեկը զուգարան էր ուզում գնալ, չթողեցին, էդ տղան քարացած մնաց իր տեղում: Սկզբից մի քանի դասատու էին գալիս դռան մոտ կանգնում»,- պատմում էին աշակերտները, որոնց դպրոցում 7 դասաժամերից 2-ը՝ 20, իսկ մնացածը՝ 10 րոպեանոց դասամիջոցներով են ընդհատվում: Աշակերտների փոխանցմամբ՝ տնօրենը միտումնավոր այդպես է անում, որ աշակերտները «սովածանան» եւ իր կողմից տնօրինվող բուֆետից «օգտվեն»: Ըստ նրանց՝ 3 տարի է՝ դպրոցի վերանորոգման նպատակով իրենցից յուրաքանչյուրը 3 ամսվա համար 1500-ական դրամ է վճարում: Աշակերտները հանգամանորեն ներկայացրեցին տնօրենի անպարկեշտ վարվեցողությունն ու հայհոյախառը խոսելաձեւը՝ նախապես ներողություն խնդրելով ընթերցողներից: «Անցած տարի էլ 10-րդ դասարանի տղաներին ասել էր՝ շալվարներդ իջեցնեմ, մեջը բան չի լինի, տղա չեք լինի, էլի»,- ամաչելով պատմում էին աշակերտները, որոնք միահամուռ որոշել են՝ եթե տնօրենին չհեռացնեն, իրենցից շատերը դուրս կգան դպրոցից: Նշենք, որ մեր խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել ընթերցողներից, եւ առաջիկայում կներկայացնենք դպրոցի «հերոսուհի» տնօրենի արարքների մասին, ով դեռ շարունակում է հոխորտալ, թե ինքը Ոստիկանությունում, Կրթության եւ գիտության նախարարությունում այնպիսի «մեջք» ունի, որ այս գործից էլ «չոր» դուրս կգա: