ԵԱՀԿ Գործող նախագահի` ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
– Հաջորդ շաբաթ նախատեսվում է Ձեր այցը Հարավային Կովկաս: Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտցրել են փակուղի, որից դուրս գալը շատ դժվար կլինի:
– 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ համաձայնության եկան առ այն, որ «եկել է ավելի վճռական գործողությունների ժամանակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:
Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք միասին` հիմնվելով այդ ընդհանուր ըմբռնման վրա: Մենք գիտակցում ենք, որ դեռ կան շատ դժվարություններ, սակայն լիովին խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը` լարվածության ցանկացած սաստկացում կանխելու եւ երկխոսությունը շարունակելու նպատակով:
– «Երբ մենք հանդիպենք դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նստաշրջանում, վստահ եմ, որ ձգձգված հակամարտությունների լուծման հարցում զգալի առաջընթաց կարող ենք արձանագրել»,- սրանք ԵԱՀԿ Գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի խոսքերն են, որոնք նա ասել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում: Ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Լիտվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
– ԵԱՀԿ Գործող նախագահն ընդգծել է, որ մեր հիմնական առաջնահերթություններից մեկն այս տարվա համար շոշափելի առաջընթացի հասնելն է տարածաշրջանում առկա ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում: Ես տարածաշրջան կայցելեմ հաջորդ շաբաթ, իսկ ԵԱՀԿ Գործող նախագահը Բաքվում եւ Երեւանում կլինի մարտի սկզբին:
ԵԱՀԿ լիտվական նախագահությունը կփորձի օժանդակել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ կազմակերպության այլ անդամ-երկրների հետ քննարկումներին` վստահության ամրապնդմանն ու տեղերում ԵԱՀԿ դիտորդական գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները դիտարկելու նպատակով: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք նախագահների վերջին համաձայնությունը` հրադադարի ռեժիմի կայունացման եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման մասին: Լիտվայի նախագահությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ այդ համաձայնությունը կյանքի կոչելու համար անել անհրաժեշտ ամեն ինչ:
– Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հարցում հիմնական նախաձեռնությունը ստանձնել է Ռուսաստանը, մտադի՞ր է արդյոք Լիտվան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, այդ ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ:
– ԵԱՀԿ Լիտվայի նախագահությունը լիովին խրախուսում է Մինսկի խմբի համանախագահների, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Մենք սերտորեն համագործակցում ենք այդ հարցերի շուրջ, ես եւս վստահ եմ, որ մենք կշարունակենք աշխատել միասին` նպատակ ունենալով առաջընթացի հասնել կարգավորման գործում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները միջազգային այլ ձեւաչափեր եւ ատյաններ տեղափոխելու Բաքվի փորձերին:
– Լիտվայի նախագահությունը լիովին խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերը, ովքեր ունեն հստակ միջնորդական մանդատ:
– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ դաշտային առաքելության դերը ղարաբաղյան հակամարտության գոտում:
– Դեսպան Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ Գործող նախագահի Հատուկ ներկայացուցիչն է եւ սատարում է խաղաղ կարգավորմանը կողմերի հետ շփումների, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումների զարգացման եւ հրադադարի պահպանման նկատմամբ դիտարկում իրականացնելու եղանակով: Անձնական ներկայացուցիչը եւ նրա գրասենյակը շատ կարեւոր դեր են կատարում երկխոսությանն օժանդակելու հարցում:
– Շատ է խոսվում կողմերի միջեւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին, ինչի լավ օրինակը կարող է լինել դիպուկահարներին շփման գծից հեռացնելը: Դուք նախատեսո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ հարցում եւ ստանալ դիպուկահարներին հեռացնելու Ադրբեջանի համաձայնությունը:
– Բաքվում եւ Երեւանում կայանալիք հանդիպումների ժամանակ ես մտադիր եմ ընդգծել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը, ներառյալ` դիպուկահարների հեռացումը` ինչպես այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահը: Վստահությունը կարող է ամրապնդվել միայն այն ժամանակ, երբ դադարի արյունահեղությունը:
– Լիտվայի խորհրդարանի խոսնակ Իրենա Դեգուտյենեի հայտարարության համաձայն, Սեյմում մշակվում է «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձեւը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բանաձեւը եւ գործնական ի՞նչ օգուտ կարող է տալ կարգավորման գործընթացին, որի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
– Բանաձեւը դեռեւս ընդունված չէ, եւ ես չեմ կարող մեկնաբանել այն:
Հարավային Կովկասի հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ աշխատանքին` հակամարտությունների խաղաղ եւ երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով: Հայաստանին ու Ադրբեջանին մենք կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի հասնելու համար ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժ եւ ուժի սպառնալիք չգործադրելու, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Լիտվան, լինելով ԵԱՀԿ համանախագահող երկիր, մտադիր է հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ անել վերահաստատել ուժի կիրառումից ձեռնպահ մնալու իրենց պարտավորությունը: Լիտվայի նախագահությունն օժանդակում է կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված համանախագահների ջանքերին: Լիտվան սատարում է առանց բացառության բոլոր սկզբունքներին, որոնք նշվել էին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից 2009թ. ԼգԱքվիլայում եւ 2010թ. Մուսկոկում արված հայտարարություններում: Մենք սերտորեն աշխատելու ենք ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, եւ հակամարտության կողմերի հետ խորհրդատվություններ անցկացնելու եղանակով որոնելու ենք կողմերի շփման գծում դեսպան Կասպրչիկի դիտորդական հնարավորություններն ավելացնելու տարբերակներ: Մենք խորապես համոզված ենք, որ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը նպաստում է կողմերի միջեւ երկխոսության պահպանմանն ու սրացումների կանխմանը: