ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Առաջին հայացքից շարքային այս քրեական գործը ուշագրավ է նրանով, որ այն հարուցվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ` «100.000 դրամ վարձատրություն» ստանալու փաստի առթիվ: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100.000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Երեկ երեկոյան Տ. Փոստանջյանը ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, ԱԱԾ պետ Գ. Հակոբյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Ր. Հովհաննիսյանին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ս. Զեհեին, ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ս. Կապինոսին եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռ. դե Լուցենբերգերին բաց նամակ է հղել, որում մասնավորապես ասվում է` «Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ, եւ առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաեւ, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների եւ Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչեւ ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով»: