ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Երեւան քաղաքի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ հուշագիր է ստորագրվել, ըստ որի` մարտ ամսին բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի «Քաղաքային ենթակառուցվածքների եւ կայուն քաղաքային զարգացման» ծրագրի առաջին փուլի առաջին մասնաբաժինը: Ծրագրում նախատեսվում է Երեւանի կենտրոնը բեռնաթափող եւ շրջանցիկ նշանակություն ունեցող երկու ճանապարհային հանգույցների` Արշակունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի եւ Շիրակի փողոցից դեպի Արգավանդ խաչմերուկի շինարարությունը: Գույքի կառավարման, բյուջետավորման, ֆինանսական եւ ռազմավարական պլանավորման, ծախսերի հսկողության, կենցաղային թափոնների կառավարման, ինչպես նաեւ՝ ներդրումային քաղաքականության ոլորտներում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Կոնտերպարտ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Սարդարի հետ հանդիպման ժամանակ: Ա. Սարդարը քաղաքապետին է ներկայացրել գրասենյակի կողմից ծրագրային առաջարկների փաթեթ եւ պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանին աջակցել թեմատիկ դասընթացների, խորհրդատվության, առաջադեմ փորձի ուսումնասիրության մասով: