Մաքսիմ Վենգերով. «Ջութակը հոգու շարունակությունն է»

19/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Փետրվարի 22-ին Ա. Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի հրավերով ժամանել է Երեւան: Համերգին կմասնակցի նաեւ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: ՀՀ մշակույթի նախարարությունում համերգի առիթով ասուլիս էր հրավիրվել: Երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Ritmo եւ այլ հեղինակավոր երաժշտական մրցանակների հաղթող Մ. Վենգերովն ասուլիսից առաջ լուսանկարվում էր երկրպագուների հետ: Նա բազմիցս հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում` հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ` Կ. Աբբադո, Վ. Գերգիեւ, Վ. Ֆեդոսեեւ, եւ այլք:

Մ. Վենգերովը 5 տարեկան էր, երբ մոր հետ առավոտյան ժամը 10-ին եկավ ուսուցչուհու մոտ` ջութակի հերթական դասին մասնակցելու: Փոքրիկ Մաքսիմի աչքերը փակվում էին, իսկ ձեռքերն ընդհանրապես հրաժարվում էին ջութակն ուսին պահել: «Մաքսիմ, ի՞նչ է քեզ պատահել, դու գրեթե քնած ես»,- հարցնում է ուսուցչուհին: «Երեկ ես եւ ամուսինս ուշ ենք տուն վերադարձել աշխատանքից: Իսկ Դուք նշել եք, որ պետք է յուրաքանչյուր օր երեք ժամ ջութակ պարապել: Մենք էլ պարապեցինք` ժամը 11:00-2:00-ը»,- պատասխանում է Մաքսիմի մայրը: Մ. Վենգերովի ստեղծագործական կյանքի մասին պատմող «Playing by heart» 1998թ. BBC հեռուստաընկերության կողմից նկարահանած նախագիծը, շնորհիվ իր հերոսի, մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում: Նույնիսկ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում: «Եթե չլիներ մայրս, ես չէի դառնա այն, ինչ կամ այսօր` եւ որպես երաժիշտ, եւ որպես մարդ: Մայրս 500 երեխայից բաղկացած երգչախումբ էր ղեկավարում: Նա ինձ միշտ ասում էր. «Իմ երգչախմբում շատ դժվար դաստիարակվող երեխաներ կան, սակայն դու ամենաբարդն ես»: Մայրս իր կյանքն ինձ է նվիրաբերել, եւ ես նրան անվերջ շնորհակալ եմ»,- ասում է Մ. Վենգերովն իր գրեթե բոլոր հարցազրույցներում: Բացառություն չեղավ նաեւ երեկվա ասուլիսը:

«Ջութակահարի իմ երաժշտական ուղին սկսել եմ, երբ ընդամենը 5 տարեկան էի: Առաջին համերգը կայացել է Նովոսիբիրսկում: Եվ այսօր արդեն, 36 տարեկան հասակում, շրջելով գրեթե ողջ աշխարհով, ես վերջապես գտնվում եմ Երեւանում: Ողջ աշխարհում բազում հայ ընկերներ ունեմ: Ուզում եմ նշել նրանցից մի քանիսի անունները` Վահագն Պապյան` հիանալի դաշնակահար եւ դիրիժոր, Վահրամ Սարաջյան: 10 տարի առաջ մեր եռյակը շրջագայեց գրեթե ողջ աշխարհով մեկ: Ցավոք, այստեղ չենք եղել: Այնպես որ, նվազագույնը 1/4-ով ես ինձ հայ եմ համարում: Շատ ուրախ եմ, որ նոր ընկեր եմ ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի երիտասարդական նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանի: Փետրվարի 22-ին կայանալիք համերգին կներկայանամ որպես դիրիժոր, սակայն հնարավոր է, որ վերջում հանդես գամ նաեւ ջութակով, եթե հանդիսատեսն, իհարկե, ցանկանա»:

«Իհարկե կցանկանա»,- հաստատեցին ներկաները` հետաքրքրվելով՝ չի՞ մոռացել արդյոք իր հետ բերել Ստրադիվարիուսի ջութակը: «Իմ ջութակը միշտ ինձ հետ է: Ջութակը չափազանց խանդոտ երաժշտական գործիք է, եւ նրան չի կարելի մենակ թողնել»,- պատասխանեց Վենգերովը: Հարցազրույցներում ջութակահարը բազմիցս նշել էր, որ երաժշտության լեզուն համամարդկային է: Իսկ հանդիսատեսն ունի՞ ազգություն: Եվ ինչպե՞ս է դա արտահայտվում: «Չնայած այն բանին, որ երաժշտությունն իսկապես համամարդկային լեզու է, սակայն անչափ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է հանդիսատեսն ընկալում երաժշտությունը` տարբեր երկրներում: Օրինակ, երբ առաջին անգամ ելույթ էի ունենում Իտալիայում, ինձ գրեթե թույլ չէին տալիս ավարտել ստեղծագործությունը` ամեն դադարից հետո ծափահարում էին: Ես զարմացած էի: Հետո հասկացա, որ օպերային արվեստի հայրենիք Իտալիան սիրում է ծափահարել օպերային երգչին` կատարած յուրաքանչյուր արիայից հետո: Իսկ Հոլանդիայում ընդունված է յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո ոտքի կանգնել: Այդ քայլն ամենեւին չի նշանակում, որ նրանք հիացած են, պարզապես դա հարգանքի ցուցաբերման ընդունված ավանդույթ է: Սակայն, որ երկրում էլ որ լինի երաժիշտը, նրա ամենակարեւոր առաքելությունը` երաժշտության միջոցով հանդիսատեսի հետ միավորվելն է»,- ասաց Մ. Վենգերովը:

Երեք տարի առաջ «Sunday Times»-ին տված հարցազրույցում Մ. Վենգերովի խոսքերը սխալ էին մեկնաբանել։ «Գրել էին, թե ես ընտրելով դիրիժորի ուղին` հրաժարվում եմ ջութակից: Ես չէի կարող ասել, թե դադարեցնում եմ ջութակահարի իմ կարիերան: Դա համարժեք է մայրենի լեզվից հրաժարվելուն: Դիրիժոր լինելը հնարավորություն է տալիս համագործակցել ողջ նվագախմբի հետ»,- ասաց նա:

1997 թ.-ից Մ. Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոմիսարներից է: Այդ տարիներին նա համոզվել է, որ երբեմն լինում են պահեր, երբ խոսքն այլեւս անկարող է, եւ այդ ժամանակ գործում է միայն երաժշտության ուժը: «Տարիներ առաջ Ուգանդայում էի, պետք է ծանոթանայի եւ նվագեի երեխաների համար, որոնց 6 տարեկանից ստիպում էին զենք վերցնել եւ ծառայել բանակում: Նրանց անգամ ստիպում էին սպանել սեփական ծնողներին, որպեսզի կյանքի հետ կապող ոչինչ չունենային: Ի՞նչ խոսել այդ երեխաների հետ, որոնց հայացքից իսպառ վերացել էր մանկության հետքը: Ինչի՞ց սկսել: Պարզապես վերցնում էի ջութակն ու նվագում: Եվ զգում էի, թե ինչպես էր ժամանակից շուտ մեծացած այդ երեխաների հայացքից վերանում լարվածությունը, ագրեսիան: Նրանք կենդանանում էին: գՀանկարծ ինձ մոտեցավ այդ երեխաներից մեկը եւ ասաց. «Գիտե՞ս, ես էլ ունեմ քո գործիքից»: Եվ ինձ ցույց տվեց փայտի կտորից եւ վրան ձգված երկու լարից կազմված իր «ջութակը»: Հետո մեզ միացան մյուս երեխաները, եւ մենք միասին սկսեցինք նվագել եւ պարել: Ես երբեք չեմ մոռանա նրանց հայացքները»: