Չեմպիոնների լիգա
Գարունը թակում է դռները
Տեւական ձմեռային սպասումն ավարտվեց, եւ այժմ հնարավորություն ունենք տեսնել ու գնահատել եվրոպական գրանդերի` ձմեռային դադարի ընթացքում արած հետեւությունների արդյունքները: Այս շաբաթ կայացած առաջին 4 խաղերը մտորելու բավական հետաքրքիր նյութ տվին: Առաջին հերթին, իհարկե, զարմացրեց Լոնդոնի «Արսենալը»: ՉԼ նախորդ խաղարկությունում Արսեն Վենգերի թիմն այնքան գորշ ու անօգնական էր նույն «Բարսելոնայի» հետ խաղերում, որ շատերը սպասում էին, թե պատմությունը կկրկնվի: Չկրկնվեց: Ավելին, «Արսենալը» կարողացավ ամբողջ խաղի ընթացքում իր կամքը թելադրել մրցակցին եւ ի վերջո պոկել հաղթանակը: Իր վճռական խոսքն ասաց խաղավերջում փոխարինման դուրս եկած ռուսաստանցի Անդրեյ Արշավինը: Անշուշտ, ֆուտբոլասերներին մեծ ներկայացում է սպասվում երկու շաբաթ հետո կայանալիք պատասխան խաղում: «Բարսելոնան» վերջին խաղերում կարծես կորցրել է այն լավագույն հատկանիշները, որոնցով երկու տարի շարունակ հիացնում էր բոլորիս: Կկարողանա՞ Պեպ Գվարդիոլան արթնացնել թմբիրից իր սաներին, ահա խնդիրը, որ պետք է լուծվի մինչեւ հաջորդ խաղը:
1/8 եզրափակիչում մեզ անշուշտ առաջին հերթին հետաքրքրում էր ուկրաինական «Շախտյորի» հանդիպումը իտալական «Ռոմայի» հետ, եւ, միանգամից նշենք, որ հիասթափվելու ոչ մի առիթ այդ խաղում չունեցանք: Մեր Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր, խաղաց գրեթե ողջ հանդիպումը եւ քիչ էր մնում դառնար պատմական, հայկական առաջին գոլի հեղինակը Լիգայի խաղարկության այս փուլում: Այս անգամ չդարձավ, սակայն արդեն հաջորդ խաղում դա միանգամայն հնարավոր է: Նույնիսկ, եթե հաշվի առնենք այն պարագան, որ թիմի գլխավոր մարզիչը վերջին խաղերում Հենրիխին հանձարարում է ենթակիսապաշտպանի դերը, ինչը վերջինս պակաս փայլուն չի կատարում, քան մաքուր հարձակվողինը: Ինչ վերաբերում է խաղին՝ նշենք, որ ուկրաինացիները «Ռոմային» մրցակցի դաշտում հաղթելու համար ծախսեցին ճիշտ այնքան ջանք, որքան հարկավոր էր, ոչ ավելի եւ ոչ պակաս: Արդյունքում «Շախտյորը» հիանալի հնարավորություն ստացավ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՉԼ քառորդ եզրափակիչ: Դրա համար բավարար է ընդամենը սեփական հարկի տակ չպարտվել: Նման մարզավիճակում գտնվող թիմի համար խնդիրը լուծելի է:
Ուշագրավ էր իտալական մեկ այլ ակումբի` «Միլանի» հանդիպումը անգլիական «Տոտենհեմի» հետ: Այս թիմերը խմբային մրցաշարում նույն խմբում էին խաղում, եւ ճակատագիրը նրանց հնարավորություն տվեց եւս երկու անգամ ուժերը չափել միմյանց հետ: Պարզվեց, «Տոտենհեմն» այնքան լավ էր ուսումնասիրել իտալական առաջնության առաջատարին, որ խաղի սկզբից եւեթ անցավ վճռական գործողությունների, եւ մոտ 15 րոպե դաշտի տերերը չէին կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում: Ճիշտ է, հետագայում նրանց հաջողվեց խաղը հավասարեցնել եւ նույնիսկ որոշ հատվածներում առավելություն ունենալ, բայց, ինչպես պարզվեց, դա «Տոտենհեմի» կամքից էր կախված: Վճռական գրոհը կազմակերպվեց խաղի 80-րդ րոպեին, երբ Պիտեր Կրաուչը պարզունակ հարվածով գրավեց Միլանի դարպասը: Պատասխան խաղից առաջ «Տոտենհեմը» հիանալի հնարավորություն ստացավ ողջ մենամարտից հաղթած դուրս գալու:
Վերջապես «Վալենսիա»-«Շալկե» հանդիպման մասին: Այս թիմերի գրանցած ոչ-ոքին ողջ ինտրիգը տեղափոխեց Գերմանիա, քանի որ պատասխան խաղը տեղի է ունենալու «Շալկեի» հարկի տակ, Գելզենկիրխենում: Խաղի միակ ուրախությունը, եթե կարելի է այսպես արտահայտվել, լեգենդար Ռաուլի պատմական գոլն էր: ՉԼ-ում նա խփեց իր 71-րդ գոլը եւ շրջանցեց գերմանացի Գերդ Մյուլլերի ցուցանիշը: Մյուլլերը վաղուց արդեն չի խաղում, իսկ Ռաուլը դեռ երկար կխաղա:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներ
«Ռոմա» (Իտալիա) -«Շախտյոր» (Ուկրաինա) 2:3
«Միլան» (Իտալիա) -«Տոտենհեմ» (Անգլիա) 0:1
«Վալենսիա» (Իսպանիա) – «Շալկե-04» (Գերմանիա) 1;1
«Արսենալ» (Անգլիա) -«Բարսելոնա» (Իսպանիա) 2:1
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 8-ին, 9-ին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
Արթուրի անիմաստ հաղթանակը
Օրեր առաջ մեր հայրենակից Արթուր Աբրահամը վարկանիշային մենամարտ անցկացրեց խորվաթ բռնցքամարտիկ Ստեպան Բոժիչի հետ: Պատճառաբանվել էր, որ մայիսի 14-ին կայանալիք «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչից առաջ հարմար առիթ է ստուգողական մարտում ուժերը փորձարկելու համար: Ամենայն հավանականությամբ, Արթուրը նախատեսել էր 10 ռաունդից գոնե 8-9-ը անցկացնել ռինգում, որպեսզի լիարժեք ֆիզիկական բեռնվածություն ստանա, սակայն, մարտը տեւեց ընդամենը 4 րոպե: Խորվաթը շատ արագ հասկացավ իր մոտ ապագայի ողջ անհեռանկարայնությունը եւ որոշեց կոտրվածք խաղալ: Իհարկե, բժիշկները հաջորդ օրն իսկ պարզեցին, որ Բոժիչի «վնասվածքը» հնարովի է, սակայն արդյունքում ստացվեց, որ Արթուր Աբրահամը տարել է իր երբեւէ ամենաանիմաստ հաղթանակը: Ավելին, սա նույնիսկ վնասակար հաղթանակ էր, քանի որ մարզչական խումբը, ամենայն հավանականությամբ, այս մարտը ծրագրել էր որպես կիսաեզրափակիչի նախապատրաստության կարեւոր փուլ: Իսկ հիմա մեծ արագությամբ պետք է նոր պլան կազմեն, կամ մոտ ժամանակներում նոր, ավելի արժանի սպարինգ-մրցակից գտնեն, կամ վերանայեն նախապատրաստական փուլի սխեման: Թե մեկը, թե մյուսը ակնհայտորեն չէին մտնում Աբրահամի թիմի` Անդրե Ուորդի դեմ մարտին պատրաստվելու ծրագրերի մեջ: Ամեն դեպքում, մինչեւ մայիսի 14-ը բավարար ժամանակ կա, եւ հուսանք, որ Արթուրը վերջ կդնի իր պարտությունների թեկուզ կարճ, բայց ցավոտ շարքին: