Սփյուռքի արձագանքը «Վերին պալատին»

17/02/2011

Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է` իշխանությունները մտահոգված են Սփյուռքում կատարվող զարգացումներից ու հայկական կազմակերպությունների ծավալած գործունեությունից: Այդ պատճառով էլ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին արտոնել էին հապշտապ ու բավականին անակնկալ կերպով հայտարարել, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատ, որպեսզի Վերին պալատում ներգրավված լինեն նաեւ սփյուռքահայ գործիչներ: Բանն այն է, որ սփյուռքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, հայ համայնքն ու հայկական կազմակերպությունները դժգոհ են ՀՀ իշխանություններից եւ որոշել են համախմբել ամբողջ աշխարհի ներուժն ու համակարգող կառույց ստեղծել: Եվ այդ կառույցը չպետք է նման լինի Արա Աբրահամյանի ղեկավարած Համաշխարհային հայկական կոնգրեսին, որն ավելի շուտ այդ լծակները ծառայեցնում է սեփական բիզնես գործունեության համար: Իշխանական մեր աղբյուրների համաձայն՝ սփյուռքի այդ նախաձեռնությունն առայժմ համակարգում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հիմնադիր Հարութ Սասունյանը: Եվ այս նախաձեռնությունը կանխելու նպատակով ՀՀ իշխանությունները որոշել են սփյուռքահայերին գայթակղել երկպալատ խորհրդարանի գաղափարով: Իսկ թե որքանով է սփյուռքը հավատում ՀՀ իշխանությունների այս խոստմանը կամ լուրջ ընդունում դա, կարելի է դատել թեկուզ ընդամենը 2 օր առաջ հրապարակված մի հայտարարությունից: Նախօրեին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը դադարեցնում է իր կողմից հիմնադրված եւ ֆինանսավորվող «Լինսի» հիմնադրամի գործունեությունը` մոտ 200 մլն դոլար գնահատվող ակտիվները փոխանցելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին: Իսկ «Լինսի» հիմնադրամի ատենապետը նույն Հարութ Սասունյանն էր: