Շաբաթվա սկզբից Երեւանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ: Սա, ըստ էության, աննախադեպ երեւույթ է եւ ամենեւին չի տեղավորվում դիվանագիտական արարողակարգի, առավել եւս՝ միջխորհրդարանական հարաբերությունների որեւէ ձեւաչափում: Երեկ ԱԺ պատգամավորները տեղեկացրել են, թե Կարասինին հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի եւ Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ հայ խորհրդարանականների տեսակետները: ՈՒշագրավն այստեղ ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ Կարասինի «հետաքրքրություններն են», քանի որ մյուս հարցերի մասին ռուս դիվանագետները հաստատ Հայաստանի խորհրդարանականներից ավելի լավ են տեղեկացված: Այնպես որ, եթե մի կողմ թողնենք գեղեցիկ ձեւակերպումներն, ապա Կարասինն, ամենայն հավանականությամբ, ոչ թե «հետաքրքրվել է» մեր խորհրդարանականների դիրքորոշմամբ, այլ նրանց է փոխանցել Հայաստանի ներքաղաքական կյանքի, մասնավորապես` առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Կրեմլի տեսակետները: Կամ հանձնարարականները: