Երեկ ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել եւ ընդունվել է կոալիցիոն կուսակցությունների հայտարարության տեքստ, որը ստորագրվելու է այսօր: Մինչեւ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական հանդիպումը ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ եւ համաձայնեցվել է հայտարարության այն տեքստը, որն ավելի ուշ հաստատվել է ՀՀԿ խորհրդի կողմից: Մոտ մեկուկես էջանոց հայտարարության վերջում կա 2 կարեւոր, միեւնույն ժամանակ, անհասկանալի կամ բազմիմաստ արձանագրում: «Նոր փոփոխություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը՝ հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող 5 տարիների ընթացքում»: Միասնականության, միմյանց դեմ պայքար չծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը պահպանելու մասին դրույթները հնարավոր է կյանքի կոչել միայն խորհրդարանական ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու դեպքում: Այսինքն` ցուցակ, որը կազմված կլինի ԱԺ-ում կոալիցիոն ուժերի ներկայիս հարաբերակցությանը համապատասխան քվոտաներով: Այլապես, այդ ձեւակերպումը անհեթեթ է դառնում եւ ստացվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ընտրություններում առանձին-առանձին հանդես գալու դեպքում պետք է այնպես անեն, որ հանկարծ իրենց հավաքած ձայները ավելի կամ պակաս չլինեն իրենց ներկայիս քվոտաներից: Այսինքն` ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինի եւ իշխանությունը կբաժանվի «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ» սկզբունքով` գոնե այս 3 ուժերի միջեւ մրցակցության լիակատար բացակայության պայմաններում: Սակայն հայտարարության այս տեքստի ամենամեծ ինտրիգը եւ կարեւորագույն արձանագրումը 2013թ. նախագահական ընտրություններին վերաբերող ձեւակերպումն է, որով իշխող կոալիցիան, ստացվում է` չի բացառում արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը: Եթե «գործող Նախագահ» արտահայտությանը չի հաջորդում Սերժ Սարգսյանի անունը, ապա դա նշանակում է, որ 2013 թվականին նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ միայն Սերժ Սարգսյանը: Հայտարարության տեքստը տրամաբանական այլ տարբերակ չի թողնում: 2008թ. ապրիլի 9-ից մինչեւ 2013թ. ապրիլ Սերժ Սարգսյանն օժտված է ՀՀ նախագահի լիազորություններով, եթե ինչ-որ իրադարձությունների արդյունքում (հեղաշրջում կամ Սահմանադրությամբ նախատեսված դեպքեր) տեղի չունենան արտահերթ ընտրություններ: Այնպես որ, կոալիցիոն նոր հայտարարությունը կանխորոշելու է ապագա ընտրությունների ընթացքը: Ոչ միայն խորհրդարանական: