«Բացառված է, որ Մոսկվան որեւէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որ կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ, եւ հաշվի առնելով, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը` բացառելով Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի: «Քոչարյանի` թոշակառուի կարգավիճակը չի փոխվի»,- ասել է նա: Այդուհանդերձ, ըստ Դավիթ Շահնազարյանի` Ռոբերտ Քոչարյանը, մնալով ստվերում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ նրան արդեն իսկ հաջողվել է որոշակի անկայունություն մտցնել իշխող կոալիցիայում եւ ներիշխանական շրջանակներում: Դ. Շահնազարյանի կարծիքով, իրականում Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն էլ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը: Շահնազարյանը վստահ է, որ այս ամենն ավելի է խորացրել հակասությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Նա ասել է, որ դիրքերն ամրապնդելու համար մղվող այս պայքարի ֆոնին ՀԱԿ-ը հանդիսանում է կայունության երաշխավորը, իսկ Հայաստանում անկայունություն մտցնելու բոլոր փորձերը դատապարտված են: «Միայն ՀԱԿ-ն է ՀՀ կայունության երաշխիքը»,- հայտարարել է Դ. Շահնազարյանը՝ եւս մեկ անգամ բացառելով Քոչարյանի վերադարձը իշխանական որեւէ պաշտոնի: «Սա ՀԱԿ-ը թույլ չի տա, որովհետեւ ՀԱԿ-ն է այսօր հանրապետության կայունության միակ երաշխավորը»,- ասել է Դ. Շահնազարյանը` շեշտելով, որ ՀԱԿ-ը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների կողմնակից է, ընդդիմադիր դաշտում էլ կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դ. Շահնազարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի սոցիալական իրավիճակին` նշելով, որ այն իր մեջ պայթյունավտանգ տարրեր է պարունակում: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ապագայում չափազանց լուրջ խնդիրների առաջ է կանգնելու: «Մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն փորձում այդ լարվածությունը թուլացնել: Իսկ իմ գնահատականով, իրենց ոչ համարժեք գործողություններով էլ ավելի են սրում այս չափազանց լարված իրավիճակը»,- ասել է Դ. Շահնազարյանը`ավելացնելով, որ բոլոր այդ խնդիրների մասին շատ ավելի մանրամասն կխոսվի ՀԱԿ-ի` փետրվարի 18-ին հրավիրած հանրահավաքում: «Կոնգրեսն իր առջեւ դրել է մի խնդիր, որ բոլոր, այդ թվում եւ՝ սոցիալական խնդիրները հաղթահարելու միակ տարբերակը իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա: Բոլոր փոքր ու մեծ սոցիալական շարժումները, որոնք կան եւ ձեւավորվում են, սոցիալական պահանջներ առաջ քաշելով հաջողության չեն հասնի, քանի որ բացառապես քաղաքական խնդիրները լուծելու շնորհիվ է, որ կարելի է հասնել նաեւ սոցիալական խնդիրների լուծման»,- ասել է նա: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ՀԱԿ-ը համագործակցության առաջարկով դիմել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: «ՀԱԿ-ը քաղաքական կառույց է,- պատասխանել է Դ. Շահնազարյանը` պարզաբանելով,- Տիգրան Կարապետյանի գործունեությունն ընդամենը հասարակական գործունեություն է, որն իր մեջ քաղաքական տարրեր չի պարունակում: Դա իմ կարծիքն է»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, Դ. Շահնազարյանի կարծիքով, այն քաղաքական դաշտում տեղ ունենալու համար պետք է ձերբազատվի Քոչարյանից: Իսկ ՀՅԴ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության մասին հարցին Դավիթ Շահնազարյանը հակիրճ պատասխանել է. «ՀՅԴ-ն երբեք չի դադարել իշխանության մաս կազմել»: