ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ամիսներ տեւած լարվածությունը երեկ երեկոյան որոշակի հանգուցալուծում ստացավ: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ կայացած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում քննարկվել եւ ընդունվել է կոալիցիոն համատեղ հայտարարության նախագիծը, որը պետք է ստորագրվի այսօր:
Ըստ այդ նախագծի՝ «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի»:
Հայտարարության նախագծում, սակայն, կար տարօրինակ մի այսպիսի ձեւակերպում` «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Ի՞նչ է սա նշանակում: Այս արտահայտությունը կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ: Նախ` ինչպե՞ս է հնարավոր ընտրություններից ավելի քան 1 տարի առաջ որոշել, թե գալիք խորհրդարանում ուժերի ինչպիսի դասավորություն է լինելու: Որքան հայտնի է, Հայաստանում ընտրությունը կատարվում է ընտրողների` ժողովրդի կողմից: Գոնե ձեւականորեն, բայց Սահմանադրության այս դրույթը դեռեւս գործում է: Իսկ գուցե այս հայտարարությունը նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նո՞ւյնպես կոալիցիա են կազմելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եթե այդպես է, ուրեմն սա արդեն կարելի է համարել գալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու մասին պաշտոնական հայտարարություն: Հակառակ դեպքում իշխանություններն ինչպե՞ս կարող են կանխատեսել, որ 1 տարի հետո ընտրողներն իրենց ձայները նույն համամասնությամբ տալու են այսօրվա կոալիցիոն կուսակցություններին: Միգուցե ընտրողների կամքով կոալիցիայի ներսում կփոխվի ուժերի համամասնությո՞ւնը: Չէ՞ որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ այդ հայտարարել էր, թե՝ իրենք պայքարելու են 50+1 տոկոս ստանալու համար: Հիմա էլ չե՞ն պայքարելու: Միգուցե: Նախօրեին էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր ազնվաբար հայտարարել, թե «մենք չենք կարող հավաքել 50+1 տոկոս, 50+1 տոկոս հավաքելն այսօր բավականին բարդ է, մենք կբավարարվենք ավելի համեստ տոկոսներով»: Հավանաբար ԲՀԿ-ն էլ այս ընթացքում հասկացել է, որ չի կարողանա ստանալ ձայների 50+1 տոկոսը, եւ այդ «պարգեւը» Հայաստանում տրված է միայն ՀՀԿ-ին: Կամ` եթե իրենց քաղաքական կշիռը չեն ավելացնելու «միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», ապա ո՞ւմ հաշվին են ավելացնելու: Ընդդիմությա՞ն: Առանց այդ էլ խորհրդարանում ընդդիմությունը խիստ փոքր քանակությամբ է ներկայացված, եւ դա չի արտահայտում հասարակության մեջ առկա ընդդիմադիր տրամադրությունները: Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը այսօրվա ոչ այնքան հասկանալի գործունեությամբ ունի այնքան ընտրազանգված, որ գոնե կբավարարի խորհրդարան մտնելու համար: Այսինքն, եթե այս հայտարարության նախագծի համաձայն՝ կոալիցիոն ուժերն իրենց քաղաքական կշիռն ավելացնեն ընդդիմության հաշվին, ապա դա կնշանակի, որ որոշել են 2012թ. խորհրդարանում ընդդիմությանն ավելի քիչ տեղեր տալ:
Իսկ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, որ խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը չի փոխվի հօգուտ ընդդիմության: Անկախ կոալիցիոն հայտարարություններից, Հայաստանում ամեն օր ավելանում է սոցիալական դժգոհությունը, եւ ոչ ոք չի կարող բացառել, որ դժգոհ զանգվածներն, ի վերջո, կարող են «հաշվի չառնել» կոալիցիոն ցանկացած գրավոր հայտարարություն ու բանավոր պայմանավորվածություն, եւ անգամ վարչական լծակներն ու տարիներ շարունակ ձեւավորված ընտրական համակարգը ի զորու չի լինի հասնել «ցանկալի արդյունքի»:
Բավական տարօրինակ է նաեւ հայտարարության տեքստի` նախագահական ընտրություններին վերաբերող հատվածը: Եթե «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում կգնա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի», ապա ինչո՞ւ է համոզված, որ դա հենց այդպես էլ լինելու է: Չէ՞ որ ստորագրվելիք տեքստն ընդամենը քաղաքական հայտարարություն է, եւ իրավական որեւէ ուժ չունի: Ի՞նչը պետք է թույլ չտա նույն ԲՀԿ-ին՝ ցանկության կամ իրավիճակի փոփոխության դեպքում չսատարել մեկ այլ թեկնածուի, ասենք, նույն Ռ. Քոչարյանին, ով կանգնած է ԲՀԿ-ի ետեւում: Եվ եթե ՀՀԿ-ն ցանկանում էր ԲՀԿ-ից հստակ երաշխիքներ ստանալ, որ նախագահական ընտրություններում կպաշտպանեն Ս. Սարգսյանի թեկնածությունը, ապա այս հայտարարության տեքստն այդ հարցը չի լուծում: Այնպես, ինչպես դրա նախորդ կոալիցիոն հայտարարությունը, որը Դաշնակցությանը հետ չպահեց կոալիցիան լքելու քայլից: Ամեն դեպքում վերջին 2-3 շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ պայքարն ընթանում էր նախագահական ընտրությունների ժամանակ գոնե «գործող նախագահին սատարելու» ձեւակերպմամբ հայտարարություն ընդունելու համար: Ս. Սարգսյանն, ի վերջո, հասավ դրան, թեեւ, որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Ծառուկյանն ու Ռ. Քոչարյանը դրան կտրականապես դեմ էին: Թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է ծնվել երեկվա հայտարարության տեքստը, այս պահին դժվար է ասել: Կարծիք կա, որ հայտարարության ընդունման դիմաց ՀՀԿ-ն ինչ-որ զիջումներ կանի առաջիկայում, եւ չի բացառվում, որ այդ «զոհը» լինի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնը կտրամադրվի ԲՀԿ-ին:
Տեղին է հիշել, որ եթե նախորդ շաբաթ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամների միջեւ կար որոշակի լարվածություն, ապա այս շաբաթ արդեն լարվածությունը արտահայտվում էր նաեւ այդ կուսակցությունների ներսում: ՀՀԿ-ում հիմնականում Ս. Սարգսյանի թեւի գործիչներն այն կարծիքին էին, որ ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: Իսկ եթե կամավոր դուրս չի գալիս, ապա իրենք պետք է դուրս «հրավիրեն», քանի որ ՀՀԿ-ն է կազմում իշխանական մեծամասնությունը, մյուս կուսակցություններին էլ հրավիրել է կոալիցիա կազմել: Այս տեսակետի կողմնակիցները վստահ էին, որ եթե ԲՀԿ-ին չհեռացնեն կոալիցիայից, ապա ԲՀԿ-ն իր նախաձեռնությամբ դուրս կգա կոալիցիայից ընտրությունների նախաշեմին` առաջիկա 8-9 ամիսների ընթացքում օգտագործելով իշխանական լծակները: Բացի այդ, հանրապետականներն արդեն համոզված են, որ Ռ. Քոչարյանը շուտով բացահայտ քաղաքական գործունեություն է ծավալելու, բացառված չէ` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի դերում: Արշալույսները ժամանակավորապես կխաղաղվեն ԲՀԿ-ում, երեկվա հայտարարությունն այս կուսակցության հատկապես գործարար անդամներին հնարավորություն կտա հանգիստ շունչ քաշել եւս մի քանի ամիս: Նրանք արդեն պատկերացնում էին, թե կոալիցիայից դուրս գալուց հետո ինչ է իրենց սպասվում: Արդյունքում՝ ոչինչ չշահեց ՕԵԿ-ը: Ավելին, այդ կուսակցությունն այսուհետ, ամենայն հավանականությամբ, կդառնա ԲՀԿ-ի հարվածների հիմնական թիրախը: ՕԵԿ-ը ՀՀԿ-ից ավելի շահագրգիռ էր, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից:
Հ.Գ. Ստորեւ ներկայացնում ենք կոալիցիայի հայտարարության այն տեքստը, որն ընդունվել է ՀՀԿ խորհրդի երեկվա նիստում:
«Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը»
Արդեն երեք տարի է՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:
Քաղաքական կոալիցիան ձեւավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձեւավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի ու վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաեւ կարեւոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում՝ հարավօսական իրադարձությունների եւ աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:
Քաղաքական կոալիցիան վերստին կարեւորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:
Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին՝ առանձնացնելով կոռուպցիայի, կաշառակերության դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը:
Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարեւորությունն այս գործընթացում եւ վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:
Նոր փոփոխություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը՝ հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Օրինաց Երկիր» կուսակցություն