«Հայաստանի կառավարությունն իր գործողություններով նպաստում է սոցիալական դժգոհության ալիքի բարձրացմանը, իսկ այդ գործունեությունը «գնաճածին» է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը: «Դեռեւս անցած տարի մենք կառավարության գործունեությունը գնահատելիս ասել էինք, որ կառավարության քայլերն, ըստ էության, ճգնաժամածին են, բայց հիմա կարող ենք ասել նաեւ, որ այդ քայլերը գնաճածին են, որովհետեւ կառավարության գործունեությունը ոչ միայն չի զսպում գնաճը, այլեւ էլ ավելի է վատթարացնում սոցիալական իրավիճակը եւ խրախուսում գնաճը»,- ասել է նա` մանրամասնելով, որ կառավարության այդ քայլերի շարքում են ԱԺ ներկայացված օրինագծերը` «Ժամանակավոր անաշխատունակության մասին», «Աշխատանքային օրենսգրքի մասին», «Մաքսային օրենսգրքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները: Արա Նռանյանը նշել է նաեւ, որ շուտով Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի «Ավտոկայանատեղի հարկի մասին» օրինագիծը, որը նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի: Ըստ նրա, կառավարությունն իր քայլերով հասցրել է նրան, որ մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել իրենց իրավունքների համար: «Եթե քաղաքացիները հավատան, որ կարողանալու են փոխել իրավիճակը, դա կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների, որը որոշիչ դեր կունենա 2012-ի ԱԺ ընտրությունների վրա»,- ասել է պատգամավորը: