Բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական վերնախավում: Լրագրողական աշխատանքի ընթացքում հաճախ նկատում եմ, որ քաղաքական-տնտեսական գործիչները, նույնիսկ` ոչ բարձր դիրքեր զբաղեցնողները եւ ոչ շատ մեծ կարողություններ ունեցողները, խուսափում են փակ տարածքներում` աշխատասենյակներում, գերատեսչական շենքերի տարածքներում, սրճարաններում, եւ այլն, այն էլ` հեռախոսի առկայությամբ որեւէ հարցի շուրջ անկաշկանդ զրուցել: Բոլորը բոլորին չեն վստահում, վախենում են նույնիսկ միմյանց հետ խոսել հատկապես աշխատասենյակներում, սրճարաններում, ռեստորաններում ու անգամ սեփական ավտոմեքենաների մեջ: Բոլորին թվում է, որ իրենց խոսակցությունը ձայնագրվում է: Զգուշանում են գաղտնալսումներից եւ «մուտիլովկաներից», որը եւս տարածված երեւույթ է մեզանում: Այժմ շատերը նաեւ զգուշանում են Facebook-ներում «ծավալվելուց»: Իսկ այդ մտահոգություններն անհիմն չեն: Տարբեր ժամանակներում այդ մասին վկայող նաեւ աղմկահարույց դեպքեր են եղել: Օրինակ` մի քանի տարի առաջ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ կատարված սկանդալային պատմությունը, երբ ձայնագրվել էր վերջինիս խոսակցությունը Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ: Հիշեցնենք, որ հրապարակումների համաձայն՝ «Մարկո Պոլո» սրճարանում այդ հանդիպման ժամանակ ընդդիմության դիրքերից հանդես եկող Ա. Բաղդասարյանը փոխդեսպանին համոզում էր բացասական գնահատական ներկայացնել 2007թ. խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը «դավաճանական դրսեւորում» որակեց Ա. Բաղդասարյանի այդ քայլը: Երբեմնի ընդդիմադիր համարվող, ապա «հաճախորդների» շարքերը համալրած Արտաշես Գեղամյանը եւս ժամանակին հայտարարեց, թե իր հեռախոսազրույցները գաղտնալսվում են: Նա ասել էր, թե գաղտնալսումը տեղի է ունենում Արկադի Թադեւոսյանի ղեկավարած «ԴՕՍԱԱՖ»-ում: Ավելին, Գեղամյանը պնդել էր, թե իրեն ձայնագրելու նախաձեռնողն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է եղել, ում հետ հիմա բավական լավ հարաբերություններ ունի: Ավելի թարմ օրինակ` մարտի 1-2-ի դեպքերից հետո հայտնի «7-ի գործի» դատավարության ժամանակ իշխանությունները հրապարակեցին ընդդիմության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսան Արզումանյանի եւ մի քանի այլ գործիչների հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք արվել էին այդ դեպքերից առաջ: Այսինքն` նախկինում էլ ժամանակ առ ժամանակ այդ պրակտիկան կիրառվում էր, սակայն ներկայումս կարծես ավելի մասսայական է դարձել: Դրանից վախենում են բոլորը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաները` նախարարները, փոխնախարարները, պատգամավորները եւ այլք, պարբերաբար գաղտնի կերպով «ժուչոկների» մասնագետներ են հրավիրում եւ «մաքրում» իրենց աշխատասենյակները, ավտոմեքենաներն ու անգամ բնակարանները: Պատմում են անգամ, որ նման «չիստկաներից» շատերի արդյունքում «բռերով ժուչոկներ» են հանվում: Սակայն դա կարճ է տեւում, եւ հաջորդ «չիստկայի» ժամանակ նորից նման գաղտնալսող սարքեր են հայտնաբերվում: Այս ոլորտին տիրապետող մասնագետները վստահեցնում են, որ ժամանակակից լազերային տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է անգամ բավական հեռու տարածությունից սեղանի վրա դրված, նույնիսկ անջատված բջջային հեռախոսի միջոցով լսել, թե ինչ են խոսում դրա շուրջ գտնվող մարդիկ: Հնարավոր է պարզել հեռախոսի տիրոջ գտնվելու վայրը: Որոշ տեղեկություններով, վերջին տարիներին Հայաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսող բավական հզոր եւ ժամանակակից սարքավորումներ են ներկրել: Իհարկե, ասվածը կարող է դեդեկտիվ ֆիլմի տպավորություն թողնել, սակայն ոչ հրապարակային խոսակցություններում շատ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ խոստովանում են, որ գաղտնալսող սարքեր տեղադրելու մեջ կասկածում են անգամ իրենց վստահելի վարորդներին, գործավարներին, բոլոր աշխատողներին, նույնիսկ ընկերներին ու սիրուհիներին: Այս «կասկածի որդն» այսօր կրծում է Հայաստանի բոլոր պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին: Ու նրանցից շատերը մտքերի փոխանակության համար աշխատասենյակների, սրճարանների ու ռեստորանների, իրենց ավտոմեքենաների ու անգամ սեփական բնակարանների փոխարեն՝ նախընտրում են զբոսանքը բաց երկնքի տակ: Իսկ հատկապես ներքաղաքական այսպիսի լարված օրերին նման մտահոգություններն ավելի են սրվում:
Երեկ փորձեցինք իշխանական եւ ընդդիմադիր գործիչներից արդեն հրապարակման համար ճշտել` արդյոք մտահոգություններ ունե՞ն, որ իրենց գաղտնալսում են, զգուշանո՞ւմ են նման վիճակներից, եւ այլն: Պաշտոնյաներից շատերը, սակայն, չցանկացան խոսել այս թեմայի շուրջ: Հարցը լսելուց հետո շատերը կամ ծիծաղում էին, կամ անջատում հեռախոսը, բարկանում էին, կամ ասում էին, թե զգուշանալու խնդիր չունեն: «Ոչ, ես միշտ բարձր եմ խոսում»,- ասաց Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանեց, թե ամեն դեպքում պետք է զգույշ լինել: «Անզգույշ մարդն աշխարհի ամենահիմար մարդն է: Նման մտավախություն չունեմ, ունեմ հիմար չլինելու հրամայական: Գլուխդ պինդ պահիր եւ հիմար մի եղիր, իսկ մնացածը, թե կհետեւեն, չեն հետեւի, դա իմ խնդիրը չէ»,- ասաց պատգամավորը:
ՀԱԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե գաղտնալսման մասին խոսակցություններ ժողովրդավարական երկրներում չեն լինում: «Որպես կանոն՝ դրա մասին խոսում են տոտալ հետապնդման պայմաններում, դրա մասին խոսում են միմիայն բռնապետություններում: Իսկ քանի որ մեզ մոտ դասական բռնապետություն է, հետեւաբար, նրանց մտահոգությունները շատ լուրջ են եւ տեղին»,- ասաց Գ. Եղիազարյանը: Իսկ արդյոք իր պաշտոնավարման տարիներին հատուկ ծառայությունները պաշտոնյաների զրույցներն ու հեռախոսազրույցները չէի՞ն ձայնագրում: «Մենք այդպես տոտալ ոչ մեկին չենք ձայնագրել: Եթե ձայնագրել ենք, ապա դա եղել է հարուցված քրեական գործի շրջանակներում, հակառակ դեպքում՝ դա օրենքի կոպտագույն խախտում կլինի: Ես էլ եմ նկատել, որ խոսելուց սկսում են հեռախոսները պահել, միացնում են ռադիոընդունիչներ, ցածր են խոսում եւ տարբեր քայլերի են դիմում: Սա արդեն վերջն է»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը: