Այն, ինչ այսօր տեղի է ունենում փողոցներում, շատերն էին դեռ նախորդ տարվանից կանխատեսում։ Առանց այդ էլ աննորմալ վիճակում գտնվող երթեւեկությունը Երեւան քաղաքում մերթընդմերթ կաթվածահար է լինում խցանումներից։
Պատկերը եւ՛ ծիծաղելի է, եւ՛ տխուր։ Օրինակ, ծիծաղելի է, երբ տեսնում ես տիպիկ «քյարթու» հայ տղամարդու, ով ինքն իրենից ամաչելով՝ կանգնել եւ սպասում է ապահովագրական ծառայության աշխատակցի ու ճանապարհային ոստիկանի ժամանելուն։ Ծիծաղելի է այն պատճառով, որ այդ մարդը մեկ տարի առաջ նման իրավիճակում կասեր «ախպեր, արի ավտոն շուտ քաշենք ճամփի մեջտեղից, քանի «ԳԱԻ-ն չի եկել»։ Իսկ այսօր ինքն է տեղեկացնում ու սպասում։
Իսկ տխուրն այն է, որ ապահովագրական գործակալը որոշ դեպքերում տեղ է հասնում մեկ ժամ ուշացումով։ Օրինակ՝ 2 օր առաջ Մաշտոցի պողոտայում շատ թեթեւ մի վթարի պատճառով շուրջ 2 ժամ խցանում էր, քանի որ վարորդներն իրավունք չունեն մեքենան տեղաշարժել, եւ պետք է սպասեն, մինչեւ գործակալը ժամանի։
Իհարկե, պատճառը ապահովագրական գործակալների դանդաղկոտությունը չէ։ Պատճառը աշխատակիցների թվի անբավարարությունն է։ Ապահովագրական ընկերություններն, իհարկե, որոշ չափով ավելացրել են աշխատողների թիվը։ Օրինակ, Ազգային վիճակագրական ծառայությունում «Մեդիամաքսին» հայտնել են, որ 2010թ. վերջի դրությամբ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների թիվը դեռեւս հայտնի չէ, սակայն մի շարք ապահովագրական ընկերություններում անցկացված հարցումը վկայում է այն մասին, որ աշխատակիցների թիվն աճել է առնվազն 2 անգամ:
Բավարա՞ր է դա արդյոք։ Եթե հաշվի առնենք, որ ավտոապահովագրման շուկայի ծավալներն օրենքի ընդունումից հետո աճել են տասնյակ անգամներով, ապա աշխատողների թիվը կրկնակի ավելացնելը բավարար չէ։ Սակայն սա միակ փաստարկը չէ։ Ինչպես երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել են «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, տարվա սկզբից ընկերությունը գրանցել է 1464 ճանապարհատրանսպորտային պատահար: «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն այդ ծավալները մտահոգիչ է անվանել եւ հույս է հայտնել, որ ձմռան ավարտից հետո ճանապարհային պատահարները կնվազեն։ Նշենք նաեւ, որ արդեն տեղի ունեցած պատահարների համար ընկերությունը կվճարի մոտ 300 մլն դրամ (մոտ 820 հազ. դոլար) հատուցում:
Հիմա նշենք մի ավելի հետաքրքիր ցուցանիշ։ Ընկերության տնօրենի խոսքով, «Ռոսգոսստրախ Արմենիան» կնքել է շուրջ 120.000 ԱՊՊԱ պայմանագիր, որը կազմում է շուկայի 36%-ը։ Եթե շուկայի 36%-ը զբաղեցնող ընկերությունը 2 ամսվա ընթացքում գրանցել է 1464 ՃՏՊ, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր ապահովագրական ընկերությունները միասին գրանցել են ավելի քան 4000 ՃՏՊ երկու ամսվա ընթացքում։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում տարվա ընթացքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կկազմի 24.000։ Լավ, եթե հաշվի առնենք, որ ձմռան ավարտից հետո դեպքերը կնվազեն, կարող ենք 24.000-ի փոխարեն հիմք ընդունել 20.000-ը։
Իսկ հիմա կարդացեք ՀՀ Ոստիկանության կայքում տեղադրված հետեւյալ հաղորդագրությունը. «2010 թ. 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1812 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 258 մարդ զոհվել է, 2462-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։ Փաստորեն, ըստ ոստիկանական վիճակագրության, տարվա կտրվածքով ՃՏՊ-ների թիվը տատանվում է 2000-ի սահմաններում։ Թվերը 10 անգամ տարբերվում են։ Փաստորեն՝ ԱՊՊԱ-ն սղագրեց պաշտոնական ցուցանիշները. իրականում ՃՏՊ-ների թիվը 10 անգամ գերազանցել է նախորդ տարիների պաշտոնական ցուցանիշները։
Հաշվի առե՞լ էին արդյոք ապահովագրական ընկերությունները իրական ու պաշտոնական տվյալների մեջ այս մեծ տարբերությունը։ Ենթադրում ենք, որ այո։ Նույն «Ռոսգոսստրախն», օրինակ, ի դեմս դրա սեփականատեր եւ ղեկավար Դանիիլ Խաչատուրովի, դեռ 2010թ. վերջին կանխատեսում էր գրանցված պատահարների թվի շեշտակի աճ։ Սակայն 10 անգամվա տարբերություն դժվար թե կանխատեսած լինեին։ Եթե, այնուամենայնիվ, ապահովագրական ընկերությունները կանխատեսել էին նման տարբերություն, ապա դա ի վնաս իրենց է։ Այդ դեպքում պարտավոր էին համապատասխան ռեսուրսներ ապահովել՝ իրենց գործը նորմալ կատարելու համար։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ապահովագրական դաշտի խաղացողների համար ամենակարեւորը սկզբնական՝ փող հավաքելու փուլն էր։
«Ռոսգոսստրախի» փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանն էլ կարծիք է հայտնել, որ ԱՊՊԱ-ի ներդրումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ոչ մի երկրում այնպես հաջող չի անցել, ինչպես Հայաստանում. «Ռուսաստանում միայն մեկ տարվա ընթացքում կարողացան հասնել 90 տոկոս ցուցանիշին, իսկ Հայաստանում` 1 ամսում։ Սա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդն ավելի օրինապաշտ է, քան մեզ թվում է»։
Անկեղծ ասած, նման տարբերակով օրինապաշտությունը ստուգելու առիթ արդեն ունեցել ենք. ամրագոտիների օրինակով։ Խնդիրն այն է, որ մարդկանց այլ ելք չեն թողել, քան ենթարկվել օրենքին, որը շատերի սրտով չէ։ Եվ երբ մարդիկ ինչ-որ բան անում են պարտադրված, բնական է, որ փորձելու են նաեւ առավելագույն օգուտ քաղել։ Ապահովագրական գործակալություններից մեկի տնօրենը դժգոհել է, որ արդեն նկատվում են կեղծարարության աճի միտումներ։ Մասնավորապես` ՃՏՊ-ից հետո առավել քիչ վնասված մեքենայի սեփականատերը ողջ մեղքն իր վրա է վերցնում, որպեսզի փոխհատուցումը մեծ լինի։ Մնում է ասել՝ մի դժգոհեք, պարոնայք, դա էլ է մտնում ձեր բիզնեսի առանձնահատկությունների մեջ։ Ապահովագրությունը միայն փող հավաքելը չէ։