Հրաժարվում են քաղաքացիությունից

17/02/2011

Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող, Արցախյան պատերազմի հերոս Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում են գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, 2010թ. հոկտեմբերի 25-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում ՀՀ անունից պետական դավաճանության շինծու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց մեր մարտական ընկերոջը` «Նոր Եդեսիա» ջոկատի լեգենդար հրամանատար, փոխգնդապետ Գ. Հայրապետյանին: Այս օրերին ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Գ. Հայրապետյանի գործի վերաքննությունը, բայց դարձյալ դռնփակ, հասարակությունից գաղտնի, եւ մենք` նրա մարտական ընկերները մտավախություն ունենք, որ կկրկնվի ընդհանուր իրավասության դատարանում բեմադրված սցենարը: Լինելով Հայրապետյանի զինակից ընկերները, իմանալով նրա անցած փառավոր մարտական ուղին եւ նրա բացառիկ ազնվությունն ու նվիրվածությունը հայրենիքին, համոզված ենք, որ փակ դռների հետեւում բեմադրված դատական ֆարսը ինչ-ինչ անձանց հաշվեհարդարն է Գ. Հայրապետյանի նկատմամբ: Հաշվեհարդար, որն իրականացվեց ՀՀ անունից։ Իրականացված գործողությունների, այդ թվում նաեւ՝ Գ. Հայրապետյանի նկատմամբ դատավճռով օրիկնականացված հաշվեհարդարի համար ՀՀ բոլոր քաղաքացիների վրա տարածվող բարոյական պատասխանատվությունից եւ ամոթից զերծ մնալու միակ ճանապարհը տեսնում ենք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մեջ: Ուստի, մենք՝ Արցախի ազատամարտին եւ ՀՀ պետականության կայացմանը անմնացորդ նվիրված վետերան ազատամարտիկներս, ի զորակցություն հանիրավի դատապարտված մեր մարտական ընկեր եւ հրամանատար Գ. Հայրապետյանի, հրաժարվում ենք ՀՀ քաղաքացիությունից»: Դիմումի տակ ստորագրել են «Նոր Եդեսիա» ջոկատի 35 ազատամարտիկներ: