Ինձ ապշեցրեց Հայաստանի իշխանությունների` երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը, ըստ որի՝ երկրորդ պալատը նախատեսում են Սփյուռքի ներկայացուցիչների համար: Սա ի՞նչ «հանճարեղ» գաղափար է: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Ինչի՞ համար է ստեղծվում պատգամավորական տեղերի այս շուկան: Սփյուռքում ո՞վ է տենչում պատգամավոր դառնալ: Եվ ո՞ւմ կցանկանային պատգամավոր ընտրել իրենք` հայկական գաղթօջախները: Եվ կա՞ արդյոք նրանց միջեւ տարբերություն: Տարբեր գաղթօջախների ու պետությունների պրակտիկայից արդեն հայտնի է, որ հաճախ սփյուռքում եւ երկրի ներսում բիզնես շահերը չեն համընկնում. ուրեմն ինչպե՞ս պետք է կարգավորվեն այդ հարաբերությունները: Կցանկանայինք նաեւ իմանալ, թե առանձին գաղութներում թեկնածուների ընտրության ինչպիսի՞ ընտրական մեխանիզմներ եւ մոդուլ պետք է աշխատեն: Եվ ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի ու յուրաքանչյուր գաղութի անվտանգության վրա: Միգուցե հենց այս է պատճառը, որ սփյուռք ունեցող ոչ մի պետություն նույնիսկ չի էլ մտածում խորհրդարանի նման տարբերակ ունենալու մասին: Մեկ այլ հարց. իշխանության դիրքորոշմամբ` ո՞վ կարող է կամ ո՞վ պետք է մտնի այդ օրենսդիր մարմնի կազմի մեջ եւ ի՞նչ հարցերով: Սփյուռքում ո՞ւմ է ձեռնտու ՀՀ-ում այդպիսի նախագիծը: Եվ ո՞վ կարող է ընդհանուր լեզու գտնել ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ կարող է Սփյուռքը բերել խորհրդարանի պալատ, այն դեպքում, երբ մեզ մոտ առանց այդ պալատի էլ երկրորդական, ոչ պիտանի ինֆորմացիայի ավելցուկ կա, որի հիման վրա կողմերից յուրաքանչյուրը կառուցում է իրականության աղճատված իր պատկերը: Արդյոք Սփյուռքի ներկայացուցիչները հիմնական ինֆորմացիա ունե՞ն, եւ արդյո՞ք դա հետաքրքրում է ՀՀ իշխանություններին:
Սփյուռքի համար երկրորդ պալատ ստեղծելու գաղափարը խոսում է այն մասին, որ իշխանությունները պարզապես չգիտեն, թե ինչով զբաղվեն: Եվ այս ամենը խոսում է իշխանության մեջ գաղափարի բացակայության մասին: Եվ այս իրավիճակը նոր չէ: Նախագահներից եւ ոչ մեկը չէր հասկանում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունի, ինչպես է այն կառուցված: Իշխանությունները խեղաթյուրել են հասարակությունը եւ արհամարհել նրա պահանջները: Նրանց չի հետաքրքրում հայ ազգի բնավորությունը, նրա թույլ եւ ուժեղ կողմերը` արդար հասարակություն կառուցելու տեսանկյունից: Ինչպիսի՞ հասարակության է այսօր հասել երկիրը: Եվ ինչո՞ւ են երկրից այդքան մեծ թվով մարդիկ հեռանում: Իսկ երկիրը փոքր է. մի քայլ անում ես` արդեն Սփյուռքում ես: Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն գրում: Որովհետեւ հենց 90-ականներին Հայաստանից արտագաղթեց Խորհրդային Հայաստանի մոտ 50%-ը եւ դարձավ Սփյուռք: Եվ այս արատավոր քաղաքականությունը դեռ շարունակվում է: Այստեղ հիշում ես ՀՀ երկրորդ նախագահի արտահայտությունները, որ նա արեց հայ գործարարների ֆորումի ընթացքում, իբր, ինքը ոչ մի վատ բան չի տեսնում արտագաղթի մեջ` կգնան, կհարստանան ու կվերադառնան: Եվ սա ասում էր Սահմանադրության երաշխավորը: Իսկ ինչո՞ւ մարդը չի կարող հարստանալ սեփական երկրում: Երեւի այն պատճառով, որ երկրի նախագահը նրանց «չի հովանավորում»: Այսօր էլ հասարակության առողջ ուժերը` հզոր գործարարները, լքում են երկիրը եւ հիմա էլ հարեւան Վրաստան են գնում: Սա շատ անհեռատես քայլ է. որքան էլ որ մաքուր աշխատեն այդ գործարարները Վրաստանում, մի երկու տարուց կընկնեն վրացական մահացու թակարդը: Վստահ եղեք, նրանց դեմ կհարուցեն ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾ եւ դուրս կշպրտեն Վրաստանից, որպես «անխիղճ ու նենգ ժողովրդի» ներկայացուցիչների, որոնց տեղ է տվել «ժողովրդավարական» Վրաստանը, իսկ նրանք թույլ չեն տալիս, որ երկիրը նորմալ զարգացում ապրի, քանի որ սովոր են կոռուպցիայի: Վրացիները թատրոնի մեծ վարպետ են: Եվ աշխարհը կծափահարի այդ ներկայացմանը: Եվ նրանք` այդ կույր գործարարները, ստիպված են լինելու թողնել ամեն ինչ ու վերադառնալ Հայաստան` դրանով իսկ բարդացնելով առանց այդ էլ բարդ հայ-վրացական հարաբերությունները: Կարգուկանոն պետք է հաստատել տանը, որքան էլ որ դա դժվար լինի:
Մեր երկիրը դժվարին վիճակում է, ահա եւ «պայծառ գլուխներում» տարբեր գաղափարներ են ծագում, եւ որպես կանոն` թերարժեք: Այսպես, օրինակ, մոտ 10 տարի առաջ իշխանությունները փորձեցին Երեւանում ամենամյա հանդիպումներով միավորել հայ խոշոր գործարարների ջանքերը: Այդ նախագիծն անհաջողության մատնվեց, քանի որ իշխանությունն ու նրա շրջապատը հարստանալու համար հեշտ փողեր էին փնտրում, իսկ Սփյուռքի լուրջ ներդրողներն օրինական երաշխիքներ էին ուզում: Գողանում են անգամ բարեգործական միջոցներից, նայում են բարեգործի աչքերին ու չեն ամաչում: Ե՛վ Հայաստանի, եւ՛ Սփյուռքի կողմից վստահությունը կորել է: Անհաջողության է դատապարտված նաեւ խորհրդարանական խաղերի այս պարզունակ եւ խիստ վտանգավոր նախագիծը: Բայց կարող ենք ժամանակ կորցնել, եւ Սփյուռքի ու Հայաստանի միջեւ հակասությունները անհաղթահարելի անդունդ կդառնան:
Այժմ խոսենք ըստ էության: Ի՞նչ նպատակի համար է ստեղծվում խորհրդարանի այդ պալատը: Կոպիտ ասած` ո՞վ պետք է առնի այդ ապրանքը: Եվ ի՞նչ են խոստանում իշխանությունները Սփյուռքի` պատգամավորի աթոռը գնած ներկայացուցչին: Եվ իշխանություններին ի՞նչ է հարկավոր այդ աթոռը գնած պատգամավորից: Ի՞նչ կարող է նա առաջարկել խորհրդարանին` որպես օրենսդիր մարմնի: Պարզ է, որ այդ ապրանքը նախեւառաջ ձեռնտու է Սփյուռքի կրիմինալին, ով կցանկանա օրինականացնել իր փողերը եւ լուրջ «հովանավոր» ունենալ: Կրիմինալ բիզնեսը վախենալու բան ունի, այնպես որ, յուրաքանչյուր այդպիսի գործարար փողերն իզուր չի ծախսի: Ուրիշ էլ ովքե՞ր կցանկանան գնել պատգամավորական այդ տեղերը: Կարծում եմ` ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, երիտասարդական կազմակերպությունների «ձեռնասուն» առաջնորդները եւ արվեստի աշխարհի «ձեռնասուն» ներկայացուցիչները: Նրանք բոլորն էլ արագ կսովորեն` ինչպես ծառայել իշխանություններին: Իսկ եթե չսովորեն, ամենայն հավանականությամբ, շուտով կթողնեն խորհրդարանը: Թե դրանից հետո ի՞նչ կլինի, պարզ է. մենք բավական հարուստ բացասական փորձ ունենք այս հարցում: Սփյուռքի որոշ ամենահայտնի գործիչներ ՀՀ-ում բավական չափով հարստություն դիզեցին, հիմա էլ գրքեր են հրատարակում` ամեն կերպ փնովելով Հայաստանն ու նրա իշխանություններին, կարծես թե իրենք այնտեղ ընդամենը լուռ դիտորդի դերում են եղել:
Սփյուռքը մի քանի կարեւոր կազմակերպություններ ունի` 1) քաղաքական (կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, ովքեր զբաղվում են ցեղասպանության խնդիրներով եւ լոբբինգ են անում Հայաստանի շահերը), 2) մշակութային-կրթական, 3) եկեղեցական, 4) հայրենակցական (Վանի, Բեյրութի, Ադանայի, Եգիպտոսի, Սիրիայի, եւն), երիտասարդական (մշակույթ, սպորտ, հայրենասիրական միավորումներ), 6) մասնագիտական (բժիշկների, իրավաբանների, ուսուցիչների միություններ, եւն): Այս բոլոր կազմակերպությունները հրատարակչական գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն, ինչպես նաեւ՝ կապված են ԶԼՄ-ների հետ: Հասկանալի է, որ նրանցից շատերը հիմնված են բարեգործական հիմնադրամների ֆինանսավորման վրա: Ամենայն հավանականությամբ, հենց այս կազմակերպությունները կդառնան Սփյուռքի պատգամավորական կորպուսի երկրորդ մասը, իսկ առաջինը կմնա քրեական բիզնեսին: Սփյուռքի այս 2 խմբերն էլ պետք է լավ հայտնի լինեն իշխանություններին եւ արժանանան նրանց հավանությանը: Այստեղ կանոնները թելադրելու է ՀՀ իշխանությունը, իսկ դա կոռումպացված արատավոր համակարգի մի մասը դառնալու ամենակարճ ճանապարհն է:
Այսօրվա Սփյուռքը (երկրների մեծ մասում) բաղկացած է 2 մեծ հատվածներից` 1) ցեղասպանությունից հետո տարբեր երկրներում հայտնվածների երեխաներից ու նրանց սերունդներից եւ, 2) ԽՍՀՄ փլուզումից հետո արտագաղթածներից: Առաջին խումբը լավ կազմակերպված է եւ բավական ինտեգրված է այն երկրում, որտեղ ապրում է: Երկրորդն ամեն կերպ աշխատում է ինտեգրվել այդ երկրին: Եվ եթե առաջին բաղկացուցիչն աշխատում էր իր աշխատանքի, տաղանդի, էներգիայի շնորհիվ տեղ գտնել արեւի տակ, ապա երկրորդը չի խորշում կրիմինալից: Այս խումբը բավական լավ գիտի ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ շատ բարեկամներ ու ծանոթներ ունի, այդ թվում` ՀՀ իշխանության մեջ: Յուրաքանչյուր գաղթօջախի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ խմբերում կան արժանավոր մարդիկ, ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, խելացի ու կարգին մասնագետներ: Սակայն կարեւոր է, թե Սփյուռքում ո՞ւմ վրա է հենվելու ՀՀ իշխանությունը: Եթե արժանավոր ու ազնիվ մասնագետների վրա, ապա ինչո՞ւ նա այդպիսի ընտրություն չի անում հենց Հայաստանի ներսում:
Սակայն պետք է միանշանակ ասեմ, որ Սփյուռքի շատ ու շատ արժանավոր մարդիկ ի վիճակի չեն հասկանալու Հայաստանի դրության ողջ բարդությունը, շատերը չեն կարող ընդունել ՀՀ-ում խաղի կանոնները, ոմանք էլ չեն կարող մշտապես ներկա գտնվել խորհրդարանի նիստերին` թողնելով իրենց պրոֆեսիոնալ կարիերան կամ սեփական բիզնեսը: Ահա թե ինչու եմ ես պնդում, որ միայն կրիմինալը խիստ շահագրգռված կլինի այդ խորհրդարանով: Սակայն, ինչպես երեւում է, ՀՀ իշխանությունների համար այդ բացասական իմիջը սարսափելի չէ:
Ազգային անվտանգությունը մեր թեմայի կարեւոր բաղկացուցիչներից է: Սփյուռքը բավական մեծ կախում ունի տարբեր երկրների հատուկ ծառայություններից: Սա է ապացուցում, օրինակ, ԽՍՀՄ արտաքին հետախուզության փորձը: Ինչպե՞ս գնահատել մի երկրի անվտանգությունը, որը գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական կարգավիճակում, որն իր հերթին՝ Թուրքիայի նման հավատարիմ դաշնակից ունի, որը շրջափակման մեջ է պահում ՀՀ տրանսպորտային զարկերակը: Պակաս բարդ չէ եւ Վրաստանի խաղը: Բարդ է նաեւ իրանական բաղադրիչը: Իսկ հենց սկզբից բանակցություններում ճիշտ դիրքորոշում եւ շեշտադրումներ անել չկարողանա՞լը՝ Հայաստանին եւ Արցախին պարտադրված պատերազմում տանուլ տված Ադրբեջանի հետ: Հիշենք, թե ՀՀ առաջին նախագահի օրոք ի՞նչ էին խորհուրդ տալիս Սփյուռքից ժամանած «մեծ մասնագետները»: Իսկ հետո նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության միջեւ վեկտորների հարաբերակցությունը չըմբռնելը: Իսկ այդ ժամանակ իշխանությունները թալանում էին (եւ հիմա էլ շարունակում են թալանել) ու մեջ-մեջ անում խորհրդային ունեցվածքը` պետության մեջ սահմանադրական-ժողովրդավարական կարգ հաստատելու փոխարեն: Եվ ԱՄՆ-ը, ԵՄ-ն տվեցին ու հիմա էլ տալիս են թալանելու հնարավորություն, սակայն իշխանությունները կորցրել են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության, ինչպես նաեւ՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վստահությունն ու հարգանքը: Անձնական հարստացումը եղել եւ մնում է իշխանությունների հիմնական քաղաքականությունը` իսկապես ժողովրդավարական պետություն կառուցելու փոխարեն: Այժմ ինչպե՞ս պետք է Սփյուռքից վերականգնեն այդ հարգանքն ու վստահությունը: Ո՞վ պետք է դա անի: Հայաստանի ներսում այդպիսի ուժեր դեռեւս չկան: Դեռ ուժեղ չէ այն կրթված, լավ վաստակող, եւ ասել է թե` անկախ երիտասարդությունը, ում շահերը ժողովրդավարության դերի` որպես հասարակության ներսում իսկապես սոցիալ-իրավական արդարության ճիշտ ընկալման մեջ են:
Ինչպե՞ս պետք է առաջադրվեն տարբեր երկրներից, աշխարհում եւ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի մասին տարբեր տեսակետներ ունեցող, մասնավորապես` Հայաստանի եւ տարածաշրջանի իրական խնդիրներն ու պրոբլեմները բացարձակապես չհասկացող ապագա պատգամավորները։ Ուրուգվայի, Ավստրալիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ու Կանադայի գաղթօջախի ներկայացուցիչը ինչպե՞ս պետք է հասկանան, ըմբռնեն պետության իրական խնդիրները, եւ ի՞նչ կարող են նրանք առաջարկել: Սա լիակատար անհեթեթություն է: Քանի դեռ մենք ինքներս չենք մաքրվել, չենք ուղղվել` մեզ ոչինչ չի հաջողվի: Մենք կանգնած ենք շատ մեծ դժվարությունների առջեւ: Ես երբեք այսքան մտահոգված չեմ եղել երկրի ճակատագրով, որքան այս վերջին ամիսներին: Աշխարհը կտրուկ փոփոխվում է: Տարածաշրջանը, որի մեջ մտնում է Հայաստանը, տագնապալի դինամիկա է ապրում: Հայաստանի բոլոր հարեւաններն էլ բավականաչափ նենգ են: Ռուսաստանը, որը բարձրաստիճան հայ քաղաքական գործիչների համար չափանիշ է, արմատական փոփոխությունների մեջ է: Վերջապես Ռուսաստանում ճիշտ իրավիճակ է հաստատվում, երբ պետության երկու առաջնորդ, ընտրություններից առաջ միմյանց հետ մրցակցելով, փորձում են ուղղել հասարակության ներսում դեֆորմացիան` կարգավորելով սոցիալական պաշտպանվածության համակարգը իրենց երկրի բոլոր քաղաքացիների համար: Նույն բանն է անում Օբաման ԱՄՆ-ի համար` կարգավորելով շարքային ամերիկացիների սոցիալական օգնությունը, ինչի շնորհիվ ցանկանում է նվազագույն կորուստներով դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Քանի որ պետության հիմքը յուրաքանչյուր քաղաքացու կյանքն է ու արդար ընտրության ազատությունը: Այստեղից էլ գալիս է նրա սերը երկրի հանդեպ, նրա լիարժեք աշխատանքը, ստեղծագործական նախաձեռնությունը: