«Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջ ունենալ, քան Եգիպտոսինը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է նախկին Խորհրդային Միության առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հետեւողականորեն չպաշտպանենք մարդու իրավունքները, չձեւավորենք արդյունավետ խորհրդարան, որն ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա ես կարծում եմ` եգիպտական սցենարի հարավորությունը կսկսի աճել»,- ասել է նա: Խորհրդային պետության առաջին եւ վերջին նախագահը խստորեն քննադատում է Ռուսաստանի այսօրվա իշխանություններին` ասելով. «Տեսեք, թե ինչպես է ձեւավորվում իշխանությունը` վերցում են իրենց մտերիմներին, ում հետ սովորել են, ում հետ ապրել են նույն փողոցում, ում հետ ֆուտբոլ են խաղացել, ում հետ ինչ-որ գործեր են արել ու շարունակում են անել: Այսինքն` գլխավորն անձնական հավատարմությունն է, ծանոթությունը, մտերիմ հարաբերությունները: Ես այդպիսի մոտեցում չեմ ընդունում` վճռականապես»: Ներկայիս Ռուսաստանի իշխանություններից Գորբաչովի հիմնական պահանջը, դժգոհությունն այն է, որ դանդաղ են լուծվում ժողովրդավարության խնդիրները: «Ժողովրդավարության տեսակետից ամեն ինչ կա` խորհրդարան կա, դատարաններ կան, մամուլ կա, բայց արդյունքները շատ քիչ են»,- ասել է նա: Ռուսաստանի առաջիկա` 2012 ու 2018 թվականների նախագահական ընտրությունների մասին ասվում է, թե առաջինում կառաջադրվի Մեդվեդեւը, հետո նորից` Պուտինը: Այս խոսակցությունների առնչությամբ Գորբաչովը շեշտում է, թե ամոթ է, երբ երկրի ղեկավարներն ասում են` «ժամանակը կգա, կնստենք, կորոշենք` ով կառաջադրվի ընտրություններում»: Ըստ Գորբաչովի, նրանց փոխարեն ինքն ամոթ է զգում` կարծես թե հասարակություն չկա, Սահմանադրություն չկա, ընտրական համակարգ չկա` նրանք երկուսով պիտի որոշեն: «Երկուսի իշխանություն, իսկ ո՞ւր ենք մենք` 140-միլիոնանոց ժողովուրդը: Դա ինձ դուր չի գալիս: Նրանք համոզված են, որ իրենք հայրենիքի փրկիչներն են, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ»,- ընդգծել է նախկին խորհրդային պետության ղեկավարը: Նա ասում է, որ արդեն հայտնվում են մարդկանց այնպիսի խմբեր, որոնք կգտնեն եւ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու կառաջադրեն: