Երեկ Հայաստան է ժամանել Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության, Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ – իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Ի դեպ, վերջին երկու ամիսներին հայ-իրականական հարաբերությունները ջերմանում են «կայծակնային արագությամբ»` սկսած Իրանից դեպի Հայաստան բենզինի ու դիզելային վառելիքի մատակարարման խողովակաշարի կառուցման մասին հայտարարություններից, մինչեւ Հայաստանի կողմից որպես բարի կամքի դրսեւորում՝ իրանցի բանտարկյալների վերադարձը հարեւան երկրին: Երկկողմ հարաբերությունների սերտացման տեսանկյունից դրանք, իհարկե, արդյունավետ, գուցեեւ՝ խոստումնալից քայլեր են, սակայն դժվար է ասել, թե ինչ «աշխարհաքաղաքական» հետեւանքներ կարող են ունենալ: Համենայնդեպս, ամերիկյան կողմը գոնե պաշտոնապես դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել այս գործընթացին: «Զարմանալի պատահականությամբ», սակայն, նախօրեին հայտնի դարձավ, որ Քըրք Քըրքորյանը որոշել է դադարեցնել «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ԱՄՆ վարչակազմն էլ պատրաստվում է 2012 թվականին Ադրբեջանին ռազմական ոլորտի զարգացման համար ավելի մեծ օժանդակություն տրամադրել, քան Հայաստանին: