Ցանցային դարաշրջան

17/02/2011

«Ամբողջ աշխարհում Ինտերնետի ազատության խնդիրը կարեւոր է ԱՄՆ-ի համար»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում իր ելույթում անդրադառնալով եգիպտոսյան վերջին զարգացումներին: Նա նաեւ ասել է, թե Ինտերնետի հնարավորությունները չպետք է սահմանափակվեն` անգամ «Wikileaks» կայքի կողմից ամերիկյան դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո, ինչն ԱՄՆ-ի խիստ քննադատությանն էր արժանացել: «Թշնամական» ձայների ու խլացուցիչների դարաշրջանը փոխարինվել է սոցիալական ցանցերի դարաշրջանով»,- ասել է Հիլարի Քլինթոնը` ընդգծելով, որ «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերը մարդկանց ինքնարտահայտման հնարավորություն են տալիս, եւ որեւէ մեկն ի զորու չէ հետ շրջել ժամանակը: Ըստ BBC-ի, ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնել քաղաքացիական ակտիվիստներին՝ շրջանցել գրաքննությունն այն երկրներում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Այդ նպատակով Սպիտակ տունը կհատկացնի 25 մլն դոլար: Իսկ Քլինթոնը` հիշեցնելով, որ արդեն կա արաբերեն ու պարսկերեն լեզուներով «Twitter», տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կթողարկվեն նաեւ ցանցի ռուսերեն, չինարեն, ինչպես նաեւ՝ հնդկերեն տարբերակները: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, համաշխարհային առաջնորդները պետք է հասկանան, որ համացանցի տարածումն իր մեջ ռիսկեր է կրում, որոնք կապված են մարդկանց` ավելի շատ իրավունք ու ազատություն ստանալու ձգտման հետ, հակառակ դեպքում երկրները կարող են զրկվել նոր տեխնոլոգիաների կողմից ապահովվող բոլոր տնտեսական ու սոցիալական առավելություններից: