Մոտ տասը տարի առաջ մեր տնտեսական լրատվության հիմնական հերոսը հանրահայտ «Լինսի» հիմնադրամն էր: Վերջին օրերին այս հիմնադրամը համաշխարհային լրատվության առաջին էջերում է: Պատճառը պարզ է: Հիմնադրամի հիմնադիրը` պաշտոնապես ամենահարուստ հայ գործարար Քըրք Քըրքորյանը որոշել է փակել հիմնադրամը: Հիմնադրամի «մնացորդային» 200 մլն դոլար գումարը Քըրքորյանը նվիրաբերել է Կալիֆոռնիայի համալսարանին: Այս փաստը հավանաբար մեզանից շատերին ցնցեց: Մեր հասարակական պատկերացումներում հայազգի բարերարի հիմնած «Լինսի» հիմնադրամի փողերը պատկանում էին Հայաստանին: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է վերլուծել հիմնադրամի գործունեության պատմությունը մի քանի տեսանկյունից: Հայաստանի հետ համագործակցությունը հիմնադրամը սկսել է 1999թ.-ից: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմնադրամի հետ համագործակցությունը համարում էր իր հաջողության նախապայմաններից, հետո հայտարարվեց, որ գործունեության երկու տարում հիմնադրամը մոտ 150 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել: Պաշտոնապես նշվեց, որ դրանք 17 հազար աշխատատեղ ապահովեցին: Բայց համագործակցության մասշտաբները դանդաղ էին ընդլայնվում: Հիմնադրամում շատ ավելի փող կար: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը չի կարողանում ներքաշել «Լինսի» փողերը: Չինովնիկներին ու գործարարներին առաջարկվեց այդ ուղղությամբ ծրագրեր մշակել: 2000թ. «Լինսը» մեր բանկերին միջնաժամկետ առեւտրային վարկեր էր տրամադրում: Բայց այս գործն էլ էր դանդաղ ընթանում: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ Հայաստանի տնտեսությունը վարկային միջոցների կարիք չուներ: Այս տարօրինակ փաստը բացատրվում է մեր տնտեսության բնույթով: Մանր ու միջին բիզնեսն էական տեսակարար կշիռ չունեն: Թե արտադրությունը, թե ներմուծումները, թե նույնիսկ առեւտուրը կենտրոնացած է խոշոր գործարարների ձեռքում: Նրանք բոլորը սեփական բանկեր ունեն եւ իրենք կարող են ֆինանսավորել ցանկացած գործարարի: Եթե, իհարկե, ցանկանան: Ուստի 2002-ին «Լինսի» միջոցների ներգրավման համար մշակվեցին պետական ծրագրեր: 2003-ի տնտեսական պլաններում իշխանությունների հայտարարության համաձայն՝ «Լինս» հիմնադրամը ներդրեց 71 մլն դոլար ճանապարհաշինության ոլորտում, 45 մլն դոլար աղետի գոտու բնակարանաշինության ոլորտում, 18 մլն դոլար մշակութային ոլորտում եւ 14,5 մլն դոլար Երեւանի փողոցների բարեկարգման համար: Այս ծրագրերի մի մասի արդյունավետությունը մինչ այժմ էլ քննարկումների թեմա է: Տպավորություն էր ստեղծվել, որ իշխանություններն անհրաժեշտությունից եւ նպատակահարմարությունից ելնելով չէ, որ կազմել էին այդ ծրագրերը: Հիմնական գաղափարախոսությունը «Փող կա, եկեք ծախսենք» կարգախոսն էր: Ծախսեցին: Նորոգեցին թատրոններ, թանգարաններ: Այդ մշակութային օջախներում տեղադրվեցին թանկարժեք ջեռուցման ու հովացման համակարգեր: Համակարգեր, որոնց օգտագործման համար պետբյուջեն անհրաժեշտ հատկացումների հնարավորություն չուներ: Ուստի շենքերն ու այդ համակարգերը սկսեցին շարքից դուրս գալ: 2003-ի շինարարության ակտիվ սեզոնին Երեւանի մայթ-փողոցներն էին նորոգվում: 2003/04թթ. ձմռան ավարտից հետո պարզվեց, որ ձյան հետ հալվել էին նաեւ բետոնային սալիկները, ճամփեզրի քարերը: Հասարակության ու մամուլի քննարկման թեման այդ պահից դարձավ «Լինս» հիմնադրամի ֆինանսական միջոցների աննպատակ օգտագործումն ու վատնումը: Մեր հասարակությունը միշտ էլ հառաջաբանորեն (ապրիորի) ընդունում է, որ իշխանությունները վարկային միջոցները վատնելու «իրավունք» ունեն: Սակայն` ընդունելով հանդերձ, ենթադրում է, որ վատնումից հետո ինչ-որ նյութական բան պիտի մնա: Թեկուզ վարկային միջոցի կեսի արժողությամբ: Երբ (կարծեմ 2006-ին) շահագործման հանձնվեց Սարալանջի մայրուղու «Պլանի գլուխ» կոչվող թաղամասից վերեւ գտնվող 60 մետրանոց թունելը, պատկերը ողբերգական դարձավ: Գործարկման հենց առաջին շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ թունելը նորոգման կարիք ունի: Քաղաքացիական պետության պարագային այս փաստը իրավաբանական վերլուծության կարժանանար: Քրեական գործերով, դատավարություններով: Մեր պարագային թունելը պարզապես հարցականի տակ դրեց հայոց շինարարական հանճարի առասպելի գոյության իրավունքը: Թունելը նորոգվեց: Հիմնադրամում շատ փող կար: Ու արդեն ակնհայտ էր, որ հիմնադրամի տիրոջ մոտ այդ ճանապարհով հայրենիքին օգնելու ոգեւորությունը մարում է: Որովհետեւ Հայաստանում սկսվել էր շինարարական բումը: Ու տնտեսական տրամաբանությանը հակառակ՝ շինարարությունն օր օրի թանկանում էր: Նախահաշվարկով տրամադրված գումարներն արդեն չէին բավարարում շինարարությունն ավարտելու համար: Շինանյութի երկուսից-երեք անգամ թանկանալը դժվար էր արտասահմանցի բարերարին բացատրելը: Անկեղծ ասած, չեմ հետեւել, թե որ պահից հիմնադրամը սկսեց կրճատել իր մասնակցությունը: Բայց դա սպասելի փաստ էր: Բարերար ու հայրենասեր լինելն ամենեւին չի նշանակում՝ կույր կամ հիմար լինել: Հատկապես գործարարի պարագային: Մնում է միայն անհրաժեշտ եզրակացություններ անել: Նախ՝ գնահատել ու արժանին մատուցել գործարարին, ով 2006-ից հետո էլ շարունակում էր դրամ հատկացնել գյուղական ճանապարհներ ու դպրոցներ նորոգելու ծրագրերին: Հետո հասկանալ, որ Հայաստանի հետ կապերը խզելը լուրջ ու բացասական գործոն է: Ոչ միայն Սփյուռքի հետ գործարար կապերի ոլորտում: Քըրքորյանի մասշտաբի գործարարների քայլերին բոլոր լուրջ ներդրողներն են հետեւում: Իսկ մեր իշխանությունները միջազգային կառույցներից մեծածավալ վարկային միջոցներ ստանալու բոլոր հնարավորություններն արդեն սպառել են: Հետեւաբար՝ նրանց հույսն անհատական ներդրումների հետ է կապված: Իսկ «Լինսի» հիմնադրամի մյուս դրական գործերի կողքին, թերեւս, ամենակարեւորն այն է, որ ի ցույց դրեց մեր տնտեսության բացասական գծերը: Նրանք, որոնց գոյության պարագային տնտեսության զարգացման հեռանկարն անիրականանալի են դարձնում: