«Դեղագործությունը հեռանկարային ոլորտ է Հայաստանի համար եւ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- երեկ «Արփիմեդ» դեղագործական ընկերություն կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մասնակցել է ընկերության նոր ստերիլ հոսքագծի տարածքի պաշտոնական բացման արարողությանը: «Համոզված եմ, որ «Արփիմեդի» նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել բարձր որակի դեղեր: Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի այդ դեղերն ունենան մեծ պահանջարկ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեր առողջապահական հիմնարկներն օգտվեն այդ դեղերից: Այս դեղերն արտադրվում են իդեալական պայմաններում, եւ սպառողը կարող է անհոգ լինել, որ դրանց որակը բարձր է»,- ասել է Սարգսյանը` կարեւորելով կառավարության կողմից ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: «Սպառողը պետք է համոզվի, որ Հայաստանում արտադրվող դեղի որակն ավելի բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, մատչելի գին ունի»,- ասել է նա: