Մեր թերթի վերջին համարում հրապարակված նյութը՝ «Տնօրենն ինձ հայհոյել է» հոդվածի առնչությամբ մեր խմբագրություն էին զանգահարել Էջմիածնի բազմաթիվ բնակիչներ:
Հիշեցնենք, որ 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին աշակերտը, մեզ հետ զրույցում պատմել էր դպրոցի տնօրենի որդու եւ վերջինիս ընկերների բախումների մասին, որի գագաթնակետն էր դարձել դպրոցի տնօրենի կողմից սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելն ու ճանկռելն իր իսկ դպրոցի աշակերտին: Խմբագրություն զանգահարած մարդիկ պատմում էին տարիներ շարունակ այդ դպրոցում տիրող բարքերի, տնօրեն Սուսաննա Նազարյանի գործունեության մասին՝ նշելով, որ իրենք տարիներ շարունակ ծարավ էին ճշմարտությունը պատմելու եւ լսելու, որը միշտ քողարկվել է: Նրանք նաեւ պատմեցին, որ այս օրերին քաղաքի, ինչպես նաեւ դպրոցի պատերին փակցրել էին մեր թերթում տպագրված հոդվածի պատճենները, եւ անասելի աշխուժություն էր տիրում: Բնակիչները խոստացել են ոտքի կանգնել մեկ մարդու պես՝ այլեւս թույլ չտալով, որ իրենց երեխաների իրավունքները շարունակեն ոտնահարվել: Ինչեւէ, հեռախոսազանգերին հաջորդող օրը այցելեցինք Էջմիածին՝ ճշտելու այն անհավանական պատմությունների մանրամասները, որոնք մինչ այդ լսել էինք:
Էջմիածնի Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի բակում այն տպավորությունն էր, ասես գտնվում էի կալավայրի դարպասների մոտ: Դարպասներից այն կողմ հավաքված աշակերտները, պարզվեց, սպասում էին իրենց դասղեկներին: «Մինչեւ որ դասատուն չգա, մեզ ճանապարհ չդնի, չեն թողնում դուրս գանք»,- ասաց դրսում կանգնած աշակերտներից մեկը: Ընդ որում՝ նկատենք, որ բակում աշակերտների ծնողներ չկային, եւ միայն մի տատիկ էր սպասում 5-րդ դասարանցի իր թոռնիկին: Քիչ անց նկատեցի, որ դպրոցի բակում տեսախցիկ է տեղադրվել: Որոշ ժամանակ անց դարպասի դուռը բացվեց, եւ աշակերտների մի խումբ դուրս եկավ, որից հետո հսկիչը դարպասը բացեց ոչ թե մի խմբի, այլ մեկ աղջկա ճանապարհ դնելու համար: Աղջկան ճանապարհ էր դնում նարնջագույն մազերով մի կին, ով, ինչպես հետո ասացին զրուցակիցներս` դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանն էր: Մեր հոդվածի հրապարակումից հետո տեղեկացանք Ալբերտ Հարությունյանի տատիկի՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանի հանդեպ դպրոցի տնօրենի կողմից գործադրված հոգեբանական ճնշումների մասին, հետեւաբար այցիս ընթացքում փորձում էի այդ ուսուցչուհուն գտնել: Մոտեցա դարպասներին եւ հսկիչին խնդրեցի թողնել ներս մտնել՝ հայտնելով լրագրող լինելուս մասին: Սակայն հսկիչ կինն այնպիսի ուժով ինձ ետ հրեց ու դուռը փակեց վրաս, որ քիչ էր մնում բերանքսիվայր ընկնեի: Այնուհետեւ խնդրեցի հսկիչին՝ Բահար Եղիազարյանին տեղյակ պահել, որ իրեն լրագրող է սպասում: Շատ չանցած դպրոցի դարպասները բացվեցին, եւ ինձ ընդառաջ եկան դպրոցի 2 աշխատակիցներ: Երբ հարցրեցի, թե ինչպես հասկանալ կրթօջախի դարպասների փակ լինելը, նրանք շատ հանգիստ պատասխանեցին, որ իրենց դպրոցում միշտ էլ այդպես էր, եւ, որ դա անում են անվտանգությունից ելնելով, եւ թե այդպես ծնողներն ավելի հանգիստ են լինում իրենց երեխաների համար: Ինչեւէ, ուսուցիչները նախ իրենց բողոքներն ու դժգոհությունները հայտնեցին մեր հրապարակումից: Նրանց համար խիստ վիրավորական էր, որ անչափահաս աշակերտի կարծիքն ենք լսել: Այդ պահին նկատեցի, թե ուսուցիչներից մեկն ինչպիսի արագությամբ էր փորձում հեռախոսով ձայնագրել իմ խոսքերը: Ավելին՝ ուսուցիչներն ինձ մեղադրեցին իմ «ագրեսիվ պահվածքի» համար՝ չնկատելով իրենց դպրոցում տիրող բռնատիրական մթնոլորտը, երբ հսկիչը մամուլի ներկայացուցչին ուղղակի կարող է հրել-գցել: Զավեշտալին մանկավարժների պատասխանն էր, թե իբր հսկիչն ինձ աշակերտի տեղ էր դրել: Եթե աշակերտի տեղ էր դրել, հետեւաբար՝ տարիքով այնքան փոքր եմ երեւում, որ չեմ կարող «ագրեսիվ պահվածք» ունենալ, ինչպես իրենք էին ասում: Կամ, եթե հսկիչն ինձ աշակերտի տեղ էր դրել, ուրեմն առավել եւս իրավունք չուներ հրել-գցելու: Կոլեկտիվի անդամների հետ զրույցը բառի բուն իմաստով «ռազբորկա» էր հիշեցնում. նրանք այնպիսի կեցվածքով էին, ասես, ԶԼՄ-ի ներկայացուցիչն իրենց դպրոցի աշակերտներից է, ում պատրաստվում էին հերթական անգամ պատժել: Ուսուցիչները նույնիսկ ասացին, թե կատարվածի մասին Ալբերտի տատիկը հերքել է: Ավելին՝ նրանք վստահեցրեցին, թե նույնիսկ Ալբերտի տատիկի ձայնագրություններն ունեն: «Մենք մինչեւ վերջ գնալու ենք»,- դուրս գալու պահին հոխորտացին ուսուցիչները՝ սպառնալով դատի տալ թերթին:
Ավելի ուշ փորձեցինք կապ հաստատել նաեւ Բահար Եղիազարյանի հետ: Ըստ վերջինիս՝ մեր այցելությունից անմիջապես հետո տնօրենը մանկխորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ ամբողջ կոլեկտիվը հանդես է եկել՝ ի պաշտպանություն դպրոցի ղեկավարի: Ըստ Բ. Եղիազարյանի՝ մեր առաջին հրապարակման ժամանակ, երբ մենք զանգահարել էինք Սուսաննա Նազարյանին, հեռախոսազանգից անմիջապես հետո տնօրենը ուսուցչուհուն կանչել էր իր մոտ: «Նա ասաց, որ հենց հիմա գնամ ու ասեմ, որ այդ հոդվածը լույս չտեսնի: Ես էլ Եղիազարյանին (ամուսնուն.- Մ.Մ.) խնդրեցի, որ թերթը լույս չտեսնի: Հաջորդ օրը մի գրություն բերեցին, որտեղ գրված էր, թե` ամուսինս ու փեսաս ինձ դուրս են անում, ասում են՝ դու պիտի գնաս թերթին հոդված տաս: Ես կարդացի, տեսա, որ ստորագրել են, ասացի, թե՝ ինչո՞ւ եք էդպիսի բան ասել: Ես ասել էի, որ ամեն ինչ անում եմ, որ մեր կոլեկտիվի շահերը պաշտպանեմ, հետո կատակով ասացի՝ նույնիսկ ամուսինս ասաց` մի սենյակ չկա, որ գնաս մնաս, որ էդքան կոլեկտիվին գովում ես: Ծիծաղեցին, անցավ-գնաց, ու ես չէի պատկերացնում, որ նման բան կգրեն: Հետո տնօրենն ինձ կանչեց, ասաց՝ ես քեզ կզրպարտեմ, կասեմ՝ տղադ կաշառք է վերցնում, աղջիկդ կաշառք է վերցնում, դու կաշառք ես վերցնում աշակերտներից»,- պատմեց Բ. Եղիազարյանը: Ինչեւէ, մենք փորձեցինք զրուցել նաեւ այն աշակերտների հետ, ովքեր այդ դպրոցից դուրս էին եկել: Ի դեպ, թիվ 2 ավագ դպրոցի ուսուցիչների փոխանցմամբ՝ սեպտեմբերից մինչ օրս դպրոցից դուրս են եկել ընդամենը 3 աշակերտ՝ ներառյալ Ալբերտ Հարությունյանը: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ թիվ 2 դպրոցից ներկայումս թիվ 5 ավագ դպրոց է տեղափոխվել 9 աշակերտ, որոնցից 6-ի հետ մեզ հաջողվեց զրուցել: Նրանց խնդրանքով եւ հասկանալի պատճառներով՝ մենք չենք հրապարակի անուն-ազգանունները: Երեխաները տարբեր պատճառներով էին դպրոցից դուրս եկել. ոմանք՝ ճանապարհի երկարությունից, ոմանք՝ հիասթափված վիճակից ելնելով: «Այնտեղ չկա տնօրեն-ուսուցիչ հարգանքը, եւ շատ անգամ տեսել ենք, թե տնօրենն ինչպես էր ուսուցիչներին, անգամ մեր ներկայությամբ, վիրավորում: Նա կոնկրետ բառերով կարող ա վիրավորել դասղեկին՝ վերջին աստիճանի ստորացնի, քցի երեխաների աչքին: Բռնատիրական կարգեր են տիրում»,- ասացին աշակերտները՝ ընդգծելով, որ տնօրենի 2 երեխաներն արտոնություններ ունեն դպրոցում: «Նրա աղջիկն էլ, տղան էլ արտոնություններ ունեն դպրոցում, այսինքն՝ թե գնահատականների, թե դիրքի առումով: Եթե ինչ-որ բան լինում ա, իրանք հաստատ առաջ են»,- նկատեցին աշակերտները, որոնցից ոմանք դժգոհեցին նաեւ կրթության որակից: «Քննության ժամանակ շատ վատ մթնոլորտ էր, տնօրենի բառերը, օրինակ, մի քանի արտահայտություններ ասեմ՝ «հետ տված կաթ եք կերել»: Սա 2 տղաների էր ասել, որոնց մոտ «շպարգալկա» էր գտել: Հետո ամբողջ 9-րդ դասարանի երեխաների մոտ նրանց նենց ապտակեց, որ իրանք ընկան գետնին: Մի քիչ ամոթ ա ասելը, բայց քննությունների ժամանակ մեզ ասաց, որ՝ բոլորիդ մինչեւ վերջը հանվացնելու եմ ստուգեմ, որ հանկարծ ինչ-որ թերթիկ չլինի»,- շարունակեցին երեխաները: «Մի բան էլ նշեմ՝ դպրոցի դռները ընդեղ միշտ փակ են: Եթե ինչ-որ ծնող կամ աշակերտ ուզում ա գնա ու իր հարցերին ուղղակի պատասխան ստանա, ոչ թե կռիվ անի, թույլ չեն տալիս»,- ավելացրեցին թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները, ովքեր հիացմունքով էին խոսում Էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի ու նրա դպրոցի բարքերի մասին: Նրանց համար տարօրինակ էր այն, որ դպրոցի դուռը կարող է միշտ բաց լինել: Աշակերտները խոսեցին նաեւ ուսուցիչների՝ տնօրենից ունեցած վախի մասին: «Մեր դասղեկը, հիշում եմ, լացում էր, խնդրում էր, որ մենք քեֆ չանենք, որ տնօրենը չջղայնանա: Ինքն ուղղակի թույլ չէր տալիս, որ մենք ամառային արձակուրդներին կամ դասերի ժամանակ քաղաքից դուրս քեֆ անենք»,- ասացին նրանք: Երբ հետաքրքրվեցի, թե գուցե տնօրենը մտածում էր իրենց անվտանգության մասին, զրուցակիցներս միաբերան ասացին. «Բայց ինքը գնացել ա մեր դպրոցի մի ուրիշ դասարանի քեֆին: Հենց մեր զուգահեռի քեֆին: Ընդհանուր նա ասում էր՝ չի կարելի, բայց գնում էր էդ դասարանի հետ: Դա մեր քիմիայի ուսուցչուհու դասարանն էր՝ անցած տարվա 9-ի «դ»-ն: Իսկ իրան արտոնել էր, որովհետեւ իրան լավ գործ էր տալիս դպրոցի իրադարձությունների մասին: Մենք ավելի շատ ուսուցիչների հասցեին էինք վիրավորանքներ լսում, քան աշակերտների: Մի անգամ, երբ մեր դասարանը կեղտոտ էր, պիտի ավել անեինք, եկավ-ասաց՝ իրանց դասարանը իրանց դասղեկի նման կեղտոտ ա: Էնքան շատ էին նման բաները»,- հերթականությամբ թվարկում էին զրուցակիցներս, որոնց փոխանցմամբ՝ մինչ օրս ուսուցիչները շարունակում են լռել, որովհետեւ վախենում են, որ «իրենց մի կտոր հացից կկտրվեն»: «Մի անգամ էլ աշխարհագրության մի ուսուցիչ կար, ասաց՝ ոչխար ես, չես կարում ոչխարներիդ տիրություն անես: Ծնողներից մեկն էր լսել, թե տնօրենն ինչպես էր այլանդակ բառերով վիրավորում ուսուցիչներին, հետո, երբ դուրս էր եկել, նույն կերպ սկսել էր խոսել էդ ծնողի հետ, ասել էր, թե՝ ինչի՞ ա կանգնած էդտեղ: Շատ ժարգոնային պատասխան էր տվել էդ ծնողին, երբ դիմել էր՝ ընկեր Նազարյան, ասել էր՝ ես ձեզ համար ընկեր չեմ, տիկին եմ»,- դպրոցի բարքերի մասին պատմում էին երեխաները, ավելացնելով, որ իրենք էլ էին վախենում դպրոցի տնօրենից, որովհետեւ կարող էր իրենց հարվածել-ծեծել, վիրավորել, եւ, որ տնօրենը միշտ չար երեխաներին է տեղ տալիս, քննությունների ժամանակ էլ ընդառաջում է նրանց: Մենք զրուցեցինք նաեւ դպրոցի նախկին աշակերտների ծնողների հետ: Նրանք խորին հիասթափությամբ էին խոսում տնօրինուհու սխրանքների մասին: «Ասում էր, որ ինքն ինչ ուզի` կանի, ինչ ուզում` անում է, իրա ասածով՝ իրա դեմ խաղ չկա, իրա թուրը աջ ու ձախ կտրում ա, եւ էդ արտահայտությունները կրկնում են դպրոցի բոլոր ուսուցիչները՝ Հակոբյանը, Ենոքյանը, Մելոյանը: Վախենալով նրանից՝ կրկնում են նրա այլանդակությունները: Ինչ սուտ, շանտաժ անի, կանգնում են հետեւին ու հաստատում են»,- ասաց ծնողներից մեկը: Ծնողների փոխանցմամբ՝ դպրոցի բուֆետն այսօր օգտագործվում է տնօրենի անձնական նպատակների համար, որտեղ աշխատում է Սուսաննա Նազարյանի՝ նախկինում Ոստիկանության քննիչ ամուսինը: Տնօրենը դպրոցի ճաշարանը վերջին զանգի միջոցառումներին տալիս է վարձավճարով: Ծնողներից մեկի համոզմամբ՝ 50.000 դրամ տալիս էին «զալի (խոսքը դպրոցի ճաշարանի մասին է.- Մ.Մ) եւ աշխատակիցների համար. «Բրիլյանտի մատանի են տալիս, գարշոկով ծաղիկներ են տալիս, իրա կաբինետը բա ինչո՞վ ա սարքել բատանիչեսկի սադ: Ինչո՞վ ա էդ ամեն ինչն արել, ինչո՞վ ա 5 տուն առել»,- զայրացած պատմում էին նրանք: Ի դեպ, նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ դպրոցում կատարված միջադեպը տեսաձայնագրել են 2 աշակերտներ: Ասում են՝ այդ տեսաձայնագրությունները վկայում են, թե տնօրեն Սուսաննա Նազարյանն ինչպես էր հայհոյում աշակերտներին:
«168 Ժամ». Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհու` Սուսաննա Նազարյանի գործունեության մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: Նախապես ներողություն ենք խնդրում ընթերցողից` նրա հայհոյախառն բառապաշարի համար: Հուսով ենք, ՀՀ կառավարությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արագ կարձագանքեն այս դպրոցում տիրող բարքերին, ուսումնասիրություններ կանցկացնեն եւ դպրոցը, կրթության ոլորտը կազատեն նման փողոցային վարքագծով դրածոներից: Երեկ խմբագրություն էր զանգահարել նաեւ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի (այդպես ներկայացավ) ուսուցիչը` սպառնալով դատի տալ թերթին: Անհամբեր սպասում ենք: Եվ ոչ միայն մենք, այլեւ Էջմիածնի բազմաթիվ բնակիչներ: Ի դեպ, մեր թղթակցի զրուցակից ծնողները լրագրողին զգուշացրել են. «Զգույշ եղեք, ձեզ մի վնաս չտա… մեքենայի տակ չգցի»: Սա` ի գիտություն իրավապահների: