«Յոթ ամիս ցիգանի նման փողոցներում ենք ապրել»,- ասում է երեք երեխաների մայր Լուսինե Կարապետյանը

17/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

4-ամյա Բագրատն անհավասարաշիռ, անփույթ քայլերով նետվում է դեպի մայրը: Մարմինն անհասկանալի թափահարելով՝ «ծեփվում» է հատակին ու սկսում է ցնցվել: Մայրը` Լուսինեն, անմիջապես գրկում է երեխային ու փորձում է անկառավարելի ցնցումը ձեռքերի ուժով կանխել: Բագրատը խլացնելու աստիճան նյարդային ճչում է ու թպրտացող ձկան նման մոր ձեռքերի մեջ թափահարում է մարմինը: Չորս տարեկան այս փոքրիկն աննկարագրելի տառապում է, որովհետեւ ամեն անգամ կարծես մեկն անցնում է իր միջով ու տանջամահ անելու աստիճան ցավեցնում է: Գրեթե ամեն օր ցնցումներ է ունենում, որից դուրս գալուց հետո երեխան խաղաղվում է, բայց կրկին սկսում է ապրել գետնին տապալվելու, ցնցվելու վախով: Թեեւ չորս տարեկան է, բայց ընդհանրապես չի կարողանում խոսել: Միանգամայն առողջ ծնված այս երեխան էպիլեպսիա հիվանդությունը ձեռք չէր բերի, եթե նրա ծնողները ստիպված չլինեին փողոցներում ու վագոններում ապրել: Լուսինեն ասում է` «Որտեղ ասես չենք ապրել: Դոմիկներում, վագոններում: Յոթ-ութ ամիս փողոցում ենք ապրել: Ցիգանների, եզդիների նման շորերով չադր էինք կապել ու դրսում ապրում էինք: Ես էլ փոքրովս հղի էի»: Արմավիրի մարզի Մերձավան գյուղում թափառականի կյանքով ապրող երեք մանկահասակ երեխաների մայրը պատմում է, որ երբ ժամանակավորապես տեղավորվել էին վագոնակում` երեխան մրսածության պատճառով ջերմել է: Ծնողները կարծել են՝ գրիպային վիճակ է:

«Քնած էր երեխան, բայց ջերմություն ուներ: Շատ երկար ու առանց արթնանալու քնեց: Առավոտյան արթնացնում եմ` չի արթնանում, ինչ անում եմ՝ աչքերը չի բացում: Ստուգում եմ` շնչում ա, բայց աչքերը չի բացում, թուլացած, անգիտակից վիճակում ա: Մարմինը լրիվ սառել, շրթունքները կապտել էին»,- պատմում է Լուսինեն, ով, այնուամենայնիվ, չի պատկերացրել, որ բարձր ջերմությամբ երեխան քնած ժամանակ կոմայի մեջ է ընկել: Անմիջապես հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխային իսկույն տեղափոխել են վերակենդանացման բաժին: Յոթ օր վերակենդանացման բաժնում գտնվող Բագրատը եղել է կոմատոզ վիճակում, կյանքը փրկելու համար բժիշկները թեեւ հույս չեն տվել, այդուհանդերձ, երկարատեւ պայքարել են: Չորս անգամ փոխներարկում են կատարել, քանի որ երկարատեւ կոմատոզ վիճակի պատճառով երեխայի ուղեղի բջիջները մահացել են: «Մասնագետները կարողացան երեխայիս կյանքը փրկել, բայց… նեւրոպաթոլոգը շատ երկար աշխատեց: Ոչ ուտում, ոչ շարժվում էր, մենակ լացում էր ու ներվային ձեւով, չէինք կարողանում ձենը կտրել: Հիմա ամեն օր ցնցումների մեջ ա ընկնում. ոնց որ մեկը բռնի ու ծեփի գետնին»,- ասում է Լուսինեն` նշելով, որ ներկայումս երեխան էպիլեպսիա հիվանդության համար նշանակված դեղորայք է ստանում` ցնցումները հնարավորինս նվազեցնելու համար: Բագրատի մոտ նաեւ մտավոր զարգացում չի արձանագրվում: Երեխայի ուղեղի մեռած բջիջները վերականգնելու համար բժիշկները ծնողներին խորհուրդ են տվել նրան հնարավորինս մսեղենով, վիտամիններով հագեցած սննդամթերքով կերակրել: Սակայն Բագրատն, ինչպես ընտանիքի մյուս անդամներն, ամեն օր սնվում է խաշած, անյուղ մակարոնով կամ ձավարով: Լուսինեի անլվա, մրից սեւացած կաթսայի մեջ եփվող անյուղ ձավարը երեխաները հաճույքով, ագահաբար ուտում են` սպասելով վառարանին դրված չորացած հացի կտորներին, որոնք կրակից մի քիչ փափկում են: Բագրատը հիմա անընդհատ ուտել է ուզում, բայց ափսեների դատարկությունից այնպես է բղավելով լաց լինում, որ թվում է` ուր որ է սիրտը կպայթի: Լուսինեի երեք փոքրիկները հաստատ քաղցած են հեռանում սեղանից:

Լուսինե Կարապետյանը ամուսնու` Արսենի, եւ երեք մանկահասակ երեխաների հետ ներկայումս բնակվում է Մերձավան գյուղի մի տան մեջ, որը բարեկամներից մեկինն է, եւ թույլ են տվել ժամանակավոր հանգրվանել այնտեղ: Ասում է` «Էն վագոնը, որտեղ ապրում էինք` տերը հանեց, տարավ: Էլի մնացինք փողոցում: Էս տան պատերն անգամ կիսատ էին, տանիք չկա: Մի կերպ կցմցելով, ծածկելով՝ տեղավորվեցինք: Բայց նույն իրավիճակն ա, կարող ա վաղը ասեն` դուրս եկեք, ու էլի փողոցում շորերից վրան կապենք, ապրենք»: Այս տանն ապրելը նույնն է, ինչ ձմռան ցրտին փողոցում ապրելը: Սոսկալի ցուրտ ու խավար է: Ցնցոտիավոր երեխաների հագուկապը վկայում է, որ իրենց տրամադրվելուց առաջ այդ հագուստով երեխաներ են մեծացել: Լուսինեն ասում է, որ երեխաների համար ընդհանրապես շոր չեն կարողանում գնել: Հարեւանները աղբամանը նետելու փոխարեն՝ անպետք հագուստն իրենց են տալիս: Ապրում են 29.000 դրամ աղքատության նպաստով, որը շուտով կդառնա 31.000, եւ Բագրատի 14.000 դրամ հաշմանդամության թոշակով: Երեխաների հայրը` Արսենը, բանվորի աշխատանք է կատարում, բայց ձմռանը շինարարության բացակայության պատճառով հիմնականում գործազուրկ է: «Մասնավոր գործեր պատահում են: Օրավարձով ա, գործն անում ա` կամ մի քանի կոպեկ կտան, կամ էլ` արաղով ու հացով կփակվեն: Պատահում ա` աշխատում ա, ու փող չեն տալիս, էսօր-վաղն են գցում, ինքն էլ խաթրաշահ մարդ ա, ձեն չի հանում: Ներկա դրությամբ ընդհանրապես գործ չունի: Հիմա ընկել ա փողոցները, որ մի տեղ բանվորության գործ լինի` գնա աշխատի: Նման դեպքերում կարեւոր էլ չի՝ առավոտից իրիկուն աշխատացնելով 1000-2000 դրամ կտա՞ն, թե՞ 500: Էնքան որ, գոնե մի քանի կիլո ալյուր կարենանք առնել»,- ասում է Լուսինեն` վստահեցնելով, որ օրեր են լինում, երբ երեխաները խաշած ձավար էլ չեն ունենում, եւ այդ ժամանակ չի կարողանում քաղցած երեխաների լացը կտրել: Սեղանի վրա դրված թասի մեջ ջրով շաղախված ալյուրով հաց է թխելու, որի «խմորի» վրա հազարումի կեղտոտ, մրից սեւացած փալաս է գցել: Լուսինեի տանն ամեն ինչ այնքան հակահիգիենիկ է, որ դժվար է հավատալ, թե` Բագրատից բացի, մյուս երկու երեխաներն առողջ են: Ասում է` չի կարող էլեկտրականություն սպառել, քանի որ ամսական գումարն ի վիճակի չեն վճարել: Դրա համար էլ` տան մաքրությունը, լվացքը անում է այն ժամանակ, երբ վառարանի վրա կաթսայով ջուրը հասցնում է գոլանալ. «Հիմա վախը սրտներումս ա, որ նպաստից էլ կզրկվենք: Նոր օրենք են ընդունել, որ պիտի փաստացի գրանցում ունենաս, որ նպաստ ստանաս: Ոչ տուն ունենք, ոչ էլ գրանցում: Ուրիշն էլ չի համաձայնվի իր տան հասցեով մեզ գրանցել: Եթե նպաստից էլ կտրեն` երեխեքս լրիվ սովամահ կլինեն»: Երեխաներից Ավագը վեց տարեկան է, իսկ ամենափոքրը՝ Ավետը` երեք: Երեխաների վարքագիծը տարօրինակ է, կարծես փոքրիկ վայրենիներ լինեն: Ավետն ամեն րոպե բարձրանում է աթոռին ու թրխկալով իրեն գցում է հատակին: Նրա դմբոցից բոլորս ցնցվում ենք, բայց նա շարունակում է նույն գործողությունն անընդմեջ կատարել: Լուսինեն ասում է, որ մանկապարտեզ հաճախելն իր համար փրկություն կլիներ, քանի որ այնտեղ երեխաները գոնե կսնվեին եւ տաքուկ պատերի մեջ կլինեին: Չի կարող երեք երեխաներից ամեն մեկի համար 6000 դրամ վճարել: Մի քանի անգամ օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է Մերձավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանին, սակայն գյուղապետը պատասխանել է` «Հնարավորություն չկա»: Երեք երեխաների մայրն այլեւս անիմաստ է համարում գյուղապետարան գնալը: Լուսինեն ինձ ստիպում է մտնել ննջասենյակ եւ տեսնել պայմանները: Բայց դռան փոխարեն՝ պատառոտված, կեղտից սեւացած փալասներով ծածկված ննջարանի տեսարանը հեռվից էլ երեւում է: «Եկեք, եկեք ներս, ձեր աչքով տեսեք: Զզվո՞ւմ եք, պետք չի էդպես. էս սենյակում երեք երեխա ա քնում»,- նեղսրտած ասում է, ում չնեղացնելու համար առաջանում եմ, բայց գարշահոտից չեմ կարողանում ներս սողոսկել: Լուսինեի երեք երեխաներն ամիսներով չեն լողանում` ցրտի, տաք ջրի եւ բաղնիք-զուգարանի բացակայության պատճառով: Երեխաների հագուստը հավանաբար ընդհանրապես չի լվացվում, քանի որ շորերի գույնն ամբողջովին խամրել է կեղտի հաստ շերտից:

Բագրատը սկսում է «հիստերիկ» ճիչերով բղավել: Մորը ստիպում է գրկել իրեն, բայց անգամ մոր գրկում նրա մարմինն աննկարագրելի դողում է: Ցնցումների նշաններն են: «Արաբկիր» բժշկական կենտրոնում հաշվառված այս երեխայի ցնցումները կանխելու եւ մտավոր զարգացումը խթանելու համար բժիշկները երկու դեղ են նշանակել: Տեղեկացրել են, որ դա խիստ անհրաժեշտ է երեխայի զարգացման համար, բայց նաեւ` «Ասացին՝ Հայաստանում չկա: Պիտի Վրաստանից կամ Ռուսաստանից բերեք: Թանկ դեղեր են: Հիմա ինքը էպիլեպսիայի դեղերը ստանում ա, բայց հիվանդությունը չխորանալու ու երեխայի զարգացման համար ասել են` պարտադիր ա խմացնելը»: Լուսինեից փորձում եմ դեղերի անունը ճշտել: Չգիտի… Ասում է` «Գիտեի, որ չենք կարա առնենք, դրա համար էլ չեմ գրել»: Բագրատի խոշոր աչքերի մեջ դաջվել է ցնցման մեջ ընկնելու վախը: Նայում է եղբայրներին, ուզում է մոր գրկից իջնել ու նրանց հետ հավասար չարաճճիություններ անել: Բայց ամուր գրկել է մորն ու վախենում է ինքնուրույն քայլեր անել: Բագրատին կարծես ինչ-որ մեկն անխնա թափահարում է: Վիրավոր թռչունի նման ճչում, ծվծվում է…