«Քաջ Նազարը» նաեւ երգում է

17/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի բեմում մանկության, երեւակայության եւ հեքիաթի տոն է, որի հեղինակն ու կազմակերպիչը ռեժիսոր եւ դերասան Նարեկ Դուրյանն է: 15 երեխաներից բաղկացած թատերախմբով շատ կարճ ժամանակահատվածում Ն. Դուրյանը բեմադրել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթը: Հավատարիմ մնալով իր ուրույն ոճին, Ն. Դուրյանն այս ներկայացումը եւս համեմել է երաժշտական հատվածներով` այն առավել դինամիկ դարձնելով: Անչափ զվարճալի եւ հետաքրքիր է հետեւել 52-ամյա Նազարին, ով փախչում է 10-ամյա Ուստիանից եւ թաքնվում հանդիսատեսի մոտ: Հատկապես, երբ վախկոտ Նազարին կրկին բեմում տեսնելու մտքից հուսալքված Ուստիանը կանչում է. «Նարեկ Օհանիչ, դե բեմ բարձրացեք, էլի՜»: Ի պատասխան՝ Ն. Օհանիչը խնդրում է հանգցնել բեմի լույսը, որպեսզի Ուստիանը մի լավ վախենա եւ հասկանա Նազարի «արժեքը»: Սակայն բեմադրությունն ամբողջությամբ պատմելու մտադրություն եւ, առավել եւս, իրավունք չունեմ: Այս ամենը ներկայացման ընդամենն առաջին հինգ րոպեն է, որից հետո սկսվում է երաժշտությամբ, սրամիտ հումորով եւ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով հագեցած ներկայացում` բեմադրված Դեմիրճյանի հանճարեղ եւ միշտ արդիական «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա: Մեր հարցազրույցը Ն. Դուրյանի հետ կայացավ հերթական ներկայացումից առաջ:

– Ինչպե՞ս առաջացավ մանկական ներկայացում բեմադրելու միտքը: Եվ ինչո՞ւ հատկապես «Քաջ Նազարը»:

– Փոքր ժամանակ փայտի կտորը մեզ համար թուր էր, մամայի գոգնոցը` թագավորական ծիրանի, պղնձե կաթսան` ոսկե թագ, իսկ մենք` թագավորներ: Ցավոք, ժամանակակից երեխայի երեւակայությունը սկսվում եւ ավարտվում է քառակուսու մեջ, որ TV եւ համակարգիչ է կոչվում: Իսկ այդ TV-ն երեխային համոզում է, որ երգից, պարից եւ փառամոլությունից բացի՝ աշխարհում ոչինչ արժեք չի ներկայացնում: Անչափ ուզում էի, որ մեր երեխաները ծանոթանային թատրոնի մոգական աշխարհին, որ գրքեր կարդային, որ զարգացնեին իրենց երեւակայությունը: «Քաջ Նազարն» ինձ համար հզոր ստեղծագործություն է, մեր «Տարտյուֆն» է. լինել ճիշտ պահին, ճիշտ վայրում, ճիշտ մարդու առջեւ: Թեմա, որը միշտ արդիական է լինելու ամբողջ աշխարհում: Մեր երկրում Նազարի թեման ավելի ցայտուն է, քանի որ քանակային առումով քիչ ենք, եւ Նազարների ազդեցությունը զգացվում է յուրաքանչյուր բնագավառում:

– Եվ «քաջության» չափորոշիչն էլ չի փոխվում` ստախոսություն, ուժի կիրառում:

– Նաեւ ամենաթողություն, զոռբայություն, ամեն գնով ցանկացած նպատակի հասնելու մոլուցք: Ախր, երեխան շատ մաքուր նյութ է: Մեզնից է կախված, թե ի՞նչ կդառնա այդ նյութը: Եկեք չփչացնենք մեր երեխաներին կեղտոտ ու սին արժեքներով:

Եթե մեծերի հետ բեմադրեի «Քաջ Նազարը», ապա դա կլիներ շատ սուր, քաղաքական թեմա: Սակայն երեխաների հետ այն բեմադրելով` ցանկացել եմ հեռու պահել նրանց այնպիսի կեղտոտ միջավայրից, ինչպիսին քաղաքականությունն է: Իմ երեխաները բեմում իմաստալից հեքիաթ են խաղում, որն, անշուշտ, շատ բան կսովորեցնի իրենց:

– Մտադի՞ր եք արդյոք մանկական խմբակ բացել: Եվ ինչպե՞ս եք ընտրել այս բեմադրության մասնակից երեխաներին:

– Մանկական թատերական խմբակ ստեղծելու ցանկությունս մեծ է: Հուսամ` կկարողանամ իրականացնել այն: Որքան շատ երեխաներ ծանոթանան եւ սիրեն թատրոնի աշխարհը` այնքան լավ: Ի սկզբանե դեմ եմ քասթինգ ասվածին, երբ խոսքը երեխաներին է վերաբերում: Երեխայի հոգեբանությունը շատ նուրբ է եւ պետք է զգուշությամբ ասել յուրաքանչյուր «ոչ»-ը: Այդ «ոչ»-ը կարող է կոտրել նրան եւ հակառակը` առաջ շարժվելու ուժ հանդիսանալ: Սակայն ես դեմ եմ երեխայի հոգեբանության հետ նմանատիպ փորձություններին: Երբ մանկական ներկայացում բեմադրելու այս միտքն առաջացավ, այդ մասին պատմեցի ընկերներիս, ծանոթներիս: Եվ այդպես էլ հավաքվեց խումբը, որն այսօր բեմում է:

Ավելացնենք, որ երեխաների հետ եւ երեխաների համար բեմադրված մեկուկես ժամ տեւողությամբ «Քաջ Նազար» երաժշտական բեմադրությունը Տիկնիկային թատրոնի բեմում է լինելու նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին, ժամը 18:00-ին: