Վերջին խոսքը դատարանին

29/10/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Գագիկ Հովսեփյանը դիմել է Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան, բողոքարկելով հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանը հավաքել էր 25.017, Գագիկ Հովսեփյանը` 19.800 ձայն: Հոկտեմբերի 25-ից Վանաձորում սկսված դատաքննությունը վարում է նորանշանակ դատավոր Արշակ Ալավերդյանը: Լեփ-լեցուն դահլիճի մի մասը գործը լքած քաղաքապետարանի աշխատողներ են՝ իրենց կողմնակիցներով: Նրանք բոլորը վերընտրված քաղաքապետից թույլտվություն են վերցրել՝ «հարգելի պատճառով» բացակայելու համար: 1996-ից հետո Վանաձորում 2-րդ դեպքն է, երբ քաղաքապետի թեկնածուներից մեկը բողոքարկում է ընտրության արդյունքները: Հիշեցնենք, որ 1996թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վանաձորի քաղաքապետի թեկնածուն` Վահրամ Բաղդասարյանն էր բողոքարկել ընտրության արդյունքները (այն ժամանակ Վանաձորի քաղաքապետ էր ընտրվել ՀՀՇ անդամ Անդրանիկ Հարությունյանը, ով պաշտոնավարեց մինչեւ 1999 թիվը): Երեկ, ժամը 19.00-ին արդեն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ գործող քաղաքապետի: