Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ` կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք եւ պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու եւ «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել:
Հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ԱՄՆ ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու եւ ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011 թ. մայիսի 1-ից մինչեւ 2012 թ. հունիսի 30-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. DV-2012 ծրագրում շահելու մասին իմանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է: Թե շահող, թե չշահող մասնակիցները կարող են www.dvlottery.state.gov կայքում ստուգել իրենց դիմումի կարգավիճակը: Դա անելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: DV-2012 մասնակցները գրանցվել են 2010թ. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում: DV-2012 ծրագրի հետ կապված մանրամասների կամ հետագա քայլերի հետ կապված տես` 2012թ. ԱՄՆ ներգաղթի արտոնագրի վիճակախաղի մասնակցության հրահանգները. http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1318.html:
Հիշեք, որ դիմումի կարգավիճակի ստուգումը ՄԻԱԿ եղանակն է, որով շահողները կարող են տեղեկանալ DV-2012-ում շահելու մասին: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաեւ հրահանգներ հետագա քայլերի եւ ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին:
Բազմազանության արտոնագրերի (DV) վիճակախաղի հետ կապված խաբեությունների վերաբերյալ մանրամասների համար տես` http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1749.html:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն