Ֆեդերիկո Ֆելինի, Շարլոտա Չենդլեր «Ես վերհիշում եմ»

17/02/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ցերեկային մղձավանջներն ու գիշերային անուրջները

Իմ երազներն ինձ այնքան իրական են թվում, որ երբեմն, տարիներ անց, ստիպված եմ լինում գուշակելու, արդյո՞ք դա ինձ հետ իսկապես պատահել է, թե՞ պարզապես երազում է տեսնվել: Չէ՞ որ երազները` պատկերներից հյուսված լեզու է: Երազներից ճշմարիտ բան չկա: Այլ կերպ չի էլ կարող լինել` հասկացությունների տեղը դրանցում գրավում են սիմվոլները: Յուրաքանչյուր երանգ, յուրաքանչյուր նրբագիծ երազներում ինչ-որ բան նշանակում էգ

Գիշերները ես ապրում եմ իմ երազներում հիասքանչ կյանքով: Իմ երազներն այնքան գրավիչ են, որ ես միշտ ուզում եմ շուտ անկողին մտնել: Պատահում է, որ օրեր շարունակ ես տեսնում եմ միեւնույն երազը, որը հայտնվում է փոքր-ինչ այլափոխված, նոր մանրամասներով ու տոնայնությամբ: Իհարկե, երազները միշտ չէ, որ այցելում են ինձ, բայց բավական հաճախ: Եվ ինձ տագնապեցնում է, որ կգա այն օրը, կամ, ավելի ճիշտ, գիշերը, երբ ես դրանք արդեն չեմ տեսնի: Դեռեւս դա չի պատահել, բայց պետք է նկատեմ, տարիների ընթացքում իմ գիշերային անուրջները դարձել են ավելի հազվադեպ ու կարճ: Երեւի դա բնական է` չէ՞ որ այդքան շատ երազների հիմքում սեքսուալությունն է:

Անրջել, ի դեպ, կարելի է եւ՝ առանց մոռացության գիրկն ընկնելու: Չէ՞ որ երազները` իմ ուղեղի գիշերային խաղն է, ոչ ավելին: Դրանք ավելի շուտ նման են պայծառատեսությունների: Որովհետեւ երազները` մարդկային ենթագիտակցությամբ հյուսված մանվածք է, իսկ պայծառատեսությունը` գիտակցական իդեալականացման պտուղ: Իմ երազներից ոմանք շատ հին են` օրինակ, այն, որում Լաուրելն ու Հարդին մանկական զգեստներով թռչկոտում են ճոճի մոտ:

Ես կարողանում եմ անրջել եւ բաց աչքերով, բավ է միայն ինչ-որ բան երեւակայելգ Դա երազ անվանելը այնքան էլ ճիշտ չէր լինի: Ոմանք դա համարում են իրականությունից փախչելու իմ սիրած միջոցը` այդպես, իբր, արտահայտվում է առօրյա հարցերը լուծելու իմ չկամությունը: Այստեղ, թերեւս, ճշմարտության ինչ-որ հատիկ կա, երբ ես չգիտեմ, թե ինչպես լուծել այս կամ այն հարցը, ես ջանում եմ ազատվել դրա մասին մտածելուց: Հուսալով, որ այդ հարցը կլուծի ուրիշ մեկը: Ինչ-որ բանով ես նման եմ «Քամուց քշվածների» հերոսուհուն` վաղը, իբր, ժամանակ կլինի դրա մասին մտածելու: Այդպիսին եմ ես ամեն ինչում, բացի կինոյից` երբ խոսքը ֆիլմի մասին է, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվության ողջ լիությունը: Միաժամանակ ես հաստատ գիտեմ` արթմնի անրջելն ու ռեալիստ լինելը` ամենեւին էլ միմյանց բացառող բաներ չեն, ի վերջո, մի՞թե մարդուն այցելող պայծառատեսություններում չէ արդյոք մարմնացում գտնում ամենախոր իրականությունը` իր սեփական «եսի» իրականությունը:

Թեպետ ես ծնվել եմ հենց ծովի մոտ, քաղաքում, ուր գալիս էին լողալու ողջ Եվրոպայից, ես այդպես էլ լողալ չսովորեցի: Իմ ամենավաղ, անընդհատ կրկնվող երազներից մեկում ես մշտապես խեղդվում էի: Բայց ինձ ամեն անգամ փրկում էր վիթխարի չափերով, անծայրածիր կրծքերով մի կին` անծայրածիր՝ նույնիսկ իր ահագին չափերի համեմատ: Սկզբում այդ երազն ինձ իսկապես սարսափեցնում էր, բայց հետզհետե ես սկսեցի ինքս ինձ որսալ այն բանում, որ բնազդաբար սպասում եմ հսկայամարմին կնոջ հայտնվելուն, ով կբարձրացնի ինձ ջրի վրա եւ կզետեղի իր անպարագրելի կիսագնդերի մեջ: Թվում էր, աշխարհում չկա մի վայր, ինձ համար առավել ցանկալի, քան երկու բարձրաբերձ բլուրների արանքում գտնվող այդ նեղ կիրճը: Երազը դարձյալ ու դարձյալ վերադառնում էր ինձ, եւ ես արդեն անհամբերությամբ սպասում էի այն սարսափելի պահին, երբ ինձ կկլանի ջրի մակերեւույթը, քանի որ չէի կասկածում, որ փրկությունը ժամանակին կհասնի եւ հերթական անգամ կզգամ այդ հիասքանչ կրծքերի մեջ սեղմված լինելու զգայական հիացմունքը:

Երազում ինձ երբեք վրա չի հասնում սեռական անկարողությունը: Երազները` դրանք այնքան վեր են իրականությունից: Երազում ես ընդունակ եմ մի գիշերվա ընթացքում քսանհինգ անգամ սեր անելու:

Երազում ես շատ հաճախ ինքս ինձ տեսնում եմ տկլոր, նիհար ու տկլոր, եւ երբեք` գիրացող; Երազում ես հիասքանչ ուտելիքներ եմ կլլում, հատկապես քաղցրավենիքներ: Օրինակ, ես հաջորդաբար երազում տեսնում եմ շքեղ շոկոլադե տորթ: Իմ երազներում մեծ տեղ են գրավում կանայք: Չէ՞ որ տղամարդն այլ բան չէ, քան սարդ, որ մշտապես հյուսում է իր ցանցը եւ չի կարողանում կանգ առնել, նա` իր տղամարդկային գայթակղությունների հավերժական ստրուկն է: Սեքսի եւ նրա խեղաթյուրումների ստրուկը:

1934 թվականին, երբ ես տասնչորս տարեկան էի, քաղաքով մեկ պատմություններ էին պտտվում ինչ-որ ծովահրեշի մասին, որն իբր ցանցի մեջ է ընկել: Դա ինձ վրա անջնջելի տպավորություն էր գործել: Շատ ու շատ անգամներ ես երազում տեսնում էի օվկիանոսի այդ խորքերի ծնունդին: Ծովն ինձ համար միշտ հուժկու տարերք է եղել: Սակայն, չի կարելի ասել, թե նրանով էր բնորոշվում իմ մանկական տարիների ողջ մթնոլորտը, ոչ, այն, ավելի շուտ, իմ երազներում ինչ-որ ինքնըստինքյան ենթադրվող բան էր, անբաժանելի, ինչպես ձեռքը, կամ ոտքը, կամ, ասենք, մեր տան պատերից մեկը:

Իմ երեւակայության մեջ օվկիանոսի հրեշը կին էր, մի տեսակ հսկա: Ընդհանրապես, կինն իմ հայացքում մարմնավորում էր իշխանությունը, այդպիսին էր իմ մայրը: Նա շատ խիստ էր, թեպետ, ինձ թվում է, լիովին դա չէր գիտակցում:

Ինձ երկար տարիներ չէր լքում մի երազ: Շատ հաճախ այն ինձ այցելում էր պատանության տարիներին: Վերջերս ես այն ավելի հազվադեպ եմ տեսնում, դեպքից դեպք, եւ պարզ է, թե ինչու: Այդպիսին է իմ մանկական տարիների կենդանի զգայական հիշողություններից մեկը: Նրա հիմքը լիովին իրական է, ինչից էլ ես օգտվեցի «Ութ ու կես» ֆիլմում:

Ես փոքրիկ երեխա եմ, եւ կանայք ինձ լողացնում են տաշտի մեջ: Անդրջրհեղեղյան, փայտյա, տատիկիս ֆերմայում կեցած տաշտի նման, հենց այն, որում մենք տկլոր, մերկ ոտքերով խաղող էինք տրորում: Ճզմելուց առաջ հարկ էր ոտքերը լվալ: Իսկ հետո, երբ այն օգտագործվում էր լողանալու համար, դրանում հստակորեն զգացվում էր եռացող խաղողի ոգին: Ոգին, որից շատ շուտ կարող էիր հարբել:

Երազում, երբ ես տաշտից դուրս եմ գալիս, ինձ փոքրիկ, մերկ, թաց, վիթխարի կրծքերով մի քանի կին փաթաթում են սրբիչներով: Ինձ փաթաթում են: Ինձ սեղմում են կրծքերին, շուռ տալով մեկ դեմքի կողմը, մեկ մեջքի, որպեսզի շուտ չորանամ: Սրբիչը քսվում է իմ փոքրիկ սեփականությանը, որը զվարթ դես ու դեն է տարուբերվում: Ինչ հաճելի զգացողություն է, թող որ այն երբեք չվերջանագ

Ես անցըրել եմ կյանքս անցած մանկության կանանց որոնումներում: Այժմ, երբ ես տեսնում եմ այդ երազը, ես ավելի ուժեղ եմ կանանց կարիք զգում: Իրական կյանքում ինձ համար դա անում է Ջուլիետան, ճիշտ է, հետո հատակին ընկած են մնում անկարգ, այս ու այն կողմ նետված սրբիչները:

Երեսուն տարի առաջ ես մի երազ տեսա: Մինչեւ այժմ ես այն ոչ մեկին չեմ պատմել:

Ես` օդանավակայանի ղեկավարն եմ: Նստած եմ մեծ գրասենյակի սեղանի մոտ: Դրսում գիշեր է` պարզկա, աստղալից, պատուհանից անդին իջնող ինքնաթիռներն են: Հենց նոր վայրէջք կատարեց մի վիթխարի լայներ, եւ ես` որպես օդանավակայանի ղեկավար՝ պետք է անձնագրային վերահսկողություն իրացնեմ:

Լայների բոլոր ուղեւորները՝ անձնագրերը ձեռքներին բռնած, շարք են կանգնել: Հանկարծ ես նրանց մեջ մի տարօրինակ կերպար եմ նշմարում` ծեր չինացու, արտաքնապես զառամյալ, քրջեր հագած, բայց վսեմ կեցվածքով, նրանից սարսափելի հոտ է գալիս: Նա համբերատար սպասում է իր հերթին: Սպասում է՝ առանց խոսք իսկ ասելու: Նույնիսկ իմ կողմը չնայելով: Լիովին ինքն իր մեջ խորասուզված: Ես հայացքս փախցնում եմ, սեղանի վրա տեսնում եմ իմ անվամբ եւ պաշտոնով տախտակը, եւ չգիտեմ, թե ինչ անեմ: Ես պարզապես չեմ համարձակվում թույլ տալ նրան մեր երկիր ոտք դնելու, չէ՞ որ նա այնքան նման չէ մյուսներին, նրա տեսքն ինձ շփոթության մեջ է գցում: Ինձ համակել է կասկածն առ այն, որ բավական է, որ ես այդ օտարականին ասեմ՝ «այո», եւ ողջ իմ կարգավորված կյանքը ցաքուցրիվ կլինի հազարավոր բեկորների: Եվ ինձ ոչինչ չի մնում, քան հնարքի դիմելը, որի անօգնականության մեջ նշմարվում է իմ սեփական թուլությունը: Չզորելով ինձ վրա պատասխանատվություն վերցնել, ես երեխայի պես ստում եմ։ «Գիտեք ինչ, դա իմ իրավասության մեջ չի մտնում,- մի կերպ արտաբերում եմ ես: Բանն այն է, որ ես չեմ հրամաններ արձակողը: Դա պետք է համաձայնեցնել»:

Բոլոր ուղեւորները շարք են կանգնել՝ անձնագրերը ձեռքներին բռնած: Ամոթից գլուխս կախ, քրթմնջում եմ` «Սպասեք, ես հիմա կվերադառնամ»: Եվ դուրս եմ գալիս, իբր, որոշում կայացնելու: Գիտակցելով, որ ընտրությունից չես խուսափի, ես հապաղում եմ, իմ մեջ գուշակելով՝ արդյո՞ք նա սենյակում կլինի, երբ ես վերադառնամ: Բայց ավելի սարսափելի է այլ մի բան` ես չգիտեմ, թե ինչի՞ց եմ ավելի շատ վախենում` այն բանի՞ց, որ նրան տեղում կգտնեմ, թե՞ այն բանից, որ արդեն չեմ գտնի: Եվ այդ միտքն ինձ չի լքում արդեն երեսուն տարի: Լիովին ինքս ինձ հաշվետվություն եմ տալիս առ այն, որ բանը չինացուց բխող հոտը չէ, այլ իմ խնդիրն է, եւ, այդուհանդերձ, ես ի վիճակի չեմ վերադառնալու գրասենյակ:

Ես միշտ հաճույքով արթնանում եմ: Արթնանում եմ ակնթարթաբար: Ակնթարթաբար արթնանալը, սուրճի կամ նախաճաշի կարիք չունենալով` առավելություն է, քանի որ վրա եկած ժամերից ոչ մի վայրկյան չես կորցնում: Ես բացում եմ աչքերս եւ տեղնուտեղը հարություն եմ առնում գիտակցական կյանքի համար: Բայց ամենից առաջ, չմոռանալու համար, ջանում եմ դրոշմել անցած գիշերվա երազների ուրվագծերը: Ոչ, ոչ թե բառերով, այլ գծանկարներով, թեպետ հստակորեն հիշում եմ երազում հնչած բոլոր ռեպլիկները: Հարկ է ասել, որ իմ երազներում միշտ գլխավոր գործող անձն եմ: Նախատեսում եմ, որ մեկն ու մեկը տեղնուտեղը կնկատի, որ միշտ ինքդ քեզ երազում տեսնելը սազական է ամենավերջին եսակենտրոն մարդուն: Թող այդպես լինի: Ես համոզված եմ` յուրաքանչյուրը յուրովի անրջելու իրավունք ունի:

Երազներում շատ կարեւոր են գույները: Գույնը երազում նույնքան նշանակալի է, որքան գեղանկարչության մեջ, այն տրամադրության գլխավոր բաղադրամասն է: Պատկերացրեք վարդագույն նժույգ, մանուշակագույն շուն, կանաչ փիղ: Դրանցից ոչ մեկը երազում անհեթեթ չի երեւում:

Ինձ միշտ ոգեշնչել են դեմքերը: Ես երբեք դրանք զննելուց չեմ ձանձրացել, մինչեւ որ գտնեմ այն, որը պահանջվում է դերի համար: Պատահել է, որ հազարավոր դեմքեր եմ ուսումնասիրել, որպեսզի գտնեմ միակ հարմարը: Դեմքը` դա առաջին բանն է, որ մենք գիտակցում ենք շրջապատող աշխարհում:

Թեեւ ինձ միշտ էլ հետաքրքրել են երազները, բայց իմ բոլոր ֆիլմերից լիովին երազատեսային է միայն «Կանանց քաղաքը»: Այնտեղ ամեն ինչ, ինչպես երազում, թաքուն սուբյեկտիվ իմաստ ունի, ի բացառյալ սկզբի ու վերջի, երբ Սնապորազը արթնանում է գնացքի կուպեում: Դա այլ բան չէ, քան «Ութ ու կեսի» Գվիդոյի երազի մղձավանջային կողմը:

Սնապորազն անրջում է, թե բոլոր կանայք, որոնց հետ նրան կապել է կյանքը, հավաքվել են ի մի, որ համերաշխության մեջ ապրեն: Դա տղամարդկային ֆանտազիա է, տղամարդու երազն այն մասին, որ բոլոր կանայք, որոնց նա ձգտել է, իր հանդեպ այնքան սիրով կլցվեն, որ պատրաստ կլինեն նրան այլոց հետ բաժանելու, կհասկանան, որ դրանցից ամեն մեկում մարմնավորվել է իր կյանքի որոշակի շրջանը, իր ներքին կյանքի այս կամ այն կողմը, իսկ նա ինքը յուրատեսակ կապող օղակ է:

Իսկ նրանք, ընդհակառակը, գերադասում են նրան կտոր-կտոր անել: Մեկին ձեռքն է հասնում, մյուսին` ոտքը, երրորդին` ճկույթի եղունգը: Նրանք կհամաձայնվեն, ավելի շուտ, անբաժան տիրանալ նրա անշարժ դիակին, քան թույլ կտան, որ սիրեցյալը հասնի ախոյանին:

«Կանանց քաղաքի» գաղափարը ծնվեց իմ մեջ մի գիշեր, երբ մենք թափառում էինք Հռոմում Ինգմար Բերգմանի հետ: Նրա հետ էր Լիվ Ուլմանը: Հազիվ ծանոթանալով, մենք երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ինքնաբերաբար փոխըմբռնում ծնվեց:

Յունգը՝ որպես ավագ եղբայր

Ինձ թվում է, որ ստեղծագործող անհատականությունը` մեդիում է, այսինքն՝ նա համակված է տարբեր անհատականություններով: Որպես ռեժիսոր՝ ես շատ կյանքեր ապրելու հնարավորություն ունեմ: Կարելի է դառնալ Կաֆկայի բզեզը, թեպետ ինքը` գրողը, երբեք դա չի եղել: Կաֆկան` առանձնահատուկ դեպք է, որ ցուցանում է, որ մարդու ստեղծագործական երեւակայությունը կարող է շատ մեծ լինել նրա համար: Աշխարհի բախտը բերեց, բայց ոչ Կաֆկայի: Նրա ստեղծագործությունը, իմ տեսանկյունից, լիովին ինքնակենսագրական է:

Ես երբեք հոգեբույժի հետ խորհրդակցելու կարիք չեմ զգացել, բայց ես ընկեր ունեի, դոկտոր Էռնստ Բերնհարդը, Յունգի հայտնի հետեւորդը, ով էլ հենց ինձ ծանոթացրեց նրա ուսմունքին: Նա ինձ խորհուրդ տվեց գրառել երազները եւ երազին մոտ վիճակները: Դրանք իմ ֆիլմերում կարեւոր դեր են խաղում:

Ծանոթությունը Յունգի աշխատությունների հետ ինձ օգնեց ավելի վստահ զգալ` ես ավելի համարձակ սկսեցի հորինվածքը գերադասել ռեալիզմից: Ես նույնիսկ Շվեյցարիա ուղեւորության մեկնեցի, որպեսզի տեսնեմ վայրերը, ուր ապրել է Յունգը, եւ դրա հետ մեկտեղ՝ շոկոլադ ուտեմ: Այդ տպավորությունները, գումարած շոկոլադից ստացած տպավորությունները, ողջ կյանքում կմնան իմ մեջ:

Յունգ ընթերցելը կարեւոր էր, շատ կարեւոր, բայց ոչ այն պատճառով, որ դա իմ ստեղծագործության մեջ փոփոխություններ մտցրեց, այլ այն պատճառով, որ օգնեց հասկանալու, թե ինչ եմ ես անում: Յունգը հաստատեց այն, ինչը ես միշտ զգացել եմ` կապը սեփական երեւակայության հետ շնորհ է, որը պետք է բանալ: Նա բառերով արտահայտեց այն, որ ես գիտեի զգայական մակարդակի վրա: Ես դոկտոր Բերնարդի հետ ծանոթացա այն ժամանակ, երբ աշխատում էի «Ութ ու կեսի» վրա, եւ, իհարկե, «Ջուլիետան եւ ոգիները» կինոնկարը մտմտալիս:

Թվում էր, թե Յունգի ողջ գրածը նախատեսված էր հատուկ ինձ համար:

Հիշում եմ, մանկության տարիներին ես երազում էի, որպեսզի ես ավագ եղբայր ունենամ, ով ձեռքիցս բռնած ինձ մեծ աշխարհ դուրս կբերեր: Ես բավական միամիտ էի եւ որոշ ժամանակ հուսով էի, թե մայրս կգնա հիվանդանոց եւ այնտեղից ինձ ավագ եղբայր կբերի: Բայց երբ նա իսկապես հիվանդանոցում պառկեց, ապա տուն բերեց ընդամենը մի պուճուրիկ աղջկա: Իմ փոքր եղբայր Ռիկարդոն մանկության տարիներին ավելի քիչ բան էր կյանքից հասկանում, քան ես: Ես ինչ-որ ավելի մեծ մեկի կարիքն ունեի, ով կարող էր պատասխանել իմ հարցերին կամ թեկուզ դրանք ձեւակերպել: Պատանության տարիներին ես սովորաբար ընկերություն էի անում նրանց հետ, ովքեր ինձանից մեծ էին: Թվում էր, Յունգը հենց այն մարդն է, ում ես ողջ կյանքում սպասել եմ:

Յունգի համար սիմվոլը անարտահայտելին է ներկայացնում, իսկ Ֆրեյդի համար` թաքնվածը, որովհետեւ ամոթալին է: Իմ կարծիքով, Յունգի եւ Ֆրեյդի տարբերությունն այն է, որ Ֆրեյդը` ռացիոնալ մտածողության արտահայտիչն է, իսկ Յունգը` ստեղծագործականի:

Յունգ ընթերցելու կարեւոր արդյունքն այն եղավ, որ ես կարողացա կիրառել իմ կյանքում պարզածը, եւ դա ինձ օգնեց ազատվելու թերարժեքության եւ մեղքի բարդույթներից, որոնք ես ձեռք էի բերել մանկական տարիներին, ծնողներիս դժգոհության հիշողություններից, երեխաների քմծիծաղներից, ովքեր միշտ իրենց չնմանվող հասակակիցների մեջ սպիտակ ագռավ են տեսնում: Ես ունեի ընկերներ, եւ այդուհանդերձ՝ միայնակ էի, որովհետեւ ներքին կյանքն ինձ համար միշտ ավելի կարեւոր էր, շատ ավելի կարեւոր, քան առերեւույթը: Իսկ մյուս երեխաների համար ձնագնդի խաղալը երազից ու հորինվածքից ավելի կարեւոր էր: Ես միայնակ երեխա էի, միայնակ մարդկանց մեջ, իսկ դա նշանակում է, որ ես այնքան միայնակ էի, որքան հնարավոր է:

Նկարահանման հրապարակում ես ստեղծել էի իմ սեփական ընտանիքը, միավորվելով մարդկանց, որոնց զգացմունքներն ու հետաքրքրությունները նման էին իմ ապրածին: Ինձ գրավում էր իմ ներաշխարհը հիմնավորապես փորփրելու հնարավորությունը` դա պատճառներից մեկն է, թե ինչու էր ինձ այդքան հետաքրքրում Կառլոս Կաստանեդան եւ նրա ստեղծագործությունները:

Մեր երազներն ու գիշերային մղձավանջները` նույնն են, ինչ երեք հազար տարի առաջ ապրած մարդկանց մեջ: Մեր տներում մենք հաճույք ենք ապրում, ապրելով նույն վախերը, որ ապրել են քարանձավներում ապրող նախնադարյան մարդիկ: Ես ասում եմ՝ «հաճույք ենք ապրում», քանի որ հավատում եմ` վախին միշտ ուղեկցում է հաճույքի տարրը: Ահը կյանքին սրություն է հաղորդում, բայց միայն փոքր չափաբաժիններով: Խոստովանել, որ վախ ես ապրում, ի սկզբանե տղամարդկային բան չի համարվել: Սակայն ահն ու վախկոտությունը միեւնույն բանը չեն: Բարձրագույն տղամարդկությունը, երբ մարդուն հաջողվում է հաղթահարել վախը: Ահի զգացողությունից զուրկ են կամ խելագարները, կամ վարձու զինվորները, կամ մարդիկ, որոնց մեջ այդ երկու հատկությունները համատեղված են: Այդ «անվախ» մարդիկ անպատասխանատու են եւ անհուսալի, եւ հարկ էր նրանց պահել մեկուսացման մեջ, որպեսզի մյուսներին վտանգի չենթարկեն:

Չգիտեմ, թե արդյո՞ք ծանոթությունը Յունգի հետ ներազդել է իմ աշխատանքի վրա, բայց հենց ինձ վրա հաստատ ազդել է: Մյուս կողմից, այն, ինչ ազդեցություն է գործում ինձ վրա, չէ՞ որ իմ մի մասն է, եւ չի կարող չազդել իմ աշխատանքի վրա: Յունգին ու ինձ միավորում է պաշտամունքը երեւակայության առաջ: Երազներում նա արքետիպային պատկերներ էր տեսնում, որոնք մարդկության կոլեկտիվ փորձի արդյունքն էին: Ես դժվարությամբ էի հավատում, որ ինչ-որ մեկին հաջողվել է այդքան հիանալիորեն բառերի վերածել իմ զգացողությունները ստեղծագործական երազների առթիվ: Յունգը խորհրդածում էր համընկնումների, կանխանշանների մասին, որոնք միշտ կարեւոր դեր են խաղացել իմ կյանքում:

Սկիզբը` ծանր գործ է: Ինչ էլ որ դուք ուզենաք անել կյանքում, դուք պետք է ամենից առաջ սկսեք դա անել: Ելակետը ճամփորդության, որը ես անում եմ ամեն մի նոր ֆիլմով` ինչ-որ բան է, որ իրոք տեղի է ունեցել իմ կյանքում, եւ ինչը, ես հավատում եմ, խորթ չէ եւ հանդիսատեսներին: Նրանք պիտի ասեն` «Ինձ հետ էլ է նման բան պատահել, կամ ինչ-որ մեկի հետ, ում ես գիտեմ», կամ` «Կուզենայի, որ նման բան ինձ հետ էլ պատահեր», կամ՝ «Ես ուրախ եմ, որ ինձ հետ նման բան չի պատահել»:

Հանդիսատեսը պետք է իրեն նույնացնի հերոսների հետ, համակրի նրանց, նրանց համար ապրումներ ունենա:

Ֆիլմն իր վերջնական տարբերակում` բնավ էլ այն չէ, որը ես սկսել էի նկարահանել, եւ դա շատ կարեւոր է: Նկարահանումների ժամանակ ես շատ ճկուն եւ դյուրափոփոխ եմ: Սցենարը` ելակետն է, եւ այն անվտանգության զգացողություն է ծնում: Մի քանի շաբաթ անց ֆիլմն իր սեփական կյանքն է ձեռք բերում: Արտադրության ընթացքում նա աճում եւ խորանում է, ինչպես մարդկանց միջեւ եղած հարաբերությունները:

Ամենադժվարը` ճիշտ նախագիծ գտնելն է: Որպեսզի երկար ճամփորդության ելնես, պիտի ողջախոհ հիմնավորում ունենաս: Ինձ համար դա պայմանագիրն է: Նպատակի եւ աջակցության որոշակի համակցում է պետք: Պայմանագիրն ինձ պետք է ինքնաճշտապահության համար, եւ ինձ համար շատ կարեւոր է ստուդիան: Ստուդիան պաշտպանություն է ապահովում եւ իրականացնում է վերահսկողությունը:

Երբ ես սկսել էի աշխատանքը «Ութ ու կեսի» վրա, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց: Ես միշտ վախենում էի, որ այդպիսի մի բան կլինի, ես այնքան վատ էի, որ պատկերացնել անգամ չէի կարող: Ես ստեղծագործական ճգնաժամ էի ապրում, համանման այն բանին, որ, երեւի, լինում է գրողների մեջ: Ես պրոդյուսեր ունեի, ունեի եւ համաձայնագիր: Ես աշխատում էի «Չինեչիտայում», եւ նկարահանումները սկսելու համար ամեն ինչ պատրաստ էր: Միայն ինձ էին սպասում, եւ ոչ ոք չգիտեր, որ ֆիլմը, որ ես պատրաստվում եմ նկարահանել, ինձանից խույս է տվել: Դեկորացիաներն արդեն պատրաստ էին, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում վերագտնել ճիշտ զգայական վիճակը:

Ինձ հարցուփորձում էին կինոնկարի մասին: Հիմա ես նմանատիպ հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ խոսակցությունները չնկարահանված ֆիլմի մասին թուլացնում եւ քայքայում են մտահղացումը: Ողջ էներգիան վատնվում է բացատրությունների վրա: Բացի այդ, ես պիտի փոփոխություններ մտցնելու իրավունք ունենամ: Երբեմն լրագրողներին եւ այլ հետաքրքրվող անձանց ես կրկնում եմ միեւնույն սուտը կինոնկարի բովանդակության մասին, որպեսզի դադարեցնեմ հետագա հարցուփորձերը եւ պահպանեմ մտահղացումը: Չէ՞ որ, եթե ես ճիշտն ասեմ, իսկ ֆիլմը նկարահանման ընթացքում լրիվ փոխվի, ապա նրանք կհայտարարեն` «Ֆելինին խաբեց»: Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Ես կմկմում էի եւ խելքից դուրս փչում էի, երբ Մաստրոյանին ինձ իր դերի հետ կապված հարցեր էր տալիս: Նա այնքան դյուրահավատ է: Դե, բոլորն էլ հավատում էին ինձ:

Ես նստեցի սեղանի մոտ ու սկսեցի Անջելո Ռիցոլիին նամակ գրել, որում խոստովանում էի, թե ինչ է կատարվում: Ես գրել էի` «Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք իմ վիճակին: Ես ծայրահեղ շվարմունքի մեջ եմ եւ չեմ կարողանում աշխատել»:

Հազիվ էի հասցրել նամակն ավարտել, երբ ատելիեի աշխատողներից մեկը եկավ իմ ետեւից: «Մենք ձեզ ենք սպասում մեր սենյակում»,- ասաց նա: Բանվորներն ու էլեկտրիկները նրանցից մեկի ծնունդն էին նշում: Ես ուրախանալու տրամադրություն չունեի, բայց հրաժարվել չէի կարող:

Թղթե բաժակների մեջ լցրեցին «սպումանտեն» եւ մեկը տվեցին ինձ: Ես կարծում էի, կխմեն նրա կենացն, ում ծնունդն էր, բայց դրա փոխարեն նրանք առաջարկեցին իմ եւ իմ գալիք «գլուխգործոցի» կենացը: Նրանք գաղափար չունեին, թե ես ինչ եմ պատրաստվում նկարահանելու, բայց անսահմանորեն վստահում էին ինձ: Ես ցնցված վերադարձա իմ սենյակ:

Ես հենց նոր պատրաստ էի այս բոլոր մարդկանց զրկելու աշխատանքից: Նրանք ինձ «Կախարդ» էին համարում: Ո՞ւր է իմ «կախարդանքը»:

«Դե ուրեմն ի՞նչ անեմ»- հարցնում էի ես ինքս ինձ:

Պատասխանը չէր գալիս: Ես ունկ էի դնում ցայտաղբյուրի աղմուկին եւ ջրի ճողփյունին, ջանալով լսել իմ ներքին ձայնը: Հանկարծ ներսից մի թույլ ձայն լսվեց։

Եվ այդժամ ես հասկացա: Ես կպատմեմ պատմություն մի գրողի մասին, ով չգիտի, թե ինչի մասին է գրելու:

Եվ ես պատռեցի Ռիցոլիին հղված նամակը:

Հետագայում ես փոխեցի Գվիդոյի մասնագիտությունը՝ նրան դարձնելով ռեժիսոր, ով չգիտի, թե ինչ է նկարահանելու: Էկրանի վրա դժվար է պատկերացնել գրողին, ցույց տալ նրա աշխատանքն այնպես, որ հետաքրքիր լինի: Նրա աշխատանքի մեջ չափազանց քիչ է գործողությունը: Իսկ կինոռեժիսորի աշխարհը հիրավի անսահման հնարավորություններ էր բացում:

Գվիդոյի եւ Լուիզայի հարաբերությունները պիտի բացահայտեն հանդիսատեսի համար, թե ինչ է եղել նրանց միջեւ նախկինում, եւ թե ինչ է դարձել հիմա: Նրանց միջեւ առաջվա պես սերտ կապ է, թեեւ ոչ այն, որ կար միասին զբոսնելիս կամ մեղրամսի ժամանակ: Դժվար է ցուցադրել, թե ինչի վրա է հիմնված մարդու ու կնոջ կապը, ովքեր ամուսնացել են սիրով եւ կրքով լի, բայց արդեն երկար ժամանակ ամուսնացած են: Եղածի փոխարեն՝ գալիս է ընկերությունը, բայց այն չի ճնշում մնացյալ զգացմունքները: Դա մի ողջ կյանք տեւող ընկերություն է, բայց երբ ահա դավաճանությունը մթագնում է այնգ

Մարչելոն եւ Անուկ Էմեն` հիանալի դերասաններ են, նրանք կարող են խաղալ եւ այն, ինչ չեն զգում: Ես, սակայն, չէի առարկում, երբ տեսնում էի, որ նրանք միմյանց չափազանց գրավիչ են գտնում: Կարծում եմ՝ որոշ բաներ նկատելի են եւ էկրանի վրա: Մաստրոյանին եւ Անիտա Էկբերգը կյանքում միմյանց դուր չէին գալիս, եւ, իհարկե, նրանց միջեւ ոչինչ չկար, սակայն «Քաղցր կյանքում» հակառակ զգացողությունն է:

***
Երբեմն հարկ է լինում մտրակել երեւակայությունը` այդպես մարմնամարզիկը մարզում է մկանները պատասխանատու մրցույթից առաջ: Ինչ-որ մտային գիմնաստիկայի պես մի բան:

Այստեղ ինձ օգնության է գալիս նկարչությունը: Այն ինձ օգնում է տեսնել աշխարհը, լավացնում է դիտողականությունը` հատկապես, եթե դու պիտի վերարտադրես ինչ-որ բան, որ տեսել ես, բայց ինչը որ հիմա քո առջեւ չկա: Նկարչությունը երեւակայությունն ազատ է արձակում:

Ես լսել եմ, Հենրի Մուրն ասում էր, որ, նկարելով՝ ավելին է տեսնում ու նկատում: Իմ դեպքում նույնն է: Չեմ ուզում ինձ համեմատել Հենրի Մուրի հետ, բայց ես կերպարը ստեղծում եմ նկարելու ընթացքում: Գծանկարն ինձ համար ելակետն է: Շատ ավելի դժվար է նկարին համապատասխանող դերասան գտնելը: Ես փնտրում եմ նրան մինչեւ այն պահը, որ տեսնեմ ինչ-որ մեկին, ով կստիպի ինձ մտածել` «Ահա նա` իմ գծանկարը»: Դա վերաբերում է բոլոր կերպարներին: Բացի նրանցից, որ խաղում է Ջուլիետան: Ես այնքան լավ եմ զգում նրա տիպաժը, որ եթե նա երբեւէ իր համար ստեղծած իմ տիպաժից դուրս գա, ես չեմ բարկանա: Այդ պատճառով ես երբեք չեմ բարկանում մյուս դերասանների վրա:

Ես գիտեմ, որ շատ ռեժիսորների համար խոսքը գծանկարից կարեւոր է, նրանք գրական ռեժիսորներ են: Իսկ ինձ համար ֆիլմը` գեղանկարչության զավակն է:

Նկարիչը մեզ է հաղորդում իր հայացքն աշխարհին: Իրականության այդ անհատական տեսունակությունը ես բացարձակ իրականություն եմ համարում, որը կարող է ամենաճիշտը լինել: Նույնը ես փորձում եմ անել էկրանի վրա` իմ կտավի: Ես հիանում եմ Վան Գոգով: Ցորենի արտի վրա կախված սեւ արեւը նրան է պատկանում, որովհետեւ միայն նա է դա տեսնում: Բայց հիմա դա դարձել է նաեւ մերը` չէ՞ որ նա մեզ դա տեսնելու հնարավորություն է տվել:

Ես աշխատում եմ, ինչպես նկարիչը, եւ ֆիլմ եմ նկարահանում միայն ինձ համար: Այլ կերպ ես չեմ կարողանում: Ստիպված եմ հուսալու, որ հանդիսականներին հետաքրքիր է իրերին ուղղված իմ հայացքը, բայց նկարահանումները` թանկ հաճույք է: Ֆիլմ նկարահանելու համար ստիպված ես լինում պրոդյուսերներից փող վերցնել, իսկ նա, ով ուրիշներից փող է վերցնում, պարտավոր է ապացուցել, որ ինքը գող չէ:

Երբեմն, երբ ես զբաղված եմ դերասանների ընտրությամբ, կամ նկարահանումներից առաջ կատարվող նախապատրաստական աշխատանքներով, կամ սցենարի մշակմամբ, իմ ձեռքն ավտոմատաբար, առանց գիտակցության մասնակցության, գծանկարներ է անում: Ամենից հաճախ դրանք փարթամ կանացի կրծքեր են: Կամ վիթխարի կանացի հետույքներ: Կրծքեր ու հետույքներ: Իմ նոթատետրերում կանանց մեծամասնությունն այնպիսի տեսք ունի, ասես նրանց վրայի հագուստը հիմա-հիմա պիտի պատռվի, եթե այն ընդհանրապես կա:

Չգիտեմ, թե ինչ կասեր հոգեբույժը, նայելով իմ նկարներին, բայց ինչ-որ բան հաստատ կասեր` նրանք միշտ ամեն ինչի համար պատրաստի խոսքեր ունեն, հատկապես, եթե խոսքը սեքսին է վերաբերում: Չեմ կարծում, որ խորանալու կարիք կա, ամեն ինչ մակերեսի վրա է: Կանայք ինձ սկսեցին հետաքրքրել շատ վաղ հասակից, թոթովելուց շատ առաջ: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչով են նրանք տարբերվում ինձնից:

***
Ամենասարսափելին հիվանդության մեջ` անհատի կորուստն է: Առողջ մարդիկ չգիտեն, թե ինչպես պահեն իրենց հիվանդի ներկայությամբ: Նրան միրգ ու քաղցրավենիք են բերում: Ծաղիկներ են ուղարկում, դրանցով լցնում են ողջ հիվանդասենյակը` շնչելն անհնար է: Հիվանդանոցում ես տեսել եմ, թե ինչպես ինֆարկտ տարած մարդուն փուչիկներ էին բերել: Այդ պատկերը մինչեւ հիմա աչքիս առաջ է: Հիվանդը պառկած էր, եւ անհասկանալի էր, խորհում է նա, թե իր ինչին են պետք այդ փուչիկները, կամ ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչ են: Պարզապես նրան այցելած մարդիկ չգիտեին, թե ինչով թեթեւացնեն նրա տառապանքները: Իսկ դրա կարիքը կար, եւ պատահեց փուչիկ վաճառողը: