Հայտնի է, որ միկրոավտոբուսները նախատեսված են մարդկանց տեղափոխելու նպատակով, սակայն Երեւան-Վանաձոր միջքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկի վարորդը հոկտեմբերի 25-ին, Երեւանից Վանաձոր ուղեւորվելիս, չգիտես ինչու, որոշել էր, որ այն կարելի է օգտագործել նաեւ որպես բեռնատար, եւ վերջին շարքի 2 նստատեղերի վրա փառահեղ «նստեցրել» էր 2 հսկայական արկղ. այն էլ՝ իրար վրա դարսած: Այդ ողջ թափահարվող ծանրությունն իր ուսերին «հզորությամբ» պահող մի կին, չգիտես ինչու, որոշեց ըմբոստանալ եւ վարորդի հասցեին բարձրաձայն նախատինքի խոսքեր տեղալ միայն… 1 ժամ «հարկադիր աշխատանքից» հետո (Լավ է ուշ, քան՝ երբեք): Ապարան հասնելուց հետո վերջինս հարկադրված էր տեղափոխվել աթոռակի վրա (այնտեղ տեղավորվելով դստեր հետ՝ գիրկ գրկի): Վարորդն «ըմբռնումով» էր վերաբերվում նրա բարձրաձայն նախատինքներին («Էս արկղերը տեսնես ո՞ւմն են, ինչի՞ չեն տաքսով տանում էսքան շատ բեռը», «Էս շոֆերն ի՞նչ ա մտածում, ինչքա՞ն կարամ ուսով պահեմ էս յաշիկները», «էսա հասանք Կիրովական՝ տես գլուխն ինչ եմ բերելու») եւ ամենեւին չէր արձագանքում: Իսկ արկղերը ուսով պահելու առաքելությունը Ապարանից սկսած ստիպված էր իր վրա վերցնել արական սեռի մի ներկայացուցիչ, ով իր «իրավանախորդին» (որ մինչ այդ էր տուժում այդ ծանրությունից) դիմելով՝ կատակով զգուշացրեց. «Էս յաշիկները պահելու փողի կեսը դու պետք ա տաս, գիտես, չէ՞»: