Փետրվարի 12-ին զինծառայողի մահվան հերթական դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղում: Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը: Երեկ ՊՆ Քննչական վարչությունից հայտնել են, որ 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան, կատարվում է նախաքննություն: Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով, այն է` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանել, թե ինչ հանգամանքներում է կատարվել դեպքը: Թորգոմ Սարուխանյանը Գյումրիի բնակիչ էր: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դեպքից մի քանի ժամ անց ընտանիքին զանգահարել են եւ ասել, որ Թորգոմը մահացել է, ինքնասպան է եղել: Նշենք, որ սա վերջին շաբաթվա ընթացքում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է Ղարաբաղում: Փետրվարի 6-ին Հադրութի զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոծինյանը, ով, ինչպես անցյալ չորեքշաբթի հաստատել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպանվել էր դաժան ծեծի արդյունքում: Կոծինյանի մահվան գործով 4 զինծառայողներ էին ձերբակալվել: