Բենզին` խողովակո՞վ

15/02/2011

Առաջիկայում Իրանը օրական 1.5 մլն լիտր բենզին եւ դիզվառելիք կառաքի Հայաստան: Երեկ նման տեղեկատվություն է հաղորդել իրանական «Ֆարս» գործակալությունը` հղում անելով երկրի նավթի փոխնախարար եւ Իրանական նավթի եւ վերամշակման ու իրացման ազգային կազմակերպության (NIORDC) կառավարման տնօրեն Ալիռեզա Զեյքանին: «Ըստ համաձայնագրի` Իրանը օրական 750 հազար լիտր բենզին եւ 750 հազար լիտր դիզվառելիք կմատակարարի Երեւանին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ անցած ամիս Իրանի նավթի նախարար Մասուդ Միր Քազեմին հայտարարել էր, որ Իրանն ու Հայաստանը ծրագրում են նոր նավթամուղ կառուցել, որը կմեծացնի Հայաստան իրանական էներգակիրների առաքման ծավալը: Նախարարը հայտնել էր նաեւ, որ խողովակաշարը սկիզբ կառնի իրանական Թավրիզ քաղաքում եւ կձգվի մինչեւ Հայաստանի սահմանը: Ըստ «Ֆարս» գործակալության, 203 մմ տրամագծով եւ 365 կմ երկարությամբ խողովակաշարը պատրաստ կլինի 2014 թվականին: