Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է բանագնաց ուղարկել Հայաստան` խնդրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Գյուլի նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու է հենց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք թեկնածուն` Էրսին Էրչինը: Վերջինս հայտարարել է, որ Հայաստան է ժամանելու մարտին, եւ որ Թուրքիայի նախագահի նամակը բարի կամքի դրսեւորում է Հայաստանի նկատմամբ: «Հայաստան եմ գնալու որպես Գյուլի հատուկ ներկայացուցիչ: Իմ այցը Երեւան արդեն իսկ ուղերձ է: Մեր նախագահի ուղերձն այն է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում ունենա ԵԱՀԿ-ում գործունեության ժամանակ, եւ, որ գլխավոր քարտուղարը եւս չեզոք է հանդես գալու: Իմ այցը Հայաստան նաեւ ճանապարհ կհարթի երկու երկրների միջեւ հոգեբանական կամուրջները վերականգնելու համար»,- ասել է Էրչինը: Նշենք, որ բացի Էրչինից, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներ են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը եւ ՄԱԿ-ի` Կոսովոյի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Լամբերտո Զանները: ԵԱՀԿ-ում թեկնածուն համարվում է ընտրված միայն այն դեպքում, եթե նրան կողմ են արտահայտվում բոլոր անդամները: