ՀՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Միգուցե ԲՀԿ-ն վստահ է, որ կլինի ապագա խորհրդարանում եւ, հետեւաբար, այսօր այդ հարցին պատասխանելու խնդիր չունի»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Գ. Ծառուկյանն այդպես էլ չխոսեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Միայն այն, որ ԲՀԿ առաջնորդը հիշատակեց կոալիցիոն հուշագրի դրույթներին իրենց նվիրվածությունը, արդեն իսկ բավարար էր պատկերացում կազմելու համար` կոալիցիան փլուզվո՞ւմ է, թե՞ չի փլուզվում, կա՞ արդյոք նախագահական ընտրությունների հարց Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ: Ես կարծում եմ, բոլոր հարցերը` անկախ նրանից` դրանք եղել են հիմնավո՞ր, թե՞ ոչ հիմնավոր, անգամ դրանք շրջանցելու կամ լռություն ցուցաբերելու տեսքով, ստացան իրենց պատասխանները: Եթե նախագահական ընտրությունները, գոնե` հերթական, նախատեսված են 2013 թվականին, այսօր քաղաքական ուժերը ազատ են այդ հարցին չպատասխանել, եւ, կարծում եմ, «Բարգավաճ Հայաստանը» վարվեց նույն կերպ»,- ասել է նա: Ուշագրավ է, սակայն, որ հենց համագումարի օրը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռ/կ-իn տված հարցազրույցում ասել էր, որ իրենք պատրաստ են 2013-ին սատարել Սերժ Սարգսյանին, ավելին` չսատարելու խնդիր չունեն, բայց, ըստ Բոստանջյանի, նախ Սերժ Սարգսյանն անձամբ պետք է հայտարարի 2013-ին իր թեկնածությունն առաջադրելու մասին: «Եթե նախագահը, ենթադրենք, չի ասում իր թեկնածությունն առաջադրելու մասին կամ չի ուզում, ինչո՞ւ ես առաջ ընկնում: Քաղաքական ուժեր կան, որ, ենթադրենք, 19-րդ դարում ասել են, թե ում են սատարում»,- ակնարկելով ՕԵԿ-ին՝ ասել էր Բոստանջյանը: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե այս ամենը ցույց է տալիս, որ գոյություն ունի սրվող կոնֆլիկտ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Ըստ Զուրաբյանի` նրանք չեն կարողանում համաձայնության գալ, թե 2013 թվականին ո՞վ պետք է լինի Հայաստանի նախագահը: Զուրաբյանի խոսքերով, Սերժ Սարգսյանը ձեռնարկեց մի քայլ, որով պետք է լուծեր այս խնդիրը, եւ ԲՀԿ-ից հավատարմության հայտարարություն պահանջեց, բայց նա դա չստացավ, եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում սոցիալական ծանր վիճակ է, որ հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կան, եւ բացի այդ` առաջիկայում սկսվում է ընդդիմության հանրահավաքային սեզոնը, հակամարտող կողմերը կնքել են փոքրիկ զինադադար: «Սերժ Սարգսյանը փորձում էր ապահովել ռեժիմի անվերապահ աջակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում իր ընտրության համար, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հետ համագործակցող ուժերը դիմադրում են դրան: Խոսքը հիմա իշխանության համար պայքարն է, որը սկսվել է ռեժիմի ներսում Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ: Նրանցից մեկը ուզում է լիարժեք, լիակատար իշխանության տերը լինել, ինչը չի մտնում մյուսի պլանների մեջ»,- ասել է Զուրաբյանը: Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը չունի բավարար լծակներ, որպեսզի որոշիչ խոսքը նրանը լինի, Զուրաբյանը պատասխանել է. «Այստեղ գործող կարող են լինել նաեւ արտաքին ուժերի հետ հարաբերությունները եւ մեկի, եւ մյուսի դեպքում: Կարծում եմ, որ նա (Սերժ Սարգսյանը), այնուամենայնիվ, հնարավորություններ ունի հարցը լուծելու իր օգտին, եւ այն, ինչ կատարվեց, ուղղակի տակտիկական նահանջ էր»: