«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում էլ չհայտարարեց, թե ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու:
Պատասխան չտրվեց նաեւ մի շարք կարեւոր հարցերի: Եվ, ինչպես հայտարարվել էր, դիրքորոշումների հստակեցման առումով ԲՀԿ 5-րդ համագումարն անցավ առանց անակնկալների: ԲՀԿ ղեկավարն իր ելույթում միայն ասաց, թե հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի ոգուն եւ տառին: «Քաղաքական կոալիցիան ցույց տվեց իր արդյունավետությունը: Իհարկե, համատեղ աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մենք կոալիցիոն գործընկերների հետ առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեցանք: Դա բնական է եւ տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր ծրագիրը»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
Իսկ 2008թ. կոալիցիոն համաձայնագրում 2012 եւ 2013 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասնակցության ձեւաչափին վերաբերող որեւէ դրույթ չկա: «Բոլորն անակնկալ էին սպասում այս համագումարից, բայց ոչ մի անակնկալ էլ չեղավ, սա ընդամենը հերթական համագումար էր: Իսկ անակնկալը կլինի իմ հայտարարությունը. եթե պարոն Ծառուկյանը զգա, որ չի կարողանում այդ աշխատանքը կատարել մեր ժողովրդի, մեր կուսակից ընկերների եւ համակիրների համար, ուրեմն համապատասխան արտահերթ համագումար է հրավիրելու, իհարկե, ձեր ցանկությամբ: Ում առաջարկեք, ես պատրաստ եմ այդ տեղը զիջելու: Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ եւ հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»,- համագումարի ավարտին կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվելուց հետո հայտարարեց Գ. Ծառուկյանը:
Համագումարի թերեւս միակ անակնկալն այս հայտարարությունն էր, որով ԲՀԿ նախագահն առաջիկա քաղաքական զարգացումներում կուսակցության նախագահի փոփոխության ակնարկ արեց: Նախկինում ու այս օրերին էլ անընդհատ շրջանառվում են խոսակցություններ, թե 2012թ. խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն հնարավոր է ղեկավարի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկապես, որ վերջինիս՝ անցած շաբաթվա հայտարարությունը քաղաքական շրջանակներում մեկնաբանվեց որպես ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջին քայլ: Իսկ ԲՀԿ-ն ի սկզբանե համարվել է Քոչարյանի ստեղծած եւ նրան սատարող կուսակցություն: Արդյոք Գ. Ծառուկյանը նկատի ունի Ռ. Քոչարյանի՞ն: Վերջինս, ակնհայտ է, որ չի վայելում ժողովրդի վստահությունը: Այն էլ` մեծ վստահությունը:
Ի դեպ, ԲՀԿ-ՀՀԿ շուրջ ստեղծված իրավիճակի համար Գ. Ծառուկյանը մեղադրեց լրագրողներին` հորդորելով հետաքրքրող հարցերի համար դիմել իրեն: Այս հայտարարություններից հետո, սակայն, ԲՀԿ ղեկավարն աննկատ հեռացավ եւ չցանկացավ շփվել լրագրողների հետ:
Իսկ ԲՀԿ համագումարին իշխող Հանրապետական կուսակցությունից մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Որքան էլ զարմանալի էր, ԱԺ փոխնախագահ, Գ. Ծառուկյանի հետ խնամիական հարաբերություններ ունեցող Հովիկ Աբրահամյանը չէր մասնակցում համագումարին: ՕԵԿ-ից մասնակցում էր միայն ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով կուսակցական հյուրերից ամենացածր մակարդակի պաշտոնյան էր: Այդպիսով ավելի ակնհայտ դարձավ, որ այդ կուսակցության ղեկավարները խնդիրներ ունեն ԲՀԿ-ի հետ: Մամուլում արդեն հրապարակվել է, որ անցած երկուշաբթի նախագահականում կայացած կոալիցիոն նիստում Գ. Ծառուկյանն ասել է, թե ինքը չի ստորագրի Ս. Սարգսյանի առաջարկած նոր համաձայնագիրը եւ Արթուր Բաղդասարյան չի դառնա: Եվ ՕԵԿ-ը որոշել էր ԲՀԿ համագումարը չպատվել կուսակցության բարձր դեմքով: Համագումարին մասնակցում էին նաեւ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, Դաշնակցությունից` ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանը:
Անցած շաբաթվա ընթացքում մեկնաբանություններ էին հնչում, որ եթե Ս. Սարգսյանը մասնակցի այդ համագումարին, ապա դա կնշանակի, որ կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրման ու 2013-ին գործող նախագահին սատարելու մասին նրանք արդեն ներքին պայմանավորվածություն ունեն: Թե որքանով Ս. Սարգսյանի այցից կարելի է նման ենթադրություն անել, այսօր էլ դժվար է ասել:
Ի դեպ, ակամայից այնպես ստացվեց, որ Ս. Սարգսյանը ներկա գտնվեց հիմնականում Գ. Ծառուկյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Թեեւ նախապես հայտարարվեց, որ ֆիլմը ԲՀԿ-ի անցած տարիների գործունեությանն է վերաբերում, սակայն իրականում այն Գ. Ծառուկյանի մասին էր: Ֆիլմում մի քանի կադրերում երեւում են նաեւ ԲՀԿ որոշ անդամներ, հիմնականում` պատգամավորները: Ֆիլմին հավանաբար պատկառելի տեսք հաղորդելու համար ընդգրկել էին նաեւ ՌԴ նախագահ ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ու Վլադիմիր Պուտինի մեկ-երկու կադրերը: Իհարկե, առանց Գ. Ծառուկյանի: Հիշեցնենք, որ կուսակցական ղեկավարներից Գ. Ծառուկյանը, թերեւս, միակն է, ով շփվում է օտարերկրյա տարբեր պաշտոնյաների հետ: Ահա նա գրկախառնվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, մեդալներ ու նվերներ է բաժանում տարբեր մարդկանց, նույնը նաեւ ինքն է ստանում: Եվ, որ ամենակարեւորն է, ցուցադրվում են բազմաթիվ կադրեր, որտեղ Գ. Ծառուկյանը ժողովրդի մեջ է, նրան գրկում եւ համբուրում են, նույնը նաեւ ինքն է անում, նա քայլում է, ու նրա հետեւից մարդկանց հոծ բազմություն է գնում: Նա կանգնած է հազարավոր մարդկանց մեջ, ու բոլորը հիացած նրան են նայում, եւ այսպես՝ մոտ 30 րոպե: Այդ տեսաֆիլմի ավարտից հետո Ս. Սարգսյանը լսեց նաեւ Գ. Ծառուկյանի ելույթն ու վերջինիս ուղեկցությամբ հեռացավ: Ի դեպ, նշենք, որ երբ Ս.Սարգսյանը ոտքի կանգնեց, դահլիճում նստածները ոտքի չկանգնեցին: Գ. Ծառուկյանը գրեթե բղավելով նկատողություն արեց համագումարը վարող քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին` հանդիմանելով, որ նա նախապես չի հայտարարել, որ ոտքի կանգնեն: Համագումարի միակ «չնախատեսված» մասը հավանաբար դա էր:
Այսպիսով, Հանրապետական կուսակցությանն ու նախագահ Սերժ Սարգսյանին չհաջողվեց մինչեւ ԲՀԿ համագումարը կամ համագումարի արդյունքում հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Ս. Սարգսյանը նաեւ ողջույնի խոսքով ելույթ չունեցավ կոալիցիոն երկրորդ ուժի համագումարի ժամանակ, ինչն արել էր 2009թ. դեկտեմբերի 12-ին ՕԵԿ համագումարում: «Ի դեմս ՕԵԿ-ի` գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը:
Թերեւս այն պատճառով, որ ավելի վաղ այս կուսակցությունն իր հերթին հայտարարել էր, թե Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրությունների ժամանակ չի առաջադրելու իր թեկնածությունը եւ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Իսկ ինչպե՞ս են իրենց զգում հանրապետականները, ովքեր մինչ այժմ հրապարակավ ԲՀԿ-ին հորդորում էին հայտարարել սատարելու մասին, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ: «Մենք մեր ակնկալիքները մշտապես ունենում ենք մեր քաղաքական թիմից: Իսկ ակնկալիքներն այլ քաղաքական ուժերից, ինչպես նշեց ՀՀ նախագահը, դա ընդամենն ընդհանուր պահանջներ են, որոնք տարածվում են, կոալիցիայի մաս են կազմում։ Դա երեւի քաղաքական մի փոքր հրաձգություն էր, ինչը քաղաքական կյանքում լինում է: Այսօր էլ կոալիցիայում տիրում է առողջ, ժողովրդավարական մթնոլորտ»,- ասաց հանրապետական Հովհաննես Սահակյանը: