Ռուսական «Ֆինանս» պարբերականը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ անձանց աղյուսակը, որում կրկին առաջին տեղը պատկանում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինին. նրա կարողությունը, ըստ «Ֆինանսի», կազմում է 28,3 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է «Օնեկսիմ» խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունը պարբերականը գնահատել է 22,7 միլիարդ դոլար: 2004 թվականից ի վեր առաջին անգամ, ինչ «Ֆինանսը» սկսել է հրապարակել Ռուսաստանի միլիարդատերերի ցանկը, դրա առաջին եռյակից բացակայում է Ռոման Աբրամովիչը: Նրան եռյակում փոխարինել է Ալիշեր Ուսմանովը, ով «Մետալոինվեստի» համասեփականատերն է` 19,9 միլիարդ դոլար կարողությամբ: Չորորդ տեղում Օլեգ Դերիպասկան է, ում կարողությունը 19 միլիարդ դոլար է: Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 17 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, «Ֆինանսի» տվյալներով, Ռուսաստանում 2010 թվականին եղել է 77 միլիարդատեր, այն դեպքում, երբ մինչեւ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամն այդ թիվը եղել է 101: 2009 թվականին, ըստ «Ֆինանսի», Ռուսաստանում եղել է 49 միլիարդատեր: