Կնկարահանեն գործընթացը

15/02/2011

Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է դրվել նոր Ընտրական օրենսգիրքը: Օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ ընտրական գործընթացը նկարահանելու մասին ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների առաջարկն ընդունվել է: Քվեարկության պահը, սակայն, արգելվում է նկարել: Ընդունվել է նաեւ այն առաջարկությունը, որի համաձայն՝ պաշտոնյա թեկնածուի պաշտոնական հանդիպումները, հանրային շփումների մասին հեռուստատեսային ռեպորտաժներն ընդունվեն որպես քաղաքական գովազդ եւ հանվեն այդ թեկնածուին տրված հեռուստատեսային գովազդի ժամանակից: Սա վերաբերում է նաեւ նախագահի թեկնածուին, եթե վերջինս միաժամանակ գործող նախագահ է: Նախկինում ընդդիմությունը բազմաթիվ անգամներ է բարձրաձայնել, թե նախագահը, քաղաքապետը կամ ընտրովի մեկ այլ պաշտոնյա իր պաշտոնական այցերն ու հանդիպումներն օգտագործում է նախընտրական գովազդի նպատակով: Եվ դա հեռուստատեսային գովազդի տեսանկյունից ակնհայտ անհավասարություն է ստեղծում իշխանության եւ ընդդիմության թեկնածուների միջեւ: Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբը, սակայն, չի ընդունել ընդդիմության հիմնական պահանջներից մեկը` ընտրական ցուցակների հրապարակումը: Օրինագիծը ուղարկվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Այն ԱԺ-ում կքննարկվի հավանաբար մարտ ամսին: