Վախենում են Փաշինյանի գրառումներից

15/02/2011

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պատժաչափը կրճատելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի առաջին նիստում քննություն չի կայացել, քանի որ ՔԿՀ վարչակարգն արգելել է Փաշինյանին իր հետ գրառումներ տանել դահլիճ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի պահանջն ու որոշումն, ըստ էության, չի բավարարվել: Բանն այն է, որ դատարանը վճռել էր 20 րոպե տրամադրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բերի այդ գրառումները, եւ նիստը սկսվի: 2,5 ժամ անց Փաշինյանը հայտնվել է առանց գրառումների: «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանն ասել է, թե իբր այդ գրառումները չեն վերաբերել երեկվա դատական նիստին, այլ նամակներ են, որ Փաշինյանն ուզում է փոխանցել ՀԺ-ի ներկայացուցիչներին: Դատավորը 2-րդ որոշումն է կայացրել` ծրարները փոխանցել վարչակազմին, որ փոստով ուղարկեն փաստաբաններին: Այս որոշումն էլ ըստ էության չի կատարվել, քանի որ երբ Փաշինյանը նիստերի դահլիճ է եկել՝ ծրարները ձեռքին, մերժել են նրանից այդ նամակներն ընդունել: Փաշինյանի փաստաբանները միջնորդել են դատարանին երկու օրով հետաձգել նիստը, քանի որ, երեկ լրացել է Եվրադատարան դիմելու վերջնաժամկետը, եւ իրենք պետք է խորհրդակցեն իրենց պաշտպանյալի հետ եւ ստանան որոշ փաստաթղթեր: Դատավոր Եվա Դարբինյանը անորոշ ժամկետով հետաձգել է դատական նիստը: Նշենք, որ մինչ դատական նիստի սկսվելը հսկիչ անցագրային կետում արդեն իսկ խնդիրներ են առաջացել այն մարդկանց համար, ովքեր ցանկացել են ներկա գտնվել դռնբաց նիստին: Լրագրողներին եւ փաստաբաններին թույլ է տրվել մտնել դատարանի դահլիճ, սակայն դատական նիստին մասնակցել ցանկացող շուրջ 20 քաղաքացու թույլ չի տրվել մտնել` պատճառաբանությամբ՝ իբրեւ տեղ չկա: Մինչդեռ ականատեսները պնդում են, որ դահլիճը բավականին մեծ է, եւ պատճառաբանություններն անհիմն են, հատկապես այն դեպքում, երբ դատական նիստը դռնբաց է: Ի վերջո, Փաշինյանի փաստաբանների միջնորդությամբ այդ մարդկանց մի մասին թույլատրվել է մասնակցել դատական նիստին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի վճիռը, որով անփոփոխ է մնացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի 2010թ. մայիսի 25-ի որոշումը: Ըստ այդ որոշման` սխալ է հաշվարկվել Նիկոլ Փաշինյանի` անազատության մեջ մնալու ժամկետը` 3 տարի 6 ամսվա փոխարեն՝ հաստատելով 3 տարի 10 ամիս 29 օրը: Այսինքն` այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում: Հիշեցնենք նաեւ, որ այս գործով նախորդ դատական նիստը` փետրվարի 1-ին չէր կայացել` առատ ձյան եւ ճանապարհների անանցանելիության պատճառով: