Դրդում են եւ հանգստանում

15/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայկական կապիտալի` Վրաստան տեղափոխվելու մասին լուրերը վերջին երկու շաբաթներին տնտեսական ոլորտում քննարկվող ամենակարեւոր թեման էր։ Այնքան կարեւոր, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի՝ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել այդ խնդրին։

Նախարարը, բնականաբար, փորձել է հանգստացնել անհանգստացողներին՝ պարզաբանելով, որ ոչ մի արտառոց եւ վտանգավոր բան տեղի չի ունենում։

Տ. Դավթյանը հայկական կապիտալի՝ դեպի Վրաստան արտահոսքի մասին լուրերը համարել է «չափազանց չափազանցված» եւ նշել, որ «Հայաստանից ընդհանրապես չնչին չափերի կապիտալի արտահոսք կա»: Սակայն, անկախ չափերից, արտահոսք կա (այդ թվում՝ նաեւ Վրաստան), որը հնարավոր չի հերքել։ Այդ առնչությամբ էլ նախարարը պարզաբանել է. «Երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղանում է, ապա սովորաբար որոշակի ներդրումներ են արվում հարեւան երկրներում, նոր շուկաներ է փնտրում: Դա նորմալ երեւույթ է ցանկացած փոքր տնտեսություն ունեցող եւ զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար»։

Որպես օրինակ՝ նա նշել է Հոլանդիան եւ Բելգիան (ի դեպ, այս համեմատությունից կարելի է բավականին հպարտ զգալ), որտեղից կապիտալի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։ Բայց հոլանդացիներն ու բելգիացիները, որքան էլ զարմանալի լինի, չեն անհանգստանում: «Օտարերկրյա ներդրումները Հայաստանում տարեկան հասնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Բայց դա էլ ինչ-որ երկրներից է դուրս գալիս, չէ՞, որ հասնում է Հայաստան: Եվ այդ երկրներում դա խուճապ չի առաջացնում»:

Առաջին հայացքից՝ Տ. Դավթյանի փաստարկները չափազանց համոզիչ ու հիմնավորված են։ Սակայն մի փոքր խորամուխ լինելու դեպքում, այդուհանդերձ, որոշ հակասություններ ի հայտ են գալիս։

Նախ՝ չնչին չափերի արտահոսքի մասին։ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի հաշվետվությունը 2010 թվականի համար։ Սակայն նախորդ տարիների ցուցանիշների ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր հետեւությունների տեղիք է տալիս։

Ինչպես երեւում է աղյուսակից, Հայաստանից դեպի դուրս հոսող օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրոք չնչին մեծություն են ունեցել. 2007թ. վերջի դրությամբ դրանց մեծությունը կազմել է ընդամենը 14.34 մլն ԱՄՆ դոլար։ Հաջորդ տարում՝ 2008 թվականի ընթացքում, հայկական կապիտալն արտերկրում ներդրել է 10.15 միլիոն։ Իսկ 2009-ի վերջին դրսում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 76.72 միլիոնի, քանի որ մեկ տարվա ընթացքում կատարվել է 52.23 միլիոնի ներդրում։ 2010 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն նման դինամիկայի դեպքում կարելի է եզրակացնել, որ Հայաստանից քիչ փող դուրս չի հոսել։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ սա զուտ պաշտոնական տեղեկատվություն է։ Իրականում հայկական կապիտալի արտահոսքի ծավալները կարող են ավելի մեծ լինել։

Անդրադառնանք նաեւ Տ. Դավթյանի այն մտքին, որ երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղանում է, ապա սովորաբար որոշակի ներդրումներ են արվում հարեւան երկրներում, նոր շուկաներ է փնտրում։ Դա, իհարկե, ճիշտ պնդում է։ Սակայն մեր դեպքում անհանգստություն պատճառում է ոչ թե այն, թե որքան եւ ուր է հոսում հայկական կապիտալը, այլ՝ թե ինչու է հոսում:

Եթե հայաստանյան բիզնեսմենը զգում է, որ իրոք ինքը զարգանալու տեղ ունի, եւ Հայաստանում իր բիզնեսը պահելով՝ ներդրումներ է անում հարեւան երկրում, դրանով կարելի է միայն ուրախանալ։ Սակայն, երբ հայաստանցին փակում է այստեղ իր գործը, իր ամբողջ կապիտալը եւ ընտանիքը տեղափոխելով մեկ այլ երկիր, դա արդեն չի կարող չանհանգստացնել։ Իսկ այն, որ վերջին տարիներին այդ երեւույթն ակտիվացել է, հատկապես միջին խավի, միջին ձեռնարկատերերի շրջանում, երեւում է անգամ «Wikileaks»-ի հրապարակած նյութերից։ Եթե այս ամենին էլ գումարենք այն խոսակցությունները, որ այս կամ այն խոշոր բիզնեսմենը պատրաստվում է հաստատվել դրսում, ապա իշխանությունների հանգստությունը լրիվ անհասկանալի է դառնում։

Նշենք, որ եթե մեր երկիր էլ ամեն տարի միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարվեին, ինչպես Հոլանդիայում կամ Բելգիայում, մենք էլ այդ երկրների քաղաքացիների պես հանգիստ կլինեինք։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք ներդրումներ բերելու լուրջ խնդիր ունենք։ «Օտարերկրյա ներդրումները Հայաստանում տարեկան հասնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Բայց դա էլ ինչ-որ երկրներից է դուրս գալիս, չէ՞, որ հասնում է Հայաստան: Եվ այդ երկրներում դա խուճապ չի առաջացնում»,- ասել էր Տիգրան Դավթյանը: Սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում։ Ինչպես երեւում է աղյուսակից, 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում ունեցել ենք միայն 2008 թվականին։ 2006 թվականի ընթացքում ունեցել ենք 495 միլիոն դոլարի ներդրում, 2007-ի ընթացքում՝ 711 միլիոնի, իսկ 2009-ի ընթացքում՝ ընդամենը 107 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Նման թվերի դեպքում սեփական գործարարների համար նորմալ պայմաններ չստեղծելը եւ անուղղակիորեն դրդելը կապիտալի արտահոսքին, մեղմ ասած, արդեն շռայլություն է։ Վտանգավոր շռայլություն։ Իսկ հայերը, ինչպես գիտեք, միշտ էլ աչքի են ընկել շռայլությամբ։