Պալատական կայֆեր

15/02/2011

«Նովայա գազետա» թերթը հրապարակել է Գելենջիկ քաղաքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պալատի շինարարության մասին մի փաստաթուղթ, որը ստորագրել է ՌԴ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը: Վերջինս ավելի վաղ հերքել էր տեղեկությունները, որ այդ կառույցը որեւէ կապ ունի ՌԴ վարչապետի հետ: Պուտինի պալատի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ գործարար Սերգեյ Կոլեսնիկովը բաց նամակ հղեց նախագահ Մեդվեդեւին: Նամակում գրել էր, թե Պուտինի անձնական օգտագործման համար հատկացվել է մի քանի տասնյակ հազար քմ հողամաս Սեւ ծովի ափին, որտեղ կառուցվում է հսկայական համալիր, որում նախատեսված է խաղատուն, ձմեռային թատրոն, ամառային ամֆիթատրոն, ջրավազաններ, մարզական համալիր, ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ եւ այլն: Շինարարությունն իրականացնում է Պուտինի ընկերներից մեկը` Նիկոլայ Շամալովը: Այդ համալիրի լուսանկարներն առաջին անգամ հրապարակվել են «Wikileaks»-ի ռուսական գործընկեր «Ռուսսկի ռեպորտեր» կայքում: