Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամ» թերթի համար
– Հայաստանի վերլուծական կենտրոններից մեկը նախորդ տարվա արդյունքներին նվիրված իր ամենամյա զեկույցում նշել է, որ 2010թ. ղարաբաղյան գործընթացը մտել է անորոշության, անկանխատեսելիության եւ վտանգների փուլ: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանը:
– Իսկապես, այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի վտանգավոր է, քան նախորդ տարիներին: Շատ դիտորդների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացն իրեն սպառել է: Անձամբ ես վստահ եմ, որ Մադրիդյան սկզբունքները հակամարտության լուծման գրեթե միակ հնարավոր, լավ փոխզիջումային տարբերակն են: Բայց քանի որ նախագահները դանդաղում են եւ չեն կարողանում համաձայնության գալ, տրամաբանական հարց է առաջանում` կարո՞ղ են արդյոք համանախագահներն առաջարկել որեւէ նոր բան:
– 2009թ. համեմատ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին 6 անգամ, նախորդ տարի կայացավ ընդամենը 3 հանդիպում երկու երկրների առաջնորդների մակարդակով: Այդ հանգամանքը վկայո՞ւմ է արդյոք բանակցային գործընթացի ակտիվության նվազման մասին:
– Այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարներն անցկացրել են ընդամենը երեք հանդիպում, վկայում է այն մասին, որ երկու նախագահների միջեւ նվազել է վստահության մակարդակը: Դա տեղի է ունեցել նաեւ հայ-թուրքական գործընթացի հետեւանքով, քանի որ նախագահ Սարգսյանն այդ գործընթացի վրա ծախսեց քաղաքական մեծ կապիտալ, եւ ոչ մի արդյունք չարձանագրվեց: Նախագահները գրեթե փակուղում են հայտնվել: Ես նրանց վիճակը բնութագրում եմ որպես «որոգայթ», որը հենց իրենք են լարել: Նրանք այնքան հաճախ են իրենց ժողովուրդներին հրապարակայնորեն խոստացել լիակատար հաղթանակ ղարաբաղյան խնդրում եւ այնքան հաճախ են ղարաբաղյան քարտն օգտագործել որպես գործիք իրենց սեփական լեգիտիմացման համար, որ հիմա, եթե նույնիսկ մի կողմը ցանկանա ստորագրել նորմալ, ողջամիտ համաձայնագիր մյուս կողմի հետ, դա արդեն գրեթե անհնարին կլինի ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով:
– Հաշվի առնելով, որ անցյալ տարի Սարգսյանի եւ Ալիեւի բոլոր երեք հանդիպումներն անցել են Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ, կարելի՞ է ասել, որ բանակցություններում Մոսկվան վերջնականապես հաստատվել է գլխավոր միջնորդի դերում, ընդ որում, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համաձայնությամբ:
– Կարելի է այդպես ասել: Դա ունի իր տրամաբանությունը: Ռուսաստանը միակ երկիրն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերություններից, որը Հարավային Կովկասի թե հարեւանն է, թե նրա ճակատագրով խորապես հետաքրքրված երկիրը: Կարծում եմ` նախագահ Մեդվեդեւը եւս հնարավորություն է տեսել շահելու հաջողակ խաղաղապահի դափնեպսակը: Սակայն նա թերագնահատել է խնդրի բարդությունը: Պետք է նշել, որ ռուսական կողմը շատ կոռեկտ է վարվել իր գործընկերների նկատմամբ: Ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները հրավիրվել են բոլոր երեք հանդիպումներին: Սակայն մենք տեսնում ենք արդյունքները. այդ հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն զիջի ոչ մի ճնշման դեպքում, նույնիսկ Մոսկվայի կողմից:
– 2010 թվականը նշանավորվեց շփման գծում բռնության աննախադեպ աճով եւ հրադադարի ռեժիմի խախտումների քանակով: Կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը հանգեցնել նոր զինված հակամարտության բռնկման:
– Կարելի է ասել, որ նախորդ տարի ռուսաստանյան դիվանագիտության ամենամեծ հաջողությունը եղել է կողմերի միջեւ ձեռք բերված Աստրախանի պայմանավորվածությունը` ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ: Աստրախանի հանդիպումից հետո շփման գծում բռնության ցուցանիշը նվազեց: Սակայն մտավախություն ունեմ, որ գարնանը մենք կարող ենք տեսնել բռնության նոր փուլ: Կարծում եմ, որ լայնածավալ պատերազմի ռիսկը, բարեբախտաբար, դեռեւս ցածր է: Սակայն միշտ գոյություն ունի ռիսկ, որ շփման գծում կարող է տեղի ունենալ մի ողբերգական միջադեպ, որի արդյունքում կզոհվեն շատ զինվորներ, եւ որը կհանգեցնի խաղաղ գործընթացի փաստացի տապալմանը:
– «Բաժանված հրադադարի գոտով եւ ականադաշտերի նեղ, երկար ժապավենով` հակամարտության կողմերը բնակվում են սեփական զուգահեռ աշխարհներում»,- գրում եք ձեր «Սեւ այգի» գրքի նախաբանում: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է կոտրել անվստահության եւ թշնամանքի այդ պատը, «ատելության մասին պատմությունները» երկու կողմերի միջեւ, եւ հնարավո՞ր է արդյոք դա առհասարակ:
– Դուք բարձրացրեցիք ամենակարեւոր հարցը: Քանի դեռ երկու հանրություններն ապրում են բացարձակ անջատ` միմյանց նկատմամբ ձեւավորելով թշնամու կերպարը, շատ բարդ է առաջընթաց պատկերացնել: Թեեւ իրականում եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ապրում են բազմաթիվ ողջամիտ մարդիկ, ովքեր գիտեն, որ իրականությունն ավելի բարդ է, որ անցյալում բազմաթիվ ոլորտներում հայերն ու ադրբեջանցիներն ունեցել են բացարձակ նորմալ հարաբերություններ եւ շատ ընդհանրություններ եւ այդպես են ապրում նաեւ այսօր` հակամարտության գոտուց դուրս, օրինակ, Վրաստանի տարածքում: Սակայն այդ ձայները շատ ցածր են, եւ երկու երկրների ղեկավարները շատ քիչ բան են անում, որպեսզի դրանք լսելի դառնան: Իշխանությունները ցանկանում են մենաշնորհ ունենալ խաղաղ գործընթացի նկատմամբ: Կարծում եմ, որ քանի դեռ նրանք չեն հրաժարվել այդ մենաշնորհից ու չեն սկսել բարձրաձայն խոսել այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները շատ ընդհանրություններ են ունեցել անցյալում, որ երկու կողմերը ագրեսիա են գործադրել միմյանց դեմ, որ առկա է համատեղ ապագա կառուցելու հնարավորություն, քիչ հավանական է, որ Ղարաբաղի հարցում խաղաղություն կլինի:
– Ձեր աշխատանքում նշում եք, որ Քի Ուեսթը ամենաիրական հնարավորությունն էր հակամարտության կարգավորման համար, ինչը իր վերջերս տված հարցազրույցում խոստովանել է նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն այդ ժամանակներից անցել է արդեն 10 տարի: Դուք ինչ-որ նախադրյալներ տեսնո՞ւմ եք «նոր Քի Ուեսթի» համար` թեկուզ միջնաժամկետ հեռանկարում:
– Ցավոք, ամերիկացի դիվանագետները վատ դաս են քաղել նրանից, ինչ տեղի ունեցավ Քի Ուեսթում. նրանք այդ հանդիպման վրա վատնեցին մեծ թվով միջոցներ եւ նույնիսկ ներգրավեցին նախագահ Բուշին, սակայն հանդիպումը որեւէ արդյունք չտվեց: Ես մտավախություններ ունեմ, որ մենք «նոր Քի Ուեսթ» կտեսնենք միայն՝ երբ իրավիճակը վատթարանա: Թեեւ, իհարկե, բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե նրանք առավել լուրջ վերաբերվեն խաղաղ կարգավորմանը հենց հիմա, քանի դեռ իրավիճակը քիչ թե շատ կայուն է:
– Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման մասին խոսվում է շատ եւ հաճախ, ինչպես նաեւ՝ համանախագահները մատնանշել են բանակցությունների «որոշակի փուլում» ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը: Դուք հավանակա՞ն եք համարում բանակցություններում ԼՂ ներգրավումը, եւ ո՞ր փուլում դա ավելի խելամիտ կլինի:
– Ղարաբաղի հայերի մասնակցությունը բանակցային գործընթացին անխուսափելի է: Ի վերջո, նրանք հակամարտության ուղղակի մասնակիցներն են, եւ խոսքը նրանց հայրենիքի մասին է: Ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, միակ հարցը` թե ո՞ր փուլում նրանց կընդունեն գործընթացում: Կարծում եմ` դա տեղի կունենա շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Անձամբ ես կողմ եմ, որպեսզի Ղարաբաղի հայերը մասնակցեն բանակցային գործընթացին, եւ միշտ խոսել եմ այդ մասին: Սակայն Ղարաբաղի հայերը նաեւ պետք է հասկանան, որ նրանց ներգրավումը ենթադրում է նաեւ մեծ պատասխանատվություն խաղաղ գործընթացի համար: Եթե Ղարաբաղի դիրքորոշումը լինի այն, որ «մենք անկախ ենք, եւ դուք Բաքվում դա պետք է ընդունեք անվերապահորեն», ապա զրույցն ադրբեջանցիների հետ կավարտվի հինգ րոպեում եւ ապարդյուն: Լավ կլինի, որ նրանք ներկայացնեն իրենց ըմբռնումը, թե ինչպես են տեսնում իրենց ապագան Ադրբեջանի հետ: Կարծում եմ` Ստեփանակերտը պետք է ունենա ավելի ճկուն դիրքորոշում Ղարաբաղի ադրբեջանցիների հարցում: Չէ՞ որ Ղարաբաղը նրանց համար եւս հայրենիք է: 1991թ. ԼՂ նոր խորհրդարանում հայերը խորհրդանշական կերպով դատարկ թողեցին ադրբեջանցի փոխխոսնակի աթոռը: Այդ մասին հիմա քչերն են հիշում: Սակայն դա ճիշտ քայլ էր, որը հարկավոր է կրկնել:
– «Լեռնային Ղարաբաղի «Սեւ այգին» կլանեց բազմաթիվ քաղաքական ռեժիմներ, նախագահներ ու միջնորդներ»,- եւս մեկ արտահայտություն ձեր գրքից: Ձեզ չի՞ թվում, որ երկու երկրների առաջնորդները պարզապես չեն կարող գնալ անհրաժեշտ զիջումների, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ այդ փորձերը նրանց համար հղի են տխուր հետեւանքներով, մասնավորապես, իշխանության կորստի վտանգով:
– Դա արդարացի նկատառում է: Առաջնորդներն իսկապես վախենում են «terra incognita»-ից` այն անհայտ իրավիճակից ու քաղաքական հետեւանքներից, որոնք կհետեւեն խաղաղ համաձայնագիր ստորագրելու նրանց որոշմանը, այդ պատճառով նրանք գերադասում են ներկայիս իրավիճակը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ միջնորդները պետք է շարունակեն ավելի շատ «բլիթ» եւ ավելի շատ «մտրակ» առաջարկել երկու կողմերին, որպեսզի նրանց համոզեն գնալ փոխադարձ զիջումների: