«Կ’անձրեւե, տղաս, աշունը թաց է»

15/02/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունից հետո ինչ-որ կարեւոր բան փոխվեց: Վտանգը, որ միշտ ինչ-որ տեղ հեռվում էր թվում եւ ավելի շուտ` վիրտուալ աշխարհից, այժմ խիստ մոտ զգացվեց: Եվ վտանգի այդ տեսակն ունի բարեկիրթ, ժպտացող, ակնոցն աչքերին մարդու դեմք: Հրապարակվեց նաեւ «Վիկիլիքսի» հերթական բացահայտումը. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ակնհայտորեն ակնարկում էր, որ Հայաստանում կանանց եւ երեխաներին մարմնավաճառության դրդելու գործում սոցիալական կարիքն ու իրավապահ համակարգի պաշտոնյաները գործում են ձեռք ձեռքի: Եվ, որ անգամ 11-12 տարեկան երեխաներին են պարտադրում մարմնավաճառությամբ զբաղվել:

Այս օրերին ինտերնետում պատահաբար մի հոդված տեսա` «Մանկապի՞ղծ էր արդյոք Լյուիս Քերոլը» վերնագրով: Հեղինակը` Ֆրենսին Պրոուզը, ուսումնասիրել է Քերոլի կյանքը: Չկա ոչ մի կասկած, որ Քերոլը սիրում էր մանկահասակ աղջիկներին: Հակառակ դեպքում` ինչո՞ւ էր նա հետապնդում եւ լուսանկարում նրանց ամենուր` գնացքում, խանութներում, լողափում: Ինչո՞ւ էր նա իր մոտ միշտ մանկական գլուխկոտրուկներ ունենում: Որպեսզի դրանցով գայթակղեր իր արատավոր կրքի զոհերի՞ն: Նա նամակներ էր գրում փոքրիկ աղջիկներին. «Մենք դեռ հիշում ենք միմյանց եւ իրար հանդեպ կապվածության թրթիռներ ենք զգում»: Ըստ հոդվածագրի` Սան Ֆրանցիսկոյի Ժամանակակից արվեստի թանգարանում վերջերս բացվել էր Լյուիս Քերոլի «Երազելով լուսանկարներում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ի դեպ, նա լուսանկարչության մոլի սիրահար էր եւ իրենից հետո թողել է փոքրիկ «միսս»-երի հարյուրավոր լուսանկարներ: Գրաքննադատներից մեկն անգամ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի մուսա է համարում փոքրիկ Ալիսա Լիդդելին: 1862 թ.-ին, ամռան տոթակեզ մի օր, Քերոլը հորինեց պատմությունը Ալիսայի մասին` աղջնակին զբաղեցնելու համար, իսկ հետո արդեն նրա խնդրանքով գրեց էքսպրոմտ, որը դարձավ համաշխարհային մանկական գրականության ամենասիրելի գործերից մեկը: Իսկ կարո՞ղ էր Մայքլ Ջեքսոնը, ում եւս մեղադրում էին երեխաների հանդեպ հակում ունենալու մեջ, գրել «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը: Դժվար թե: Հակառակ դեպքում կգրեր: Թեեւ չկա կոնկրետ ապացույց, ի վերջո, ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել Քերոլը` գրելով իր «Ալիսան հրաշքների աշխարհում» գործը, սակայն նման «հետազոտությունները» ծնողներին որոշակիորեն լարում են:

Եվ դասագրքային հայտնի տողը` «Լյուիս Քերոլը սիրում էր երեխաներին», արդեն այլ ինտերպրետացիա է ստանում:

Համաշխարհային գրականության, երաժշտության, արվեստի պատմությունը վկայում է` հանճարեղ արվեստագետների մեծ մասն ունեցել է լուրջ խնդիր, մոլություն` արվամոլություն, խաղամոլություն, հակում մանկահասակների հանդեպ եւ այլն: Որպես կանոն, նրանց կյանքն ավարտվել է կա՛մ հոգեբուժարանում, կա՛մ վեներական հիվանդություններից: Շատերն ինքնասպան են եղել: Սակայն կա անհասկանալի միտում` փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մարդը հանճարեղ էր, որովհետեւ համասեռամոլ էր: Կամ` հակառակը: Ի դեպ, հայ գրականության մեջ որպես տղաների (պատանիների) նկատմամբ ընդգծված հակում ունեցողներ՝ վերջերս հասարակական քննարկման դրվեցին Եղիշե Չարենցի եւ Վահան Թեքեյանի անունները:

Որտե՞ղ է այն սահմանը, որը բաժանում է իրական տաղանդը արատից: Թե ի՞նչ նպատակ ունի մեջտեղ հանել դասականների այդ լուրջ արատները, կարելի է հիմնավորել` որ մարդիկ կուռքեր չստեղծեն` սիրելի արվեստագետին վերագրելով աստվածային բոլոր արժանիքները: Սակայն իմանալով նրանց թուլությունները, ստեղծագործություններում սկսում ես փնտրել հատկապես այն տողերը, որոնք ակնարկում են սերը, ասենք, որեւէ պատանու հանդեպ: Երբ մի առիթով զրուցում էի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հետ, իր խոսքում նա նշեց Մոցարտի մի քանի արատներ, սակայն խնդրեց, որ հոդվածում դրանք չլինեն: Հիմնավորումը այնքան գրագետ հասկանալի էր` ով գիտի, սիրում է Մոցարտի երաժշտությունը, այդ ինֆորմացիան նրան չի խանգարի: Բայց եւ՝ հակառակը:

Մի քանի ամիս առաջ ինտերնետում տեսա մեր արդեն ոչ երիտասարդ, բայց շարունակաբար հայտնի լրագրողներից մեկի հոդվածը: Սիրո անզուգական գիտակը տգետ էր համարում նրանց, ովքեր դատապարտում են համասեռամոլությունը: Եթե չեմ սխալվում, անգամ ինչ-որ գիտական գրականությունից էր մեջբերումներ արել, թե այսինչը սեւով սպիտակին գրել է` համասեռամոլությունը ինտելեկտուալ վերնախավին բնորոշ զբաղմունք է կամ զվարճություն: Ապա սրտի արագացող տրոփյունով սկսել էր նկարագրել, թե ինչ է նշանակում զգալ զուգընկերների շնչառությունը, թե ինչպիսի կատարյալ ուրվապատկեր է ստացվում միմյանց ձուլված մարմիններից: Լիրիկական մյուս զեղումները մանրամասն չեմ հիշում: Հիշում եմ քամահրանքը, որով խոսում էր ավանդապաշտ մարդկանց մասին: Վերջիններս ազատ ժամանակ Կամասուտրան թերթելու փոխարեն՝ չգիտես ինչ դատարկ բաներով են զբաղվում, դեռ ամբողջ օրն աշխատելուց հետո էլ հոգնած գալիս են տուն, քնում են, ու այդպես էլ անհաղորդ են մնում սիրո նրբին հաճույքներին, համասեռամոլության անսահմանափակ հնարավորություններին: Իբր` այս մարդկանց կյանքը զուր հոսող ժամանակ է:

Բոլոր հիմար մտքերը ծնվում են անգործությունից: Իսկ եթե մարդն անգործ է, բայց միաժամանակ՝ նաեւ ինտելեկտուալ, ֆունդամենտալ ֆիքսվում է մարմնի ընձեռած միայն որոշ հնարավորությունների վրա: Օրվա ընթացքում ընտանիքի, երեխաների, ծնողների, աշխատանքի վրա բաշխված օրն անառողջ մտքերի համար ժամանակ գրեթե կամ ընդհանրապես չի թողնում: Կարելի է մխիթարվել, որ մանկապիղծներն ու համասեռամոլները ապահով կյանքով ապրող մարդիկ են, նորանոր զգացողություններ փնտրող ռոմանտիկներ` բարձր ամբոխից, պլեբեյներից: Սակայն մեծ էսթետի բարձրությունից կարող ես տխեղծ դատողություններ անել ֆիզիկական հպումների տեսակների մասին, քանի դեռ ախթալացի երեխաների կամ նրանց ծնողների դերում չես:

Հ.Գ. Վերնագիրը Վահան Թեքեյանի բանաստեղծության այն տողերից է, որի արանքում ցանկացողները կարող են հայտնաբերել նրա հակումը տղաների հանդեպ… եւ այդ հայտնագործությունից հրճվել: